ՄԻ՛ ՀԵՐՔԵՔ ԱՆՀԵՐՔԵԼԻՆ Ս. թ. սեպտեմբերի 4-ին «Առավոտ» օրաթերթը տպագրել է մի տեղեկատվություն՝ «Ժուչոկներ» կառավարական առանձնատանը» վերնագրով։ Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ծառայությունը, որն ի պաշտոնե ղեկավարում եմ, գերատեսչական է, զբաղվում է միմիայն ռազմական հարցերով եւ, մասնավորապես, իր անվանումից բխող գործառույթներով, «ժուչոկներ» փնտրելու ո՛չ ժամանակ, ո՛չ հնարավորություն եւ ո՛չ էլ առաջադրանք չունի։ Որեւէ փորձ ներքաշել այդ ծառայությանը քաղաքական ինտրիգների ոլորտ մեր երկրի ներսում՝ առնվազն սադրանք է, ինչը կարող է միայն վնասել մեր աշխատանքին։ Չգիտեմ ինչքան ժամանակ է Ձեր թերթը համագործակցում այդ «հավաստի տեղեկությունների» աղբյուրի հետ եւ ինչ նպատակով։ Այնուհանդերձ, չէի ցանկանա, որպեսզի որեւէ մեկն այսուհետ փորձի տարածել չստուգված, նպատակաուղղված հերյուրանքներ։ Կարծում եմ, որ կընդունեք սույն նամակը որպես պատասխան եւ կտպագրեք այն «Առավոտի» առաջիկա համարում։ Հարգանքներով՝ գնդապետ Բ. ԱԶՈՅԱՆ Բնական է պրն Ազոյանի արձագանքը, հաշվի առնելով, որ նա ԱԱՆ մի վարչության պետ է, եղբայրն էլ՝ պաշտպանության համակարգում (Սիսիանի գնդի հրամանատարը)։ Բացի այդ՝ ժամանակին պրն Ազոյանը երկու այլ մասնագետների հետ այդ «ժուչոկները» ճառագայթման միջոցով հայտնաբերել էր ոչ պաշտոնական առաջադրանքը կատարելով։ Իսկ որ հենց այդպես էլ եղել էր եւ մի «ժուչոկը» հայտնաբերվել էր «կառնիզների» մոտ, մյուսը՝ մահճակալի, ականատես էին շատերը՝ կառավարական առանձնատան աղախինից (մեզ հայտնի է նրա անունը) սկսած, Վազգեն Սարգսյանի վարորդով ավարտած։ Ավելի շատերը լսել էին կատարվածի մասին։ Ասենք, վարչապետի նախկին խորհրդական Անդրանիկ Քոչարյանը հաստատեց մեր այս տեղեկությունները եւ ասաց. «Այդ պատմության մասին ես լսել եմ Վազգեն Սարգսյանից»։ Մեզ հայտնի են նաեւ այն պատճառաբանությունները, որ ներկայացվել էին այդ «ժուչոկների» հայտնաբերումից հետո, թե «կառնիզի» մոտինն, իբր, դեռ սովետական ժամանակներից է մնացել եւ չի աշխատում, իսկ մահճակալի մոտինն ուղղված էր դեպի կառավարական առանձնատան այն կեսը, որը զբաղեցնում էր Սամվել Բաբայանը, եւ որից Վազգեն Սարգսյանի բնակության վայրը բաժանված էր մի միջնապատով։