«ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ» OTE-Ն ԿՈՒՏԻ՞ ԱՂԻ ԲՈՐՇՉԸ «ԱրմենՏելի» ներդրած րոպեավճարի շուրջ ծավալված այս հասարակական, քաղաքական, իրավաբանական ու տնտեսագիտական քննարկում-վեճերի օրերին մեր հայրենակիցները հաճախ են զանգահարում խմբագրություն։ Ասում են՝ «հանկարծ տպավորություն չստեղծվի, թե ժողովուրդն «ԱրմենՏելից» է զայրացած, մենք դժգոհ ենք մեր ապաշնորհ կառավարությունից, որ այնպիսի պայմանագիր է կնքել, որ հիմա չի կարողանում վերահսկել իրադրությունը»։ Շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ մի քննարկում էլ երեկ էր ծավալվել, որի ընթացքում կրքերն այնքան շիկացան, որ «ԱրմենՏելում» ՀՀ կառավարության ներկայացուցիչ, տրանսպորտի եւ կապի փոխնախարար Վաղինակ Քոչարյանը հայտարարեց, որ «ԱրմենՏելի» կառուցվածքը ձեւական է, ֆիկցիա. «Թղթի վրա ամեն ինչ կա, բայց գործնականում ոչինչ չկա։ Այս ամենը ասում եմ պաշտոնապես, որովհետեւ «ԱրմենՏելում» եմ աշխատել, ամբողջ կառուցվածքը գիտեմ։ 30%-ից ավել իրենք չգիտեն էլ, թե այնտեղ ինչ է կատարվում։ Եվ ստացած ժառանգությունը դուք ձեր ուսերին մի վերցրեք… ուրիշի բեռն էլ բան մի արեք»։ Իսկ Արշակ Սադոյանը, որ ներկա է «ԱրմենՏելի» հետ կապված անգամ միաժամանակ կազմակերպվող բոլոր միջոցառումներին ու քննարկումներին, հարցը գլոբալիզացնելով ասաց, որ Հունաստանը Հայաստանին «քցում է»։ Հայհամակարգիչ կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Մխիթարյանի խոսքերով, իհարկե, կարելի է հայտարարել, որ Ինտերնետ կապից օգտվելու գները 40%-ով իջեցվում են, բայց մոռանում են ասել, որ դրանք միջազգային գներից 100 անգամ թանկ են։ Կապի, հեռահաղորդակցության ոլորտում հետընթացի եւ բարձր տեխնոլոգիաների զարգացմանը «ԱրմենՏելի» հարուցած խոչընդոտների մասին Վահրամ Մխիթարյանի փաստարկները հակափաստարկներ չունեին։ «Առավոտում» այս մասին առաջիկայում հրապարակում կլինի։ Իսկ Նիկոս Յորղուլասը, որ մարտականորեն տրամադրված նոր է վերադարձել Հունաստանից, թեեւ վճռականորեն հայտարարեց, որ րոպեավճարն ուժի մեջ է, բայց այդպես էլ ոչ մի կերպ չպատասխանեց մի քանի անգամ, տարբեր ձեւակերպումներով հնչեցված հարցին, թե արդյոք հոկտեմբերին կանջատվի՞ այն բաժանորդի հեռախոսը, ով կհրաժարվի մուծել րոպեավճարը։ Փոխարենը, Վաղինակ Քոչարյանը մեծ ինքնա(կառավարությունա)վստահությամբ հայտարարեց. «Խոսեք ինչքան անհրաժեշտ է, անկոտրում կամքով ասում եմ, որ րոպեավճար չի կիրառվելու»։ Պարոն Քոչարյանը քիչն էր ասում, բայց շատ բան գիտեր. «ԱրմենՏելն» ասում է՝ 60%-ը թվայնացված է, սուտ է, 40%-ը հազիվ լինի»։ Բայց այս ամենն ուշ ասվեց, հանդիպումից հետո։ Խնդիրն այն է, որ բանակցություններ են ընթանում րոպեավճարի չկիրառման ուղղությամբ եւ դեռ աշխատում են չսրել իրավիճակը։ Մեր կառավարությունը, որպես բաժնետեր, պատրաստվում է բաժնետերերի խորհրդի արտահերթ նիստ հրավիրել։ Բայց վատն այն է, որ ձայների հարաբերակցությունը 90/10 է՝ ի վնաս մեր կառավարության։ Մեկ-մեկ քննարկումը զավեշտի էր հասնում։ Պարոն Յորղուլասը, չգիտես ինչից ելնելով, օրինակ, Հայաստանի՝ 21-րդ դար մուտքը պայմանավորեց րոպեավճարի ներդրմամբ. «Պետք է որոշել՝ մտնե՞լ 21-րդ դար, թե՞ ոչ»։ Ի դեպ, ըստ նրա, 1999-ից ի վեր այս քայլը հետաձգվել է OTE-ի զգացմունքայնության պատճառով։ Բայց այսօր, OTE-ի շորշոփը վրան, Նիկոս Յորղուլասը մեծ վճռականությամբ հայտարարեց, որ չպետք է որպես միջազգային էգոիզմի դրսեւորում դիտարկվի րոպեավճարի կիրառումը։ Նրան ուղղելով, Վ. Քոչարյանը նկատեց, որ րոպեավճարը մինչ սեպտեմբերի 1-ը չի կիրառվել, որովհետեւ կառավարությունը որոշ զիջումների է գնացել (աբոնենտային վարձը 600 դրամից դարձել է 900 եւ այլն)։ Դեմկուսի փոխնախագահը նկատեց, որ րոպեավճարի ներդրմամբ անհավասար պայմաններ են ստեղծվում բաժանորդների համար եւ նրանց միջեւ խտրություն է դրվում, ինչն արգելում են լիցենզիան եւ պայմանագիրը։ Մի կողմից կառավարությանն էին մեղադրում նման գործարք կնքելու, մյուս կողմից՝ «ԱրմենՏելին»՝ խախտումներ անելու համար։ Մի խոսքով, մեր կառավարությունը, երկրի գլխավոր դիտորդի հետ միասին մի այնպիսի «բորշչ են եփել», որ չեն կարողանում ուտել, եւ հիմա մնացել է ժողովրդի վրա։ Բայց Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ մարտահրավերն արդեն նետված է, այն պետք է ընդունվի, բայց առայժմ չպետք է սրել իրավիճակը։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ