Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի բնակիչ Ջուլիետա Սերգոյանի անտուն կյանքը սկսվել է 1993թ., երբ նա վաճառել է իր բնակարանը՝ երկո

Սեպտեմբեր 07,2001 00:00

Անտուն, անգրանցում, անսենտիմենտ Երեւանի բնակիչ Ջուլիետա Սերգոյանի անտուն կյանքը սկսվել է 1993թ., երբ նա վաճառել է իր բնակարանը՝ երկու ուրիշ բնակարան գնելու նպատակով։ Ինչպես ասում են՝ գումարը ձեռքին էր, երբ ՀՀ-ում ներմուծվեց նոր տարադրամ՝ դրամը, եւ այդ գումարը դարձավ թղթի թափոն։ Արդյունքում՝ Ջ.Սերգոյանը, նրա երկու դուստրերը եւ նրանց երեխաները մնացին առանց տանիքի։ «Այդ ամբողջ պատմությունից ինձ օգուտ մնաց ծանր սթրեսը»,- պատմում է Ջ.Սերգոյանը։ Այդ տարիներին նրանք ոչ միայն տանիք չեն ունեցել, այլեւ՝ գրանցում։ Մի քանի ամիս առաջ քաղաքապետարան, ներքին գործեր բազմաթիվ դիմումներից հետո Ջ.Սերգոյանին եւ նրա ընտանիքին գրանցել են «Արաբկիր» հյուրանոցում։ Համենայնդեպս, Ջ.Սերգոյանի անձնագրում «Փաստացի բնակվում է ք. Երեւան, Գրիբոյեդովի 1նրբ., 11բն. 114 -115» բովանդակությամբ կնիք է դրված։ Մի երկու ամիս քիչ թե շատ հանգիստ ապրելուց հետո, հյուրանոցի նոր տնօրենը ընտանիքից պահանջում է ազատել սենյակները։ Պարզվեց, որ հյուրանոցը տնօրինում է «MAS-Express» ֆիրման, որի գործադիր տնօրեն Գագիկ Սուրխուդյանն էլ հենց Ջ.Սերգոյանի հիշատակած «հյուրանոցի նոր տնօրենն» է։ Վերջինս հայտնեց, որ ինքը Ջ.Սերգոյանին, իրոք, ներկայացրել է հյուրանոցից դուրս գալու պահանջ, իսկ մանրամասների համար խորհուրդ տվեց զրուցել իրենց իրավաբանի հետ։ Ֆիրմայի իրավախորհրդատու Էդիկ Ալեքսանյանն ասաց, որ Ջ.Սերգոյանը Երեւանի բնակիչ է. «Տունը վաճառել են, ապրում են այստեղ»։ Հետո տարակուսանք հայտնեց, թե ինչու պետք է հյուրանոցում տեղավորեն մարդկանց, որոնց գործերը լավ չեն եղել։ Բայց չէ՞ որ այդ մարդկանց գրանցել են։ «Գրանցելու համար հիմք չի եղել, ոչ փախստականի կարգավիճակ ունեն, ոչ աղետի գոտուց են»,- ասաց պրն Ալեքսանյանը։ Որպես խնդրի հնարավոր լուծում՝ պրն Ալեքսանյանը տեսնում է հարցը դատական կարգով պարզելը. «Մենք կտանք դատարան։ Դատարանը թող որոշի. հիմք կա՞, թե՞ ոչ»։ Ճիշտ է, վերջինս հավաստիացնում է. «Ես էդ մարդկանց թշնամին չեմ, բայց իրենք այստեղ ապրելու հիմք չունեն»։ Նա պնդում է նաեւ, որ ընտանիքից բազմիցս պահանջել է ներկայացնել այդ հիմքերը։ Իհարկե, կարելի է նայել նրանց փաստաթղթերն ու դուրս հանել ցանկացած հանրակացարան- հյուրանոցից։ Իսկապես, ինչո՞ւ պիտի պետությունը կամ որեւէ մասնավոր հիմնարկ հոգ տանի «անհաջողակ» գործարք իրականացրած ինչ-որ անհեռատես քաղաքացու մասին։ Սակայն սա, կարծես, այնքան էլ հաջող-անհաջող գործարքի խնդիր չէ. պետությունն առանց սոցիալական ռիսկը հաշվի առնելու, այն մեղմելու մեխանիզմների մասին անգամ չմտածելով՝ ամռանը եկած ձյան պես իր քաղաքացիների վզին փաթաթեց իր նոր տարադրամը։ Բազմաթիվ ավանդատուներ մինչեւ հիմա իրենց փոշիացած գումարների կռիվն են տալիս։ Իսկ այս մարդիկ գլխի վրայի ծածկը, ավելին՝ փաստացի բնակվելու մասին նշում ունենալու իրավունքն են կորցրել։ Ճիշտ է, հիմա սենտիմենտալ խոսքեր չեն ասում, բայց ո՞նց ապրես աշխարհում առանց էդ անտեր սենտիմենտի։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել