Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ օգոստոսի 4-ին ԼՂ Հելսինկյան քաղաքացիական

Սեպտեմբեր 07,2001 00:00

Հաստակող պատվիրակություն Մենք արդեն տեղեկացրել ենք, որ օգոստոսի 4-ին ԼՂ Հելսինկյան քաղաքացիական վեհաժողովի պատվիրակությունը՝ Կարեն Օհանջանյանի գլխավորությամբ, մեկնելու էր Բաքու: Ադրբեջանի՝ Ղարաբաղի ազատագրության կոմիտեն էլ այդ առնչությամբ բողոք էր հայտնել՝ նախազգուշացնելով, թե ամեն ինչ կանի՝ անջատողականների պատվիրակության այցը տապալելու համար: Շատ բան պետք չէր հասկանալու համար, որ մասնավորապես ղարաբաղյան ճակատում կռված ադրբեջանցիները կատարելու էին իրենց այդ խոստումը: Բայց մինչ Բաքվում տեղի ունեցած միջադեպին անցնելը, տեղեկացնենք, որ Ղարաբաղի պատվիրակները օգոստոսի 4-ին ժամանելով Բաքու՝ հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական եւ իրավական բաժինների ղեկավարների հետ: Վերջիններիս միջեւ զրույցը, ըստ «Զերկալոյի», բնականաբար, ընթացել է ԼՂ հիմնախնդրի շուրջ, եւ կողմերից յուրաքանչյուրը պնդել է սեփական ու հանրահայտ տեսակետը: Ղարաբաղի ներկայացուցիչներն ադրբեջանցի պաշտոնյաներին առաջարկել են բարեկամանալ եւ տնտեսության ոլորտում համագործակցել: Ադրբեջանցիները պայման են առաջադրել՝ «նախ ազատել գրավյալ տարածքները, հետո խոսել մանաթների մասին»: Ադրբեջանցիները մերժել են «Ընդհանուր պետության» տարբերակը՝ պնդելով հիմնախնդրի «Փուլային» տարբերակը, հայերը վստահեցրել են, թե «Ընդհանուր պետությունից» լավը չի կարող լինել: Այդ բանավեճն, իհարկե, ԼՂ պատվիրակությունը հնարավորություն ունի շարունակել նաեւ առաջիկա օրերին՝ արդեն Ադրբեջանի ԱԳՆ նախկին նախարարի, Հ.Ալիեւի նախկին օգնականի եւ, չի բացառվում, նաեւ՝ նախագահ Ալիեւի հետ, եթե, իհարկե, ստիպված չլինի վերադառնալ Ստեփանակերտ: Բանն այն է, որ օգոստոսի 4-ին, օրվա երկրորդ կեսին ԼՂ պատվիրակությունը պետք է մեկներ Հելսինկյան քաղաքացիական վեհաժողովի Ադրբեջանի ազգային կոմիտեի անդամների հետ հանդիպման: Սակայն, դրանից 10 րոպե առաջ, հիշյալ կազմակերպության վարչական շենքն արգելափակել են Ադրբեջանի՝ Ղարաբաղի ազատագրության կոմիտեի 40 անդամ, Ղարաբաղի ադրբեջանցի փախստականներ՝ հիշյալ հանդիպումը կանխելու նպատակով: Վերջիններիս ու նրանց միացած մի քանի այլ ազդեցիկ հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների դա հաջողվել է անել: «Անջատողականների պատվիրակությունը ոչ միայն հանդիսավորությամբ ընդունվեց Բինա օդակայանում, այլեւ դա գովազդվեց մասնավոր հեռուստաալիքներով, ինչը խոսում է այն մասին, որ ադրբեջանցիներին ակամա մղում են կապիտուլյացիայի»,- ասել է Մարդու իրավունքների ռեսուրսների կենտրոնի տնօրեն Մեհտի Մեհտիեւը: «Զերկալոն» նկատել է, թե անօրինական պիկետի ողջ ընթացքին լուռ հետեւել է ադրբեջանական ոստիկանությունն ու միջոցներ չի ձեռնարկել: Ավելին, նույն օրը Բաքվի երկնքում, «Թուրքական աստղերի» օրինակով, իրենց վարպետությունն են ի ցույց դրել Ադրբեջանի ռազմաօդային ուժերը: Բայց Կ.Օհանջանյանն անդրդվելի է մնացել: Նա մտադիր չէ ժամանակից շուտ Ստեփանակերտ վերադառնալ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել