Բա չիմանա՞նք ով՝ ում բարեկամն է Օրերս Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կրկին հիշեցրեց «Փողի ու զենքի ուժով ձեւավորված իշխանությունների» մասին, հաստատ համոզված հայտարարեց, որ վերջերս Վանաձորում կայացած ԱԺ ընտրություններում (թիվ 49 ընտրատարածք) փողը դեր է խաղացել։ Նա դատապարտեց ընտրակաշառքը, որպես երեւույթ եւ ժողովրդին կոչ արեց 3 հազար դրամով ձայն չվաճառել։ Նշեց, որ «մարտնչող տգիտությունը պաշարել է բոլոր ոլորտները», կան պաշտոնյաներ, որոնք «5 հոգու ղեկավարել չեն կարողանում, բայց նախարար են աշխատում»։ Այսպիսով, անուղղակի ձեւով ընդգծվեց նրա դժգոհությունը կառավարության աշխատանքից։ Բավականին տպավորիչ եւ ազդեցիկ էր նրա ելույթը կոռուպցիայի եւ թալանի մասին (ինչն արժանացավ բուռն ծափահարությունների), սակայն այդ տպավորությունն անմիջապես ի չիք դարձավ, երբ այդ հանդիպումից հետո պատահաբար ընթերցեցինք «Օրինաց երկիր» պաշտոնաթերթի այս տարվա թիվ 6 համարը, ուր ասվում է. «Լրատվական որոշ միջոցներ լուն ուղտ են դարձնում եւ խոշորացույցով ինչ-որ բաներ փնտրում, ըստ մեզ, ոչ թե գործին օգուտ տալու, այլ պարզապես մարդկանց վարկաբեկելու, ջուր պղտորելու համար։ Խոսքը վերաբերում է «Առավոտ», «Հայոց աշխարհ» եւ մի քանի այլ թերթերի, որոնք առիթը բաց չեն թողնում մինչեւ «յոթը պորտը» պեղել մարդկանց խնամիների, ծանոթների, բարեկամների շրջապատը, հայտնաբերել դղյակներ եւ դրամատներ, ռեստորաններ եւ բարեր… Տեսեք, սա՝ սրանն է, սա՝ նրանը»։ (Բայց չէ՞ որ դղյակներն ու այլեւայլ օբյեկտներ երբեմն կառուցվում են հենց կոռուպցիայի ու թալանի միջոցով)։ Իրեն ուղղված հարցերին պատասխանելիս Ա. Բաղդասարյանը նշեց, որ դատավորների աշխատավարձերը անհրաժեշտ է բարձրացնել եւ հասցնել առնվազն 2 հազար դոլարի, որպեսզի նրանք կաշառք չվերցնեն (չէ՞ որ ժողովրդի սոցիալական վիճակն էլ պետք է կտրուկ բարելավվի, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն 3 հազար դրամով ընտրությանը մասնակցել եւ ձայնը վաճառել այն մարդկանց, ովքեր «10 տարի ոչինչ չեն անում, բայց էլի ընտրվում են»)։ Հատկանշական էր, որ «Օրինաց երկիրի» նախագահը հայտարարեց, թե «ձեւավորենք օրինական իշխանություններ», բայց միաժամանակ ընդգծեց. «Մենք առանձնապես չենք պնդում, որ Ազգային ժողովը լուծարվի»։ Հուսանք, որ այդ պահանջը «Օրինաց երկիրը» չի ներկայացնում՝ ելնելով պետբյուջեին ժամկետից շուտ, արտահերթ ծախսի տակ չգցելու մտահոգությունից։ Գ. Հ.