«Հոկտեմբերի 27» քրգործի երեկվա դատաքննությանը Ռուբեն Միրոյանի եւ Միքայել Քոթանյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Կարախանյանը շարունակեց հարցեր տալ ամբաստանյալ Նաիրի Հունանյանին։ Նա դատարանին խնդրեց, որ իր հետ մասնակցի Քոթանյանի որդին՝ Տիգրանը։
Մեղադրող Գագիկ Ավետիսյանը վկայակոչելով քրեական դատավարության օրենսգիրքը, կոչ արեց լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ վկաների ցուցմունքները հրապարակելուց։ Այս կապակցությամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ուզունյանն ասաց, որ քննվող գործը անմիջականորեն կապված է անվտանգության հետ։ Նա ասաց, որ որոշ լրատվամիջոցներ «մասսայաբար հրապարկում են ցուցմունքներ եւ դատարանին դրանով չեն օգնում»։ Հատկապես շեշտեց լրագրող վկաների մասին, որոնք վերլուծություններ են անում («զուգահեռ դատավարություն»,- լսվեց դահլիճից), մեկնաբանություններ ներկայացնում։
Դատավոր Ս. Ուզունյանն ակնարկեց, որ հնարավոր է միջոցներ ձեռնարկի այդ առումով։ Փաստաբան Արամ Կարախանյանի այն հարցին, թե մինչեւ հոկտեմբերի 27-ը, ինչպիսի վերաբերմունք է ամբաստանյալն ունեցել Միքայել Քոթանյանի նկատմամբ, ճանաչե՞լ է արդյոք նրան, ամբաստանյալը պատասխանեց, թե քանի որ չի ճանաչել՝ վերաբերմունք չի ունեցել։ Հոկտեմբերի 27-ից հետո է իմացել, որ Քոթանյանը «Միասնություն» դաշինքի մեջ է եղել։ Նա ասաց, որ ակադեմիկոս Քոթանյանը սպանվել է «առաջին պահի կրակոցներից»։ Երբ փաստաբանը հարցրեց, թե այդ պահին ինքը եղել է դահլիճում, ամբաստանյալն այսպես պատասխանեց. «Իմ լինելը չեմ հիշում, տեսաժապավենով հիշում եմ, որ Կարենի անկանոն կրակոցներից սպանվել է»։
Ամբաստանյալը հայտնեց, որ առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանից է իմացել, որ դահլիճում վիրավորներ կան։ Եթե հավատանք նրա երեկվա ցուցմունքներին, ապա վիրավորների մասին իմանալուց հետո «անմիջապես» նախաձեռնություն է ցուցաբերել բուժաշխատողներ հրավիրելու, վիրավորներին դուրս թողնելու։ «Երբ ասացին վիրավոր են, անմիջապես հանեցինք»,- շարունակեց ամբաստանյալը, նկատի ունենալով Հերմինե Նաղդալյանին եւ էլի մի կնոջ, որի ով լինելը չասաց։ Ամբաստանյալը վիրավոր պատգամավորներից հիշեց Արմեն Խաչատրյանին, Անդրանիկ Մանուկյանին, «շատ աղոտ էլ» Հերմինե Նաղդալյանին։ Վիրավորների մասին կոչեր լսել է ԱԺ դահլիճի դռները փակելուց հետո միայն։
Ինչ վերաբերում է լրագրողների կողմից արված կանչերին, ամբաստանյալը երեկ հայտնեց, որ, եթե ինքը լիներ սթափ վիճակում, ապա չէր թողնի, որ լրագրողները լքեին դահլիճը, ընդհակառակը, կցանականար, որ նրանք դահլիճում աշխատեին, մասնագիտական գործունեությամբ զբաղվեին։ «Հնարավո՞ր է, որ սպանվածների եւ վիրավորների հարցով ինքներդ որոշում կայացնելու իրավունք չեք ունեցել, սպասել եք ցուցումի»։
Կարդացեք նաև
Փաստաբան Ա. Կարախանյանի այս հարցին էլ ամբաստանյալը այսպես պատասխանեց. «Դա լուրջ չէ։ Ես այդ ամենի կազմակերպիչն ու ղեկավարն էի, ինձ ո՞վ պիտի ցուցումներ տար»։ Ինչ վերաբերում է, թե Կարեն Հունանյանը հնարավո՞ր է դահլիճից դուրս թողներ այլ վիրավորների, ամբաստանյալը հայտնեց, թե մինչեւ դռները փակելը հնարավոր էր, դրանից հետո, առանց իր գիտության՝ դժվար։ Երեկ ամբաստանյալը փորձեց հավաստիացնել, որ ԱԺ նիստերի դահլիճը գրավելուց հետո խմբի անդամները որեւէ դերաբաշխում չեն ստացել եւ հատուկ «ինստրուկտաժ» էլ չի եղել։ Նա նշեց, որ իրենց գործողությունները կարծես համաձայնեցված լինեին, որովհետեւ խմբի անդամներն ինքնաբերաբար հասկացել են ամեն բան։
Հետաքրքիր էր նաեւ իմանալ, թե հանգուցյալ Քոթանյանի մոտ նստած պատգամավորներից որեւէ մեկը տեղյակ է եղել, որ նա ծանր վիրավորված էր։ Ամբաստանյալը նշեց, որ նրա կողքին նստածներից որեւէ մեկին չի իմացել եւ որեւէ մեկը չի ասել, որ Քոթանյանը վիրավոր է։ «Դահլիճում գտնվող պատգամավորները տեսնելով, որ իրենց գործընկերը վիրավոր է, տեղյակ չէի՞ն պահի ձեզ» հարցին էլ ամբաստանյալը պատասխանեց. «Հարցն ինքն արդեն ենթադրական է։ Բազմաթիվ վկաներ իրենց բազմաթիվ արարքներ են վերագրել, այս արեցին, այն արեցին, հավանաբար, իրենց կշիռն ու դերը բարձրացնելու համար։ Միակ մարդը, որը զերծ է եղել այդ ամենից, Գրիգոր Գրիգորյանն է (ԱԱ փոխնախարար), նա փորձել է տալ ավելի օբյեկտիվ պատկերը»։
Երեկ ամբաստանյալը նկատեց նաեւ, որ մինչեւ դահլիճ տանող միջանցք խմբի անդամներից ոչ մեկը չի խախտել իր հրահանգը։ Ամեն բան փլուզվել է Կարեն Հունանյանի անկառավարելիության հետեւանքով եւ խախտում էր նաեւ այն, որ Վռամ Գալստյանն իր հետ չի եղել։
Անդրադառնալով Էդիկ Գրիգորյանի խմբի մեջ ընդգրկվելուն, նա ասաց, որ մինչեւ վերջ համոզված չի եղել, թե Էդիկը կգա եւ, բնականաբար, նրան հանձնարարություններ չի տվել։ Հոկտեմբերի 25-26-ին ԱԺ մտնելու մասին ներկայացրել է ընդհանուր գծերով, ինչին նա հավանություն է տվել։
Նա հայտնեց նաեւ, որ վարչապետի հրաժարականից հետո իրենք պետք է ձեւավորեին ազգային գվարդիա։ Նա չգիտեր, թե ով պետք է գլխավորեր, բայց հստակ գիտեր, թե ովքեր կկազմեն դրա միջուկը։ «Նրանք՝ ովքեր կռվեցին Ղարաբաղում եւ սոված թափառում են փողոցներում»։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի