ԵՐԿՈՒ «ԱՐԾԱԹ» ԿԱԼՄԱՐՈՒՄ Նոր մեդալներ նույնպես կլինեն Շվեդիայի Կալմար քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Այստեղ, ինչպես վերջին շրջանում, հաջող մրցելույթներ են ունենում մեր հանրապետության հավաքականի անդամները։ Հայաստանի թիմից առաջինը մրցահարթակ մտավ 56 կգ քաշային Մակար Թամրազյանը, որն արդեն բավականաչափ ճանաչում ձեռք բերած մարզիկ է աշխարհի այս տարիքային խմբում։ Պոկում վարժությունում հայ ծանրորդը ցույց տվեց 102,5 կգ արդյունք ու արժանացավ փոքր բրոնզե մեդալի։ Իսկ հաղթող ճանաչվեց բուլղարացի Յասեն Ստոյանովը (110,0 կգ)։ Երկրորդ վարժությունում՝ հրումում, նույնպես բուլղար մարզիկը չունեցավ հավասարը՝ սանձելով 140,0 կգ կշռող ծանրաձողը։ Մակարը նրան զիջեց 10 կիլոգրամով (130,0) եւ երկամարտի 232,5 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի երիտասարդների արծաթե մեդալակիր։ Ստոյանովը 250,0 կգ-ով առաջինն էր, իսկ մրցանակային եռյակը եզրափակեց Օզ Օմերը (Թուրքիա, 230,0 կգ)։ Ճիշտ նույն սցենարով ընթացավ նաեւ 62 կգ քաշայինների պայքարը, որտեղ, սակայն, Հայաստանն ուներ երկու պատվիրակ՝ Արթուր Դանիելյանը եւ Արտյոմ Մկրտչյանը։ Արթուրը պոկումում 122,5 կգ-ով երրորդն էր։ Նրա այս արդյունքը հինգ կիլոգրամով պակաս էր, համապատասխանաբար 1-ին եւ 2-րդ ճանաչված Վ. Լուկանինի (Ռուսաստան) եւ Ս. Բրուկահավետցկու (Բելառուս) ցույց տված արդյունքից՝ 127,5-ական կիլոգրամ։ Երկրորդ վարժությունում հայ ծանրորդը 157,5 կգ-ով երկրորդն էր։ Նրանից 2,5 կգ ավելի բարձրացրեց նույն Լուկանինը, որն էլ երկամարտում նվաճեց չեմպիոնի կոչումը (287,5 կգ)։ «Արծաթը» բաժին հասավ Արթուր Դանիելյանին (280,0), երրորդը բելառուսցին էր (277,5)։ Մեր երկրորդ ծանրորդը՝ Արտյոմ Մկրտչյանը 272,5 կգ-ով (122,5+150,0) ի վերջո հանգրվանեց չորրորդ հորիզոնականում։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ