«Նորից «ստեղծենք» Գյումրին՝ լավ կեղնի» Գյումրին աշուղների քաղաք էր համարվում։ Վերջիններս իրենց երգերով ու նվագով զարդարում էին տեղի նշանդրեքների եւ հարսանիքների հանդեսները, տոնական խնջույքներն ու քեֆերը։ Աշուղ-երգիչների խմբակներն իրենց սրճարանն ունեին, ուր օրվա որոշ պահերին երգում էին ու նվագում, մրցում՝ հետաքրքրվող բազմաթիվ հանդիսականների ներկայությամբ։ Գյումրիում ստեղծվել էր մի ուրույն երաժշտական մթնոլորտ իր ավանդույթներով, սովորույթներով։ Այսպիսի միջավայրում է լույս աշխարհ եկել Ռոզա Խաչատրյանը, նույն ինքը՝ Վարդուհի Խաչատրյանը։ Հանրապետության ժողովրդական արտիստուհին, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտը արդեն կես դար բեմում է։ Մեջբերենք մեծն Թաթուլ Ալթունյանի խոսքը՝ հասցեագրված դեռ տասնութ տարեկան աղջնակին. «Վարդուհի Խաչատրյանը մտածող երգչուհի է»։ Հանդիպելով երգչուհուն, ակնկալում էինք հարցազրույց՝ հարուստ բեմական կյանքի շուրջ, բայց նա սկսեց խոսել, մեզ հետ կիսել իր մտքերն ու ցանկությունները երբեմնի արվեստների քաղաք Գյումրիի մասին։ Պարզվեց, որ կա նախագիծ «Շիրակ» միջազգային հասարակական կազմակերպության եւ Շիրակի մարզի ղեկավարության կողմից՝ այնտեղ հիմնել մանկական ձայնի պահպանման դպրոց եւ, ինչպես տիկին Խաչատրյանը տեղեկացրեց. «Արդեն կա հատկացված շենք։ Իհարկե, շենքի վրա աշխատանքներ կան անելու, հարկավոր են երաժշտական գործիքներ։ Լսել եմ ավելի քան 280 երեխայի։ Ավելորդ եմ համարում գովաբանել նրանց ձայնային տվյալները։ Ինչպես ասում են՝ «բնատուր է, հողից ու ջրից է»։ Այսօր շատ են գործածվում «հայեցի», «հայերեն» բառերը։ Այո, մանկուց է հարկավոր երեխայի մեջ արմատավորել վերջիններս։ Դպրոցում կդասավանդեն գյումրեցի պրոֆեսիոնալ կրթություն ստացած երաժիշտներ, այդ թվում եւ երգիչներ։ Եկեք սա էլ ասենք՝ այստեղ էլ աշխատատեղ կստեղծվի թեկուզ մի քանիսի համար։ Ճիշտ պետք է կատարվի մանկավարժների ընտրությունը։ Հիանալի կամ լավ երաժիշտ լինելը դեռ բավական չէ մանկավարժ լինելու համար։ Երեխային մոտենալը, շփումը նրա հետ պետք է լինի շատ զգույշ, անհատական, կազմված լինելով փուլերից՝ ձայնավարժություն, ծանոթություն ստեղծագործությանը… Մանկավարժը հենց փոքր հասակից ապագա արվեստագետին, այս դեպքում՝ երգչին, պետք է ծանոթացնի ինքնավերահսկողության մեթոդներին։ Հարկավոր է լիարժեք տրվել ստեղծագործությանը, զգալ յուրաքանչյուր հնչյունը, վերջինս մատուցել զգույշ, «կիրթ»։ Իսկ մատուցման ընթացքում կարող է ամեն ինչ պատահել, ի վերջո՝ ձայն է։ Արդեն փոքրուց երեխան պետք է վերահսկի իրեն, անգամ ցույց չտալով արտաքնապես, թե այս մասում ինչ-որ բան այնպես չեղավ…»։ Երգչուհին միայն վերջում տեղեկացրեց, որ տպագրման են հանձնված «Ռոզան՝ Վարդուհու մասին» եւ «Նիկոլ Գալանտերյան» գրքերը։ Արդեն պատրաստ են երկու CD-ները եւ «ամսվա վերջում կկայանա հոբելյանական համերգ, որը սիրով նվիրում եմ Հայաստանում քրիստոնեության պետական կրոն ընդունման 1700-ամյակին»։ Իսկ զրույցի ընթացքում ամբողջ ժամանակ մեջբերում էր՝ «Եկեք նորից «ստեղծենք» մեր Գյումրին, գիտեմ հաստատ՝ լավ կեղնի…»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ