Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ

Սեպտեմբեր 07,2001 00:00

Նախարարները ժպտում են, «ԱրմենՏելը»՝ գործում Երեկ կառավարության շենքի դիմաց հերթական հանրահավաքն էր կազմակերպվել, որը, բնականաբար, ուղղված էր «ԱրմենՏելի» դեմ։ Այս անգամ բողոքի ակցիայի կազմակերպիչներն էին ուսանողները։ Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողները «իրենց ձայնը տեղ հասցնելու համար» երկու օր՝ ամսի 6-7-ին, համաուսանողական դասադուլ են հայտարարել։ «Եթե կառավարությունը եւս անզոր լինի «ԱրմենՏելին» սթափեցնելու համար, ուրեմն մենք կպահանջենք նաեւ կառավարության հրաժարականը»,- ասաց «Երիտասարդ հանրապետություն» կուսակցության նախագահ եւ «ԱրմենՏելի» դեմ պայքարի երիտասարդական օպերատիվ շտաբի ղեկավար Վահան Բաբայանը։ Ըստ նրա, նախորդ օրվա իրադարձություններից կարելի է դատել, որ մեր կառավարությունը վճռական է տրամադրված, սակայն «մենք պահանջում ենք տեր կանգնել հնչեցված խոսքերին եւ հարցին հստակ լուծում տալ»։ «ԱրմենՏելի» մենաշնորհային իրավունքի դեմ պայքարող շուրջ երկու ամիս առաջ կազմավորված երիտասարդական հանձնախումբը պահանջում էր 1. վերացնել րոպեավճարը, 2. զրկել «ԱրմենՏելին» մենաշնորհից, 3. բոլոր տարբերակներով պայքարել, որ «ԱրմենՏելը» րոպեավճար չկիրառի։ Բարձրախոսով բուհերի ներկայացուցիչները հերթով նույն ճառերը տարբեր ձեւակերպումներով մատուցեցին ուսանողությանը, որից հետո հրավիրվեցին ներս, քանզի կառավարության աշխատակազմի ղեկավար Անդրանիկ Հակոբյանը որոշել էր ընդունել նրանց։ Ծափահարությունների եւ «Հեռացիր, «ԱրմենՏել», «Ո՛չ րոպեավճարին» կոչերի ներքո ուսանողության պատվիրակները մտան կառավարության շենք։ Քանի որ երեկ նաեւ կառավարության նիստ կար, ոստիկանները ուսանողներին խնդրեցին՝ «եթե չեք ուզում հեռանալ, գոնե «միջանցք» բացեք, որ նախարարներն անցնեն»։ «Միջանցքը» բացելուց հետո ուսանողական հանրահավաքը ավելի շատ սկսեց հիշեցնել Կաննի կինոփառատոնը։ Հենց բացված միջանցքով անցնում էր որեւէ նախարար, բոլորը սկսում էին բղավել «Հեռացիր, «ԱրմենՏել», իսկ նախարարները հանգիստ անցնում էին, ժպտում, ձեռքով ողջունում հավաքվածներին, կարծես թե իրենք հոլիվուդյան կինոաստղեր էին, իսկ հավաքված բազմությունը՝ նրանց երկրպագուները։ Մինչ ուսանողները կդիմավորեին մեր նախարարներին եւ կփորձեին գուշակել, թե «էս ով էր է՞, էս նախարարը, դեմքը ծանոթ է, բայց անունը չեմ հիշում», ուսանողության պատվիրակները դուրս եկան կառավարության շենքից։ Վերջիններս ներկաներին պատմեցին, որ հանգամանալից զրույց են ունեցել Անդրանիկ Հակոբյանի հետ, որը ասել է. «Կառավարությունը հստակ հայտարարել է, որ դեմ է «ԱրմենՏելի» կողմից րոպեավճարի կիրառմանը եւ պայքարելու է մինչեւ վերջ»։ Բացի այդ, կառավարությունը կոչ է անում ժողովրդին, որ «եթե հոկտեմբերի 1-ին «ԱրմենՏելը» կներկայացնի րոպեավճարի գումարների գանձման կտրոն, որեւէ մեկը չվճարի, որովհետեւ Հայաստանում րոպեավճար չկա եւ չի էլ լինելու»։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Անդրանիկ Հակոբյանը լրագրողների հետ ունեցած զրույցում նշեց, որ «երիտասարդները իրենք իրենց համար հորինել են, թե կառավարությունը հնարավոր է, որ հետեւողական չգտնվի։ Մեր դիրքորոշումները շատ հստակ են։ Պարզապես երկու սեփականատիրոջ միջեւ ծագել են հակասություններ եւ դրանց լուծումը անհրաժեշտության դեպքում կտեղափոխվի իրավական հարթություն»։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել