ՎԱՃԱՌԵԼ ԿԱՐԵԼԻ Է, ՈՒՏԵԼ՝ ՈՉ Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն, ներկայումս երեւանյան կրպակներում, խանութներում վաճառվող խմորեղենը ոչ միայն պատրաստվում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանող պայմաններում, այլեւ ընդհանրապես ուտելու ենթակա չէ։ Նման տեսականիով հարուստ են հատկապես բուհերի եւ դպրոցների ճաշարանները։ Որոշ վաճառողների պնդմամբ, «հենց սկսվում են դասերը, այդ գործը շահութաբեր է դառնում»։ Մեր հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ «մինիմալ ծախսերով մաքսիմալ արդյունքի հասնելու համար շատերը դիմում են ամենատարբեր քայլերի՝ անտրամաբանական խնայողությունների հաշվին»։ Այսպես, օրինակ, կարկանդակները պատրաստվում են ամենաէժանագին կարտոֆիլից, որոնք գյուղերում երկար պահվելուց արդեն փափկած են։ Դրանք գյուղացիները կամ 30-40 դրամով վաճառում են մայրաքաղաքի վերավաճառողներին, կամ էլ դրանով կերակրում են իրենց խոզերին։ Իսկ պոնչիկի կրեմը պատրաստվում է մանկական սննդով։ Այն ջրով բացում են, եռացնում, ավելացնում այնպիսի համեմունքներ, որ ուտելիս չզգացվի, թե ինչ բաղադրություն ունի։ Հայկական ավանդական փախլավան էլ ունի պատրաստման նոր եղանակ։ Ընկույզի փոխարեն մեր որոշ խոհարարներ քերում են թավայի տակ մնացած վառված խմորի մնացորդները, դրանք մանրացնում, ավելացնում դարչին եւ վերջում էլ մեղրի փոխարեն շաքարաջուր լցնում եւ վաճառում։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ