Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՎԱԽԵՑԱԾ» ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 07,2001 00:00

«ՎԱԽԵՑԱԾ» ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ «Մի՞թե դուք կարծում եք, որ ինձ վրա կարելի է ճնշում գործադրել»,- հեռախոսով հարցրեց ինձ մի պաշտոնյա: Օրեցօր վատթարացող բջջային կապի պայմաններում անհնար է երկար զրուցել որեւէ մարդու, առավել եւս՝ պաշտոնյայի հետ: Բայց արժե, այնուամենայնիվ, բացատրել, թե ինչու եմ ես կարծում, որ, այո, այսօր հնարավոր է ճնշել ցանկացած պաշտոնյայի: Շատ պարզ պատճառով. նրանք ունեն պաշտոն եւ ուսադիրներ (բառի ուղիղ կամ անուղղակի իմաստով): Նրանք ունեն «Ջիպ» կամ «BMW», ինչպես նաեւ՝ առանձնատուն եւ «փայ» որեւէ բիզնեսում: Խնդիրն այն չէ, որ նրանք այդ ամենն ունեն: Ցավն այն է, որ նրանք մշտական «սթրեսի» մեջ են՝ վախենալով այդ ամենը կորցնել: Եվ նրանց այդ դողը հիմնավոր պատճառներ ունի՝ նրանք իսկապես կարող են ցանկացած վայրկյան զրկվել ամեն ինչից, եթե այդպես ցանկանա իշխանությունը, որն այսօր ներկայանում է երկու դեմքով: Ո՞վ է այսօրվա Հայաստանում լավ ապրում (նյութապես): Իշխանամետ քաղաքական գործիչները, պաշտոնյաները եւ որոշ «ընտրյալ» բիզնեսմեններ: Բայց այդ բոլոր մարդկանց բարեկեցությունը շատ փխրուն է եւ ժամանակավոր: Մտաբերեք մեր առավել հաջողակ գործարարների անունները եւ մի պահ մտածեք՝ քանի՞ րոպե է պետք իշխանությանը՝ ցանկացած բարգավաճող բիզնեսը հիմնահատակ ավերելու եւ նախանձի այդ օբյեկտներին «կեպեզե» տանելու եւ նրանց ամբողջ ունեցվածքը խլելու համար: Դա առավել եւս վերաբերում է «ջիպավորված» պաշտոնյաներին, գեներալներին եւ գնդապետներին: Պետականամետ քաղաքական գործիչների մասին էլ չենք խոսում. իշխանավորներին քծնելու եւ ընդդիմությանը փնովելու ամենօրյա ծանր աշխատանքը կարող է ջուրն ընկնել որեւէ պատահականության պատճառով: Հետո էլ ասում ենք՝ կայունություն: Վախի վրա կայունություն չես հաստատի (եթե չստեղծվի բռնապետություն, որը Հայաստանում գործնականում անհնար է): Կայուն վիճակն այն ժամանակ է, երբ նրանք, ովքեր կորցնելու բան ունեն, պաշտպանված են, վստահ վաղվա օրվա վրա եւ չեն վախենում ամեն ինչից զրկվել: Իսկ երբ կա այդ ամենօրյա վախը, ապա վաղ թե ուշ ասպարեզ է գալիս լյումպենը՝ նա, ով կորցնելու բան չունի, բացի սեփական շղթաներից: Թե ինչով է դա վերջանում, հայտնի է: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել