ԱՊԱՑՈՒՑՈՒՄ Է ՍՏԻ ԴԵՏԵԿՏՈՐԸ Նախաքննության ընթացքում Նաիրի Հունանյանի տված մի քանի ցուցմունքներ հնարավոր չէ վերագրել խոշտանգումներին, լլկումներին կամ կեղեքումներին, քանզի այդ հարցաքննությունները «վարել» է… պոլիգրաֆ հետազոտման սարքը կամ այլ անվանումով՝ ստի դետեկտորը։ Նշենք, որ ճիշտ է, դետեկտորը գործում է առաջադրված թեստերից ստացված համապատասխան հոգեֆիզիոլոգիական ռեակցիաները «որսալով» եւ արձանագրելով, բայց եզրակացությունների իսկության 100 %-անոց հավաստիությունը չի երաշխավորվում։ Նման հետազոտման Նաիրի Հունանյանին նախ ենթարկել են Հայաստանի ԱԱՆ օպերատիվ-տեխնիկական վարչության աշխատակիցները՝ 1999-ի նոյեմբերի 18-ին, 19-ին եւ 22-ին։ Համակարգչային պոլիգրաֆով, ընդհանուր տեւողությամբ՝ շուրջ 15 ժամ տեւած հետազոտության արդյունքում մասնագետները կազմել են 4 թերթանի մի տեղեկանք։ Ահա առաջադրված որոշ հարցադրումներին ստի դետեկտորի միջոցով հաստատված պատասխանները։ Այսպես, հաստատվել է, որ «կատարված քայլի դրդապատճառն էր 1999 թ. մայիսին կայացած ԱԺ ընտրությունները եւ Վ. Սարգսյանին վարչապետ նշանակելու փաստը» եւ, որ կատարվելիք գործողությունների մասին Նաիրի Հունանյանը տեղեկացված է եղել 1999 թ. գարնանից։ Արձանագրվել է, որ հեղաշրջումից հետո Հունանյանը մտադիր էր դառնալ Հայաստանի նախագահը։ Սամվել Բաբայանի եւ Մուշեղ Մովսիսյանի դերը եւ կարեւորությունը պարզելու փորձը ստացել է հետեւյալ արդյունքը. «Ս. Բաբայանը եւ Մ. Մովսիսյանը հանդիսանում են 1999 թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած իրադարձությունների մասնակիցներ, բայց կազմակերպիչներ եւ ղեկավարներ չեն հանդիսանում»։ Փորձել են պարզել, թե 1999 թ. հոկտեմբերի 27-ին ե՞րբ պիտի ԱԺ շենք գային օգնական ուժերը եւ հաստատվել է այս պատասխանը. «Օգնական ուժերը պետք է գային ԱԺ շենք՝ Վ. Սարգսյանին սպանելուց եւ Ս. Բաբայանի հետ հեռախոսակապ հաստատելուց հետո»։ Այս հետազոտման արդյունքը դրական է Հայկ Բաբուխանյանի համար։ Առաջադրված խնդրին՝ պարզել՝ արդյոք նա կապ ունի՞ 1999 թ. հոկտեմբերի 27-ի իրադարձությունների հետ, ստացվել է այս պատասխանը. «Հայկ Բաբուխանյանը որեւէ առնչություն տեղի ունեցած իրադարձությունների հետ չի ունեցել»։ Սակայն ամենաարտառոցը եւ հակասականը համակարգչային պոլիգրաֆով հաստատված հետեւյալ եզրակացությունն է. «Ն. Հունանյանը կապ է ունեցել ամերիկյան, չեչենական եւ, մեծ հավանականությամբ, պարսկական գործակալությունների հետ»։ Այդ մասին հարցադրում ներկայացվել է նաեւ 2000 թ. փետրվարի 11-ին, երբ Նաիրի Հունանյանին պոլիգրաֆով ստուգման են ենթարկել արդեն ռուս մասնագետները։ Բայց նախ նշենք, որ այս հետազոտությունից առաջ Նաիրի Հունանյանը բողոքել է եւ դա արձանագրվել է, որ ատամն է ցավում, գիշերը վատ է քնել։ «Հետազոտվողը սթրեսի վիճակում էր, թեստից թեստ նույն հարցերին ռեակցիաները կայուն չէին»,- արձանագրում են ռուս մասնագետները, նշելով, որ ամեն հարց երեք անգամ են տվել։ Եվ, այսպես, այն հարցերին, թե ինքը համագործակցե՞լ է թուրքական եւ ամերիկյան հատուկ ծառայությունների հետ, հետեւել է բացասական պատասխան, եւ մասնագետները նշում են. «Հետազոտվողի ռեակցիան գնահատվում է որպես ճշմարտացի»։ Բացասական պատասխան է հետեւել նաեւ այն հարցին, թե արդյոք իր ծրագրի մասին նա տեղեկացրե՞լ էր արտերկրյա ուժերին. «Հետազոտվողի ռեակցիան վառ արտահայտված է, բայց այն չի կարելի համարել ո՛չ կեղծ, ո՛չ ճշմարտացի»։ Մինչդեռ միանշանակ «կեղծ» է գնահատվել այն պատասխանը, թե ինքը չի համագործակցել Ազգային անվտանգության նախարարության հետ։ Ի դեպ, «կեղծ» է գնահատվել նաեւ այն հաստատումը, թե հոկտեմբերի 27-ին նա զուգարան էր մտել միայն ջուր խմելու համար։ «Կա՞ ինչ-որ բան, որ Դուք թաքցնում եք քննությունից» հարցին հետեւել է բացասական պատասխան եւ արձանագրվել է՝ կեղծում է։ Ռուս մասնագետների անցկացրած հետազոտությունն էլ է հաստատել նրանց հայ գործընկերների եզրակացությունը՝ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի սպանության ծրագիրը մշակվել է 1999-ի գարնանից։ Մենք մեջբերեցինք միայն ընդհանրական բնույթի հարցադրումները, սակայն այս հետազոտման առյուծի բաժինը «Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին մեղադրյալներին վերաբերող հարցերն են։ Նրանց առնչվող եզրակացություններին առավել հանգամանալից կանդրադառնանք այնժամ, երբ կներկայացնենք նախկին մեղադրյալներին վերաբերող նյութերի առավել ուշագրավ հատվածները։ Իսկ մինչ այդ համառոտ նշենք, որ ճիշտ է գնահատվել այն պատասխանը, թե Մուշեղ Մովսիսյանը չի մասնակցել հոկտեմբերի 27-ի դավադրությանը։ Բայց նաեւ ճիշտ է գնահատվել այն պատասխանը, թե Մուշեղ Մովսիսյանն է Նաիրի Հունանյանին առաջարկել մասնակցել դավադրությանը։ «1999-ի հոկտեմբերի 27-ին Նաիրի Բադալյանի հետ հանդիպումը ծրագրվա՞ծ էր սպանություններ իրականացնելուց առաջ»,- հարցադրմանը հետեւել է Հունանյանի դրական պատասխանը եւ մասնագետներն արձանագրել են. «Հետազոտվողի ռեակցիան գնահատվում է որպես ճշմարտացի, հարցը զգայականորեն կարեւոր է նրա համար»։ Սակայն «սուտ» է գնահատվել Նաիրի Հունանյանի այն պնդումը, թե ինքը չի խաբում, որ սպանելու վերջին հրահանգն իրեն տվել էր Նաիրի Բադալյանը։ Փոքր-ինչ հակասական են նաեւ Ալեքսան Հարությունյանի վերաբերյալ հարցադրումների պատասխանները։ «Դուք Ալիկ Հարությունյանի հետ երկու անգամ հանդիպե՞լ եք 1999 թ. աշնանը, որպեսզի քննարկեք վարչապետի ծրագրվող սպանությունը» հարցին դրական պատասխանի իսկությունը հաստատվել է։ Սակայն երբ հարցրել են, թե Ալիկ Հարությունյա՞նն է իրեն առաջարկել մասնակցել դավադրությանը եւ հետեւել է դրական պատասխան, մասնագետները նշել են. «Հետազոտվողի ռեակցիան ոչ բավարար չափով է ճշմարտացի»։ Միակ նախկին մեղադրյալը, որի համար ռուսների անցկացրած պոլիգրաֆ հետազոտման արդյունքները միանշանակ դրական են՝ Հարություն Հարությունյանն է։ Ըստ այս ստուգման՝ սուտ են նրան վերաբերող (ուղիղ եթեր խոստանալու եւ հանդիպումների) Նաիրի Հունանյանի բոլոր պնդումները։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ