Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ կտրվեն «լիկվիդացիոն» գումարները

Սեպտեմբեր 06,2001 00:00

Քիմմանրաթելագործների համբերությունը սպառվում է Ե՞րբ կտրվեն «լիկվիդացիոն» գումարները ՀՀ նախագահի՝ մայիսին Վանաձոր կատարած այցի ժամանակ իրենց բողոքով նրան էին դիմել Վանաձորի քիմմանրաթելերի գործարանի մի խումբ աշխատակիցներ՝ դժգոհելով, որ գործարանի սեփականաշնորհումից հետո, 2-3 տարի անց, ոչ միայն անհայտ է իրենց աշխատանքային ճակատագիրը, այլեւ չեն վճարվել գործարանի լուծարման հետ կապված գումարները։ Այսինքն՝ պետությունը դեռեւս պարտք է այժմ արդեն նախկին աշխատողներին։ Բանավոր բողոքից բացի, գործարանի երկարամյա աշխատակցուհի, քիմիկոս-ինժեներ Ա. Մարտիրոսյանը նախագահի աշխատակազմին էր հանձնել նաեւ գրավոր նամակ։ Վերջերս Ա. Մարտիրոսյանը նամակի պատասխան ստացավ Լոռու մարզպետարանից։ Պատասխան-նամակում ասվում է, թե գործարանի թողարկման դեպքում կլուծվի նրա աշխատանքի հարցը (՞), սակայն լիկվիդացիոն գումարների մասին որեւէ խոսք չի ասվում։ Նամակի պատասխանը հարուցել է նամակագրի խոր վրդովմունքը եւ նա այդ առթիվ ստիպված էր կրկին դիմել մամուլին։ «Չեմ հասկանում, թե ինչո՞ւ են ինձ պատասխանում Լոռու մարզպետարանից, չէ՞ որ գործարանը սեփականաշնորհված է»։ Այս տարվա օգոստոսի 9-ի որոշմամբ կառավարությունը քիմիական համալիրի մեջ մտնող ընկերությունների գույքի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահեց Լոռու մարզպետին։ (Մի կողմ թողնենք այն հարցը, որ համալիրի կազմի մեջ մտնող 3 գործարանները՝ քիմիական, քիմմանրաթելերի եւ ՋԷԿ, լուծարվել են 2-3 տարի առաջ, սակայն բաժնետոմսերի հարցերով որոշում են զբաղվել այն ժամանակ, երբ «շարքային» աշխատողների մեծ մասը վաղուց ի վեր ստիպված հետ է հանձնել իր բաժնետոմսերը՝ չնչին գներով)։ Ահա այս եւ գործարանի հետ կապված այլ հարցերով քիմմանրաթելագործների խումբը օրերս հանդիպեց Լոռու մարզպետին, սակայն վերջինիս պատասխանը, փաստորեն, կապված էր գործարանի թողարկմանն սպասելու եւ այն ժամանակ միայն աշխատողների լիկվիդացիոն գումարները հատկացնելու հետ։ Բնականաբար, այս պատասխանը չէր կարող մխիթարել արդեն 2 տարի շարունակ սպասող մանրաթելագործներին, եւ վերջիններս այժմ պատրաստվում են ծայրահեղ քայլի դիմել՝ նստացույց կազմակերպել։ Պարզապես ցավալի երեւույթ է այն, որ քաղաքակիրթ երկիր կոչվելու հավակնություններ ունենք, սակայն աշխատավարձեր ու թոշակներ ենք «պոկում» (լավագույն դեպքում) դատարանի միջամտությամբ կամ նստացույցերի միջոցով։ Ինչ վերաբերում է մանրաթելագործների լիկվիդացիոն գումարներին, ապա դա կարծես թե դառնում է «դարի հարց»։ Դժբախտաբար, մանրաթելագործներից ոմանք էլ մահացել են, այդպես էլ այդ գումարները չտեսնելով։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել