ՔԱՆԴԵ՛Ք ՏՈՒՆԸ՝ ԳԵՐԱՆ Է ՊԵՏՔ Քաղաքապետարանից խիստ զգուշացրել էին տրամվայի ձեռնարկության աշխատակիցներին, որ «հանկարծ ինֆորմացիա չտան լրատվամիջոցներին»։ Երեւանի քաղաքապետարանը մշակել եւ կառավարությանն է ներկայացրել փաստաթղթերի փաթեթ, որով, մասնավորապես, առաջարկվում է Երեւանում դադարեցնել տրամվայի գործունեությունը, որպես վնասով աշխատող (ենթադրում ենք, որ այս որոշումը ընդունելուց հետո կամաց-կամաց հող կնախապատրաստվի նաեւ տրոլեյբուսի վերաբերյալ)։ Վերլուծելով վերջին տարիներին կառավարության վարած քաղաքականությունը տրամվայի ՊՓԲԸ-ի նկատմամբ, կարելի է գալ միայն մի եզրակացության՝ միտումնավոր քայքայել, այն դարձնելով ավելի ու ավելի վնասաբեր։ Նախ, տրամվայի սնուցման համար բարձր հաճախականությամբ հոսանքը տրվում է մեկ կվտ-ն ոչ թե ընդունված 16, այլ՝ 23 դրամով։ Տարիներով չեն վճարվել մոտ 53 հազար մարդու անվճար ուղեւորափոխադրման դիմաց փոխհատուցման գումարները։ Ի դեպ, այս տարի էլ մեր ԱԺ պատգամավորները առհասարակ «մոռացել» էին պետբյուջեով գումար հատկացնել։ Տնօրինությունը մի քանի անգամ դիմել է կառավարություն, որպեսզի թույլատրեն իջեցնել ուղեվարձի արժեքը 20 կամ 25 դրամ, որի դեպքում կտրուկ կբարձրանա ուղեւորահոսքը, սակայն միշտ էլ մերժում են ստացել (իրենց երթուղիների ուղեւորների հաշվի՞ն)։ Ու ստացվում է, որ պետությունը ոչ միայն տեր չի կանգնում պետական ձեռնարկությանը, այլեւ զրկում է նրան ընտրության հնարավորությունից, չթողնելով, որ գոնե «իրենք իրենց յուղով տապակվեն»։ Կա հարցի մի այլ կողմ, տրամվայի ՊՓԲԸ-ն 1991-ից մինչեւ 1999 թվականի նոյեմբեր ունեցել է առանձին իրավաբանական անձի կարգավիճակ։ Չգիտես ինչու, 1999-ի նոյեմբերին քաղաքապետարանի հրամանով տրամվայի ՊՓԲԸ-ն, իրենց իսկ աշխատողների խոսքերով, «բռնակցվել է տրոլեյբուսի ՊՓԲԸ-ին», որի բերած հասույթը զգալիորեն ցածր էր առաջինի համեմատ՝ օրական 420-450 հազար դրամ։ Իսկ տրամվայի ձեռնարկության տնօրենը փաստորեն դառնում է տրոլեյբուսի ՊՓԲԸ-ի տնօրենի ենթական, զրկվելով կնիքից, որը նույնն է թե՝ իր տնտեսությունը տնօրինելու իրավունքից։ Ու եթե 1991-ից մինչեւ 99 թվականը տրամվայի ՊՓԲԸ-ն կուտակել էր 135,3 մլն դրամ պարտք, ապա մեկուկես տարի հետո, այսինքն՝ այսօր (տրոլեյբուսի ՊՓԲԸ-ի հետ միասին) այդ թիվը դարձել է 800 մլն դրամ։ Կոլեկտիվը վիրավորված է, որ քաղաքապետը որոշում ընդունելուց առաջ ոչ միայն չի այցելել ձեռնարկություն՝ լսելու իրենց առաջարկները, այլեւ կառավարություն ներկայացված փաթեթում նշում է կոլեկտիվի 170 անդամ, մինչդեռ այդ թիվը իրականում համարյա կրկնակի է՝ 310։ Կամ երեխա՞ են խաբում, փորձելով հավատացնել աշխատանքով տեղավորելու խոստումով։ Թերեւս, լավագույն դեպքում, կկիրառեն մի երկու տարի առաջ իրագործած՝ արդեն իսկ իրեն արդարացրած ավտոբուսային երկու ձեռնարկությունների միացման մեթոդը։ Նախ տեղավորել աշխատանքի, որ աղմուկ չբարձրանա, հետո պատճառաբանելով աշխատանքի ծավալը, կամաց-կամաց կրճատել։ Այսօր Երեւանի 2983(ա/շ) ՊՓԲԸ-ում աշխատանքի տեղավորված 130 հոգուց մնացել են ընդամենը 15-20 հոգին։ Եթե որոշել են, ուրեմն կփակվի տրամվայի ձեռնարկությունը, մետաղի ջարդոնի կվերածվեն գործող 75 տրամվայները (1 տրամվայի արժեքը մոտ 70 հազար դոլար է)։ Ի դեպ, մասնագետների հավաստմամբ, այս շարժակազմը թեեւ տարիքով լրացրել է շահագործման ժամկետը, սակայն վերջին 10 տարիներին աշխատելով մեկ հերթափոխով կամ գտնվելով (տարիներով) պարապուրդի մեջ, դեռեւս հանգիստ կարելի է եւս 10-15 տարի շահագործել։ Մինչդեռ, թերեւս շուտով, կդառնան նախորդ հազարամյակի հաճելի հուշ։ Բայց չէ՞ որ փոխարենը քաղաքի երկու բավականին բարեկարգ վայրերում կազատվեն հարմարավետ տարածքներ, որտեղ վաղը կամ մյուս օրը վեր կխոյանա ինչ-որ մի պետական չինովնիկի աղքատ ազգականի անունով ձեւակերպված ռեստորան-սաունան կամ կազինո-բարը։ Իսկ 150 տեղանոց տրամվայի փոխարեն քանի՜ 10-12 տեղանոց միկրոավտոբուսային երթուղի կավելանա եւ գծատեր կդառնան եւս մի տասնյակ չինովնիկներ։ Ինչ է, դա քի՞չ է… ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ Հ. Գ. Քիչը քիչ չէ, բայց թեկուզ ծառայողական մեքենայի պատուհանից, այնուամենայնիվ, պաշտոնյաներն էլ մեզ նման նույն օդն են շնչում։ Մինչդեռ բժիշկների հավաստմամբ, գազով աշխատող միկրոավտոբուսների արտանետումը թույն է, որը առաջացնում է թոքերի քաղցկեղ։ Իսկ ընդարձակ սրահով, 150 տեղանոց տրամվայը ոչ միայն էկոլոգիապես մաքուր է, այլեւ, ըստ մասնագետների, շարժման ընթացքում հոսանքի ամեն մի ճայթումից (դուգա) առաջանում է օզոն, որը այնքան օգտակար է բոլորիս թոքերին…