«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՀԵՏ ԿՔՇԵՆ ՆԱԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ Ցուցարարների սպառնալիքներից մեկը Կառավարության անդամները երեկ ստիպված էին անցնել ուսանողների եւ կենսաթոշակառուների թրի տակով։ Վերջիններս վաղ առավոտից շրջապատել էին կառավարության շենքը եւ բոլոր նախարարներին դիմավորում էին աղմուկով, սուլոցով, լինում էին նաեւ ծափահարության նշույլներ։ Կառավարության այն անդամները, ովքեր իրենց ալպաչինոներ եւ դենիրոներ էին երեւակայում, փորձում էին ձեռքով ողջունել մասսաներին, քանի որ «ԱրմենՏելի» կողմից րոպեավճարի ներդրման դեմ բողոքի ելածները դերասանության սիրտ չունեին։ Որոշ նախարարներ էլ, ինչպես օրինակ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ցուցարարներից ավելի վաղ էին եկել եւ, փաստորեն, բաց թողեցին ժողովրդի հետ շփվելու առիթը։ Փոխարենը Անդրանիկ Մանուկյանը ողջունեց ցուցարարներին եւ ասաց, թե իրենց պահանջը ճիշտ է։ Վերջինս ուսանողներին հայտարարեց, որ «ԱրմենՏելը» ենթարկվում է ՀՀ օրենքներին, իսկ րոպեավճարի կիրառմամբ խախտվում են մեր երկրի օրենքները։ Անդրանիկ Մանուկյանը հայտնեց, որ կառավարությունը բոլոր հնարավորություններն ունի դատական կարգով հարցերը լուծել։ Ավելի ուշ, կառավարության նիստի ընդմիջմանը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եւս չբացառեց, որ հարցը լուծվի դատական ճանապարհով. «Ամենատարածված պատժամիջոցները, որ մեզանում պետք է կիրառվեն, դա լիցենզիայի փոփոխությունն է»։ Թեպետ տեսականորեն կա տարբերակ, վաճառված ապրանքը, այս դեպքում՝ կապը եւ հեռահաղորդակցությունը, ետ վերցնելու վերաբերյալ, բայց ՀՀ կառավարությունը նման հարց չի քննարկում։ Դավիթ Հարությունյանը եւս իր հերթին փաստեց. «Այսօր րոպեավճարը, ավելի ճիշտ սակագինը, օրինական ուժ չունի»։ OTE-ի հետ բավական երկարատեւ ընթացող բանակցությունները չէի՞ն ենթադրում, որ նման շրջադարձ կլինի, եւ արդյո՞ք կողմերից մեկը պայմանավորվածություն է խախտել. «Ցավոք սրտի, չէին ենթադրում։ Մենք ենթադրում էինք, որ կգանք կոմպրոմիսային լուծման՝ երկուստեք ընդունելի։ Ես ուզում եմ ամրագրել՝ ՀՀ կառավարությունը դեմ չի րոպեավճարին՝ որպես գաղափար։ Մենք դեմ ենք րոպեավճարին այն ձեւով, ինչպես այսօր փորձ է արվելու ներդնել, եւ այն մեխանիզմներին, այսինքն՝ ապօրինի մեխանիզմներին, որով փորձ է արվում ներդնել։ Իսկ րոպեավճարը բնական երեւույթ է, այլ խնդիր է, թե ինչքանով մենք կընդունենք րոպեավճարի գաղափարը, կամ բարձր բաժանորդային վարձի գաղափարը։ Մենք իսկապես, փորձել ենք OTE-ի հետ գալ որոշակի համաձայնության, երկարատեւ փորձեր են եղել, այն հռչակավոր փոխըմբռնման հուշագրից։ Այն կոմպրոմիսները, որ նախատեսվում էին, ցավոք սրտի, չիրականացան։ Եթե չհաջողվի բարյացակամորեն գալ որոշակի, ընդհանուր հիմքի, ապա մենք կգտնենք այլ լծակներ՝ պաշտպանելու մեր շահերը, ինչը եւ անում ենք հիմա»։ Եթե գործը հասնի միջազգային դատարան, ինչը փաստորեն նախարարը չժխտեց, ապա ինչպե՞ս կանդրադառնա այս ամենը Հունաստանի եւ Հայաստանի հարաբերությունների վրա։ Դ. Հարությունյանը չուզեց հարցին «քաղաքական աստառ» տալ։ Նա համարում է, որ խոսքն ավելի շատ վերաբերում է մեր ներքին խնդիրներին եւ բիզնեսին։ Հավանաբար, առավոտյան ժողովրդի հետ անմիջական շփումն էր պատճառը, որ նախարարներից շատերը երեկ «հասանելի» էին։ Ամեն անգամվա պես չեղավ եւ ոչ բոլոր նախարարները շտապեցին թաքնվել սուրճ խմելու պատրվակով։ Ոմանք մնացին։ Մնաց նաեւ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, որին էլ «Առավոտը» մի սովորական հարց տվեց այն մասին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք նախարարը ինչ-որ կերպ ինքն իր համար պարզել՝ այն, ինչ ժամանակին հայտարարում էր նախկին փոխնախարար, կոմունիստ Վանյա Մխիթարյանը բնական ռեսուրսների թալանի մասին, ճի՞շտ է, թե՞ ոչ։ Իհարկե, պրն Այվազյանը փորձեց պատասխանել, բայց նրա հնչեցրած մտքերը որքանով են մեր հարցի պատասխանը, դժվար է ասել։ Սկզբում Վ. Այվազյանն ասաց, թե «Բնապահպանության նախարարությունը կառավարման իրավասություններն ի կատարման հնարավորություն ունի։ Կա այդտեղ լուրջ ենթաօրենսդրական, օրենսդրական ակտեր, ինչպես նաեւ որոշակի միջոցառումների անհրաժեշտ ծրագիր, ինչն արդեն իսկ կառավարության կողմից մեկ անգամ նախատեսվել է, ստուգվել են հանք շահագործողների գույքագրման առաջին փաստարկները…»։ Մնացածը շարունակվեց գրեթե նույն ոգով։ Պրն նախարարը զրույցի ամբողջ ընթացքում ուզում էր նկատելի դարձնել, որ ինքը գիտի, որ միջազգային կազմակերպությունները շատ բանով կարող են այդ գործում օգնել։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ