Լրահոս
Օրվա լրահոսը

Կամ

Սեպտեմբեր 07,2001 00:00

ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ «ՌՈՒՍԿԻ ՍԻLՈՒԵՏ» ՈՃՈՎ Կամ բարձրաշխարհիկ կյանքի վայելքները Բարձրաշխարհիկ կյանքի մասին մեր հեքիաթը որոշեց իրականություն դարձնել «Ռուսկի սիլուետը»: Սեպտեմբերի 5-ին գեղատեսիլ Ծաղկաձորի գողտրիկ անկյուններից մեկում` Հայռուսգազարդի նորակառույց, գերժամանակակից եւ հարմարավետ հանգստյան տանը կազմակերպեց երիտասարդ դիզայներների երրորդ միջազգային մրցույթի հայաստանյան փուլը: Նշենք, որ Հայաստանին առաջին անգամ էր հնարավորություն տրվել մասնակցել այս հեղինակավոր մրցույթին, որն այս տարի կրում էր «Նոր Ռուսիա. Վերածննդի ժամանակաշրջան» խորագիրը: Միանգամից ասենք, որ մրցույթի նպատակը` հայ դիզայներ-մոդելագործներին հնարավորություն տալ նախ միմյանց հետ մրցելու, ապա՝ ինտեգրվելու միջազգային շուկային, չափազանց գնահատելի է: Ժամը 18։30-ին լրագրողների խումբը ուղեւորվեց դեպի Ծաղկաձոր: Ժամը 19։40-ին սկսվեց մամուլի ասուլիսը» որի ժամանակ «Ռուսկի սիլուետ» հիմնադրամի նախագահ Տատյանա Միխալկովան տեղեկություններ հայտնեց իր գլխավորած հիմնադրամի առաքելության եւ այս մրցույթի ընձեռած հնարավորությունների մասին: Հայ դիզայներների մասին իր կարծիքը պահեց` մրցույթն ավարտվելուց հետո արտահայտելու համար, փոխարենը հիացական խոսքեր շռայլեց հանգստյան տան փառահեղ պայմանների մասին: Փոքրիկ «ապերետիվից» հետո, ժամը 21։20-ին հանգստյան տան բացօթյա դահլիճում սկսվեց հայ դիզայներների հավաքածուների ցուցադրությունը։ Մասնակից 30-ից ավել դիզայներները ներկայացրին ամենատարբեր ոճի ու ձեւի հավաքածուներ` իսկապես լավ տպավորություն թողնելով հանդիսատեսի վրա: Բայց «բարձրաշխարհիկ կյանք» եւ «արվեստը զոհեր է պահանջում» արտահայտությունները ուղղակիորեն էին հասկացել միջոցառման կազմակերպիչները` ցուցադրությունը կազմակերպելով բարձր լեռնային գոտում, գիշերային ցուրտ եղանակին: Երեք ժամից ավել տեւած ցուցադրության ավարտին բաց դահլիճում հաշված «մորժեր» էին մնացել` նույնիսկ հյուսիսցի` ՌԴ դեսպան Անատոլի Դրյուկովը չդիմացավ ցրտին, իսկ ժյուրիին ժամանակ առ ժամանակ տաք թեյ ու տաք հագուստ էին մատուցում: Չէ՛, ինչ ուզում եք՝ ասեք, մեր նման ասիացուն «անհասկանալի» են բարձրաշխարհիկ կյանքի վայելքները, երբ արդեն բոլորը այնքան էին սառել, որ չէին զգում անգամ սեփական մարմինը` մրցույթն ամփոփած ժյուրիի անունից Տատյանա Միխալկովան իր հիացմունքն արտահայտեց չքնաղ բնության եւ հանգստյան տան չափազանց հարմարավետ պայմանների, նաեւ՝ դիզայներների լավագույն հավաքածուների վերաբերյալ: Գիշերվա ժամը 3-ի կողմերը, երբ մեզ միամտորեն թվում էր, թե սպառվել են բոլոր «վայելքները»` պարզվեց, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Բնությունն ու հանգստյան տունը հավանած մեր ռուս բարեկամները` նաեւ որոշ ներկայացուցիչներ տեղական էլիտայից մնացին Ծաղկաձորում, իսկ լրագրողներին եւ մրցույթի մասնակիցներին, այսինքն՝ հենց այն մարդկանց, ովքեր ողջ գիշեր աշխատել էին` առանց աշխատանքային նորմալ պայմանների, «լցրին» ավտոբուսները եւ ուղարկեցին Երեւան: Միջոցառման հիմնական համակարգող Օլգան, որն, ի դեպ, ասում են՝ իմիջմեյքեր է, շատ պրոֆեսիոնալ էր վարվել՝ ողջ միջոցառումը եւ հատկապես Երեւան վերադարձը կազմակերպելիս: Իհարկե, մեզ համար անհասկանալի պետք է լիներ, թե ինչու հնարավոր չէր Ծաղկաձորից դեպի Երեւան ճանապարհվող 4 թե 5 ավտոբուսները ուղղորդել մայրաքաղաքի 4 թե 5 ուղղություններով, եւ անհրաժեշտ էր մոտ 20 ժամ աշխատած երեւանաբնակներիս քաղաքի մի ծայրից մյուսը տանել-բերել: Որպեսզի մեր ընթերցողներին առարկայական լինի բարձրաշխարհիկ գիշերային մեր «վայելքները»` ասեմ. գիշերվա ժամը 4-ի կողմերը Երեւան հասած ավտոբուսը առաջին կանգառը կատարեց Ավան-Առինջ թաղամասում, ապա՝ Ավանում, հետո՝ Նորքի 7-րդ զանգվածում, այդտեղից ուղեւորվեց Զեյթուն, Կոմիտաս, նորակառույց կամրջով՝ Դավիթաշեն, Հարավ-Արեւմտյան թաղամաս, դրանից հետո՝ մի մեծ շրջան գործեց կենտրոնով, ապա՝ դեպի Էրեբունի, 3-րդ մաս կոչվող թաղամաս, արդեն լուսադեմ էր, երբ բազմաչարչար ավտոբուսը իր վերջին կանգառը կատարեց Չարբախում` իրենց «հաճելի» հուշերի հետ թողնելով արդեն «բարձրաշխարհիկ» դարձած իր ուղեւորներին: ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ Հ.Գ. Միշտ էլ հայերս առանձնացել ենք մեր հյուրերին, մեղմ ասած, գլխներիս վրա ընդունելու կարողությամբ: Միայն Տատյանա Միխալկովային հաճույք պատճառելու համար հաստատ կարիք չկար մասնակիցներին, լրագրողներին եւ ընդհանրապես ՀՀ քաղաքացիներին քարշ տալ Ծաղկաձոր` ցուցադրությունը հաջողությամբ կարելի էր եւ Երեւանում կազմակերպել: Իսկ եթե որոշել էին այնտեղ անցկացնել` ես չէ, որ պետք է բացատրեմ իմիջմեյքեր Օլգային, որ բոլորի համար է անհրաժեշտ հավասար պայմաններ ապահովել: Ու թող ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Աշոտ Շահնազարյանը չհամոզի, թե ֆինանսական միջոցները բավարար չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել