Լրահոս
Օրվա լրահոսը

Այս

Սեպտեմբեր 07,2001 00:00

ՀԵՐԹԱԿԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԱԾՆԵՐԸ Այս տարվա հուլիսի 27-ին պաշտպանության նախարարության զորամասերից մեկում (հասկանալի պատճառներով զորամասի թիվը չենք հրապարակում) կրտսեր սերժանտ Մկրտիչ Պողոսյանը զորամասի 3-րդ մասնաշենքի տանիքում կախվելով՝ ինքնասպան է եղել։ Ինքնասպանության պատճառների մեջ նշվել են մի քանիսը. ա) 2 օր առաջ լվացարանի եւ զուգարանի մաքրության կապակցությամբ վիճել է շարքային Սուրեն Հովնիկյանի հետ, բ) համածառայողների հետ նրա ծառայողական փոխհարաբերությունները, գ) բարոյական ճնշվածությունը եւ հոգեբանական ընկճված վիճակը, դ) վերադասի կամայականությունները։ Վերլուծենք առաջին պատճառը։ Սուրեն Հովնիկյանը, որի նկատմամբ խափանման միջոցը՝ կալանքը ընտրվեց այս օգոստոսի 10-ից, միջնակարգ կրթություն ունի, չի դատվել, զորակոչվել է բանակ այս տարվա հունիսի 11-ից։ Հուլիսի 18-ին արաջին անգամ մտել է զորանոց, քանի որ մինչ այդ գտնվել է կարանտինի մեջ եւ զինվորական երդումն էլ չէր տվել։ Մ. Պողոսյանին նա ճանաչել է (կամ՝ նրա հետ առնչվել է) հուլիսի 24-25-ին։ Առնչվել է, քանի որ Մկրտիչն այդ օրվա հերթապահն էր, Սուրենը՝ օրապահը։ Այսինքն, ծանոթություն-ճանաչումից մինչեւ Մկրտիչի ինքնասպան լինելը բաժանում է 2 օր։ Սուրեն Հովնիկյանը չի էլ թաքցրել, որ վիճաբանություն է եղել իր եւ սերժանտի միջեւ։ «Հուլիսի 25-ին, աշխատանքի ընթացքում խնդրեցի սերժանտին դուրս գամ զոհված զինվոր Արթուրի («Ցուլ» մականունով) հիշատակին կառուցված ծաղկանոցը ջրելու, թարմանալու։ Ասացի՝ կգամ, կշարունակեմ գործս։ Սերժանտն ասաց. «Ցուլն ի՞նչ արժանիքներ է ունեցել, որ նրա հիշատակին հուշաքար ու ծաղկանոց է կառուցվել»,- ու ինձ հրեց, ասելով՝ գործիդ կաց»։ Զինվորը վիրավորվում է զոհվածի հիշատակի դեմ սերժանտի այդօրինակ պահվածքից, քաշքշում են միմյանց. «Իմ եւ սերժանտի միջեւ վեճն ու քաշքշուկը առաջացել է ոչ թե ծառայության հետ կապված, այլ Ցուլի արժանիքների վերաբերյալ խոսակցությունից»։ Վեճի ընթացքում հայհոյանք չի լինում, ավելին՝ նրանք գործն ավարտում են, հաց ուտում, սուրճ խմում, Սուրենը նույնիսկ կոնֆետ է հյուրասիրում սերժանտին։ Հետեւաբար, դա պատճառ չէր կարող դառնալ, որ սերժանտը դիմեր ինքնասպանության։ Այդ վեճում եթե հոգեկան ինչ-ինչ ապրումներ ունեցող է եղել, Սուրենն է եղել, որը զոհվածի-հանգուցյալի հիշատակի դեմ հնչածի համար է ընդվզել։ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, երբ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանք էր ընտրում իր 14.08.2001թ. դռնփակ նիստում, «պարզել» էր, որ Գուգարքի կայազորի զինդատախազության միջնորդությունը հիմնավորված է, «նկատի ունենալով» էլ «Հովնիկյանի կատարած արարքի ծանրության աստիճանը», ընտրել էր կալանք։ Այսինքն, 14-ին կալանքի որոշում է տալիս, երբ Սուրենը 4 օր առաջ Վանաձորի թիվ 3 մեկուսարանի կալանավոր էր արդեն։ Ի դեպ, ԶԴ ավագ քննիչ Վ. Սմբատյանը Սուրենին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ նշել էր, որ գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որը հնարավոր է դարձրել Ս. Հովնիկյանին մեղադրանք առաջադրել 250 հոդվածի «Բ» կետով։ Ավելին, ըստ քննիչի, Սուրենը հայհոյել, նվաստացրել է Մկրտիչին՝ նրա արժանապատվությունն ու ինքնասիրությունը։ Մկրտիչը սերժանտ էր. ծառայում էր բանակում 10 ամսից ավելի, եւ հոգեբանական առումով առավելություն ուներ նորեկի՝ Սուրենի նկատմամբ, որը դեռ չէր համակերպվել զորամասի ներքին կարգուկանոնի հետ, չգիտեր, թե իրեն ի՞նչ էր սպասում ավագի հետ փոխհարաբերվելիս։ Նորեկը ընդվզող չի էլ եղել. լինելու դեպքում, դուք շատ լավ գիտեք, որ ինքնակամ զուգարան չէր մաքրի։ Քաշքշուկից հետո էլ չէր հաշտվի սերժանտի հետ (ավելին, սերժանտի խնդրանքով ցուլ չէր նկարի՝ անտառի տեսարանով, հուլիսի 26-ին)։ Ըստ որոշ աղբյուրների, սերժանտը դժգոհ է եղել վերադասից, մասնավորապես, կապիտան Մխոյանից, որը ձերբակալվել է օրեր առաջ, հրաժարվել է սերժանտական ծառայությունից։ «Ես հանցագործություն չեմ կատարել եւ առաջադրված մեղադրանքում ինձ մեղավոր չեմ ճանաչում»,- գրել է իր դիմումներից մեկում Սուրեն Հովնիկյանը։ Ի դեպ, օգոստոսի 10-ին կալանված զինվորը պաշտպան է ունեցել օգոստոսի 17-ից։ Այսինքն, 7 օր նրա պաշտպան ունենալու իրավունքն է անարգվել։ Նրա պաշտպանն է փաստաբան Բենիկ Մինասյանը (հայտնի է նրանով, որ լրագրող Վահրամ Աղաջանյանի պաշտպանն էր)։ Վերջինս վերաքննիչ բողոքով դիմել է ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան՝ Սուրենի նկատմամբ կալանքը փոխելու, նրան զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելու համար։ Բողոքում խոսվում է քննիչ Սմբատյանի կողմից զինվորներին ահաբեկելու միջոցով ցուցմունք կորզելու մասին (օրինակ, զինվոր Ս. Համբարձումյանի ասվածը «թաքուն տեսախցիկով» արված պատմվել է զորամաս գնացած Պարույր Հայրիկյանին)։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից էլ, որը տրվել էր պաշտպանին եւ նրա պաշտպանյալին, տեղեկացել են, որ մարմնական վնասվածքներ դիակի վրա չեն եղել, բացի աջ կոպի վրայի ծխախոտի կրակով այրվածքը։ Փորձաքննության եզրակացության մեջ չի նշված դրա առաջացման վաղեմության մասին։ «Իմ պաշտպանյալի եւ Մ. Պողոսյանի միջեւ վայրկյանների տեւողության քաշքշուկը չէր կարող առաջացնել բարոյական ճնշվածություն եւ հոգեբանական ընկճվածություն։ Որեւէ վրեժխնդրություն չի արտահայտվել Սուրենի նկատմամբ ընկերների հետ շփվելիս։ Եթե այդ աստիճան Մկրտիչը վիրավորված լիներ՝ նա իրավունք ուներ եւ կարող էր Սուրենին պատժի ենթարկել կամ Սուրենի վարքագծի մասին զեկուցագիր գրել հրամանատարությանը»,- պատճառաբանում է փաստաբան Բ. Մինասյանը։ Որքան հայտնի է մեզ, դեպքի տեղազննության արձանագրությունը չի տրամադրվել փաստաբանին, հայտնի չէ նաեւ, թե որքան ժամանակ է հանգուցյալի դին մնացել տանիքում, ի՞նչ դիրքով է այն եղել, ինքնասպանություն կատարելու դրդապատճառի մասին եղե՞լ է գրավոր որեւէ երկտող։ Ինքնասպանության դիմելու թիվ մեկ «պայմանը» պարբերաբար դառնող բռնություններն են, կորուստներն ու հալածանքները։ Մկրտիչի պարագայում, բացի կոպի վրայի այրվածքից ուրիշ ի՞նչ այրվածքներ են եղել հոգում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել