Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր կաթողիկոսները՝ մի «բուժիչ» գրքում

Սեպտեմբեր 06,2001 00:00

ՇՆՈՐՀԱՆԴԵՍՆԵՐԻ ՇՔԵՐԹ Բոլոր կաթողիկոսները՝ մի «բուժիչ» գրքում «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանի հովանավորությամբ, «Հայագիտակ» հրատարակչության տնօրեն Ալբերտ Իսոյանի նախաձեռնությամբ, բավական սեղմ ժամկետներում կազմվեց եւ հրատարակվեց «Ամենայն հայոց կաթողիկոսներ» պատկերագիրքը, որում ամփոփված են հայ եկեղեցու բոլոր Հայրապետների (Գրիգոր Լուսավորչից մինչեւ Գարեգին Բ) համառոտ կենսագրականներն ու դիմապատկերները։ Գիրքը քարեկազմ է (օբսիդիանից)։ Ստեղծագործական աշխատանքի հիմնական ծանրությունն ընկած էր պատմաբան Պետրոս Հովհաննիսյանի եւ նկարիչ Խորեն Աբրահամյանի ուսերին։ Երկուսն էլ մեծածավալ աշխատանք են կատարել՝ իրենց նպատակին հասնելու համար։ Վեհարանում երեկ կայացած շնորհանդեսի ժամանակ Ալբերտ Իսոյանը շնորհավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսին՝ ծննդյան 50-ամյակի առթիվ՝ նվիրելով նրան «Հայագիտակի» հրատարակած Թումանյանի ոսկե «Հատընտիրը»։ Իսկ Պետրոս Հովհաննիսյանն էլ, իր կողմից ժեստ արեց եւ հայտարարեց (երեւի շփոթմունքի՞ց), որ «Ամենայն Հայոց կաթողիկոսների» լույսընծայումն էլ է նվիրվում Վեհափառի ծննդյան կեսդարյա հոբելյանին։ Սրանից խիստ շոյված Վեհափառն իր խոսքում մի ծավալուն տեղ հատկացրեց պատմաբանի գովքին։ Ալբերտ Իսոյանը, անուն առ անուն հիշատակելով եւ բարի խոսքեր շռայլելով գրքի կազմմանը մասնակից դարձածներին, չմոռացավ մի երկու կոմերցիոն լուծումներ տալ իր խոսքին։ Մասնավորապես, նա համոզում էր ներկաներին, որ այս գրքի միայն առկայությունը վերացնում է բոլոր տհաճությունները. «Եթե հիվանդություններ ու խնդիրներ ունենաք, վերցրեք այս գիրքը ձեր ձեռքն ու ամեն ինչ կանցնի»։ Պատկերագրքի «հրաշագործ» զորության ճչացող փաստն ավելի ակնառու եւ հավաստի դարձնելու համար նա պատմեց, թե ուր էլ գնացել է այդ գիրքը ձեռքին, ամենուր լավացել է եղանակը, մարդկանց տրամադրությունը։ Գրքի զորությունն ազդել է անգամ Ջավախքի կլիմայական եւ քաղաքական իրավիճակի վրա, դեռ ավելին, երբ տպագրվեց գիրքը, պրն Իսոյանը նկատեց, որ հեռուստատեսությամբ անգամ Հայաստանի ղեկավարների դեմքերն են փոխվել, բարիացել, հանրապետությունում լարվածությունը թուլացել է։ Չգիտեմ՝ «Ամենայն Հայոց կաթողիկոսների» բալասանային զորությունը որքանով էր հավաստի, բայց՝ ա՛յ, պրն Իսոյանի՝ որպես գովազդային գործակալի տաղանդը բացառիկ է։ Ի՜նչ ուժեր են կորչում «Հայագիտակում»… Գորշուկը շարունակում է «աշխարհ տեսնել» ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար, նախկին դաշնակ Ռոլանդ Շառոյանը, ըստ երեւույթին, այնքան է կարոտել իր գրողական անցյալը, որ վՏրՑՈսՖՋՌ-ից մի հարվածով դուրս գալու համար, միանգամից 3 գիրք է հրատարակել՝ «Իմ անունը Գեւորգ է, ձիուս անունը՝ Կայծակ», «Շոգիլք» եւ «Ամպշող արեւ»։ Երեկ կայացավ պրն Շառոյանի մտքի արգասիքների, «հոգուց բխած հույզերի» եռամաս հավաքածուի շնորհանդեսը։ Երեք գիրքն էլ հրատարակել է «Լուսակն» հրատարակչությունը՝ Կարո Վարդանյանի խմբագրմամբ։ «Շոգիլքը», որ ակնարկների, հրապարակախոսական հոդվածների եւ կենսագրական ուսումնասիրությունների ժողովածու է, տպագրված է 1000 օրինակով։ «Ամպշող արեւ»-ում ամփոփված են պրն նախարարի պատմվածքները։ Այն եւս տպագրվել է 1000 օրինակով։ Ամենաշքեղ՝ «Իմ անունը Գեւորգ է, ձիուս անունը՝ Կայծակ» ժողովածուում տեղ են գտել Ռ. Շառոյանի հեքիաթները (այդ թվում՝ նրա ամենակարկառուն եւ հանրաճանաչ «Իշուկ-գորշուկը, որ գնում է աշխարհ տեսնելու») եւ պատմվածքները։ Գրքի շքեղությունն ապահովված էր բարձրաճաշակ նկարազարդումների (նկարիչ՝ Աշոտ Ղազարյան) եւ որակյալ թղթի շնորհիվ։ Մանուկների համար հրաշալի նվեր այս գիրքը տպագրվել է 2000 օրինակ տպաքանակով, սակայն, ամենայն հավանականությամբ, կվաճառվի այնքան թանկ գնով, որ շատ քչերին մատչելի կլինի։ Գրքերի մասին՝ այսքանը, այսինքն այն, ինչ ընկալելի էր առաջին հայացքից։ Ավելի լիակատար ու նպատակային ինֆորմացիայի համար մեզ ուղղակի անհրաժեշտ էր ձեռքի տակ ունենալ այդ գրքերը, ինչը, գրեթե անլուծելի խնդիր էր… ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել