Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԻԶՆԵՍԻ ՆՈՐ ՃՅՈՒՂ

Սեպտեմբեր 07,2001 00:00

ԲԻԶՆԵՍԻ ՆՈՐ ՃՅՈՒՂ Առողջապահության ոլորտի աշխատողները շարունակում են իրենց անվարձահատույց աշխատանքը։ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պետական առողջապահական գործակալության տնօրեն Արա Տեր-Գրիգորյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչու առողջապահության ոլորտի աշխատակիցները աշխատավարձ չեն ստացել։ Փորձեցինք պարզաբանումներ ստանալ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարից (հայտնեցին, որ միայն նա է իրավասու պատասխանել), սակայն վերջինս անընդհատ կամ զբաղված էր, կամ տեղում չէր։ Իսկ առողջապահության ոլորտի որոշ աշխատողներ գտել են իրենց առօրյա հացի համար փող վաստակելու միջոցը։ Օրեր առաջ խմբագրություն այցելեց մի երիտասարդ եւ պատմեց, որ ինքը հանրապետական հիվանդանոցի «փող պոկոցի» ականատեսն է եղել։ Միջին տարիքի մի կին, ներկայանալով որպես տվյալ հիվանդանոցի ընդունարանի աշխատակից, երիտասարդից փող եւ սննդամթերք է վերցրել, ասելով. «Ես Անուշն եմ, ես քո հիվանդին նայում եմ, հո ձրի չե՞մ անում»։ Հետո այդ կինը երթուղային տաքսի է նստել եւ այնտեղ մի ծեր կնոջից 500 դրամ է վերցրել, ասելով, թե «որ քո տղան ժավել էր խմել ու ծանր վիճակում հիվանդանոցում պառկած էր, ես էի տիրություն անում, ինձ դրա համար պետք է վարձատրես»։ Ականատես երիտասարդը այդ կնոջը սպառնացել է, որ թերթերի միջոցով խայտառակ կանի նրան, սակայն կինը պատասխանել է. «Բա ընտանիքս ո՞նց պահեմ, պետությունը մեր մի երկու կոպեկը ամիսներով չի տալիս»։ Պարզեցինք, որ հանրապետական հիվանդանոցի ընդունարանում իրոք կա Անուշ անունով աշխատող, սակայն նրա հետ զրուցել չհաջողվեց։ Թեեւ տարօրինակ է այս աշխատաձեւը, սակայն ինչ-որ տեղ բացատրելի է։ Բայց ի՞նչ անի հիվանդատերը, երբ ինքն էլ ընտանիք ունի եւ նույնպես մի քանի ամիս աշխատավարձ չի ստացել։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել