Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՀԵՏԱՁԳԵԼ ՐՈՊԵԱՎՃԱՐԸ

Սեպտեմբեր 06,2001 00:00

ՀՅԴ-Ն ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՀԵՏԱՁԳԵԼ ՐՈՊԵԱՎՃԱՐԸ ՀՅԴ խմբակցության նախագահ Աղվան Վարդանյանը եւ խմբակցության քարտուղար Մարտուն Մաթեւոսյանը երեկ մամուլի ասուլիս էին հրավիրել, որում խմբակցության մտահոգությունն էին հայտնել րոպեավճարի ներդրման հետ կապված։ Պարոնայք հայտնեցին, որ ՀՅԴ-ի համար անընդունելի եւ անբնական է այս վիճակը, երբ կառավարությունը եւ «ԱրմենՏելը» չեն հստակեցրել իրենց հարաբերությունները, եւ այսօր ոչ ոք չգիտի՝ րոպեավճար կա՞, թե՞ ոչ։ Հաջորդ մտահոգիչը, ըստ ՀՅԴ-ի, այն է, որ սոցիալական այսպիսի ծանր վիճակում գտնվող բնակչությունն ի վիճակի չի լինելու վճարել, ինչը եւ մարդու իրավունքների ոտնահարում է եւ սրանով սոցիալական հարցը վերածվում է քաղաքական խնդրի։ ՀՅԴ-ին, ինչպես նաեւ՝ մեզ բոլորիս, վերը նշված հարցերից բացի մտահոգում են նաեւ Ինտերնետի հետ կապված խնդիրները։ ՀՅԴ-ի համար եւս անհասկանալի է բաժանորդային վճարի պահպանումը, փաստորեն, անվճար համարվող 120 րոպեն իրականում բոլորովին էլ անվճար չէ։ ՀՅԴ խմբակցությունը գտնում է, որ «ԱրմենՏելը» այսօր տեխնիկապես պատրաստ չէ բացառել սխալ հաշվարկները։ Առանց բաժանորդի հետ անհատական պայմանագրի հնարավոր չէ հաշվարկները կատարել։ Բացի դրանից, այս ոլորտում կան անօրինականություններ եւ չարաշահումներ, որոնք վերաբերում են ե՛ւ կառավարությանը, ե՛ւ «ԱրմենՏելին»։ ՀՅԴ-ն առաջարկում է՝ սոցիալական պայմանները նկատի ունենալով, այլ լուծումներ գտնել, այլ տարբերակներ, որոնցից մեկը կարող է լինել անվճար րոպեավճարի չափաքանակի էական մեծացումը, հաջորդը՝ րոպեավճարը ֆիզիկական անձերի եւ բյուջետային հիմնարկների վրա չտարածելը։ Նաեւ՝ հայտարարված միջքաղաքային եւ բջջային կապի հնարավոր էժանացման փոխարեն րոպեավճարը չկիրառելը։ Քանի որ գաղտնիք չէ, որ բջջայիններ ունեն վճարունակները։ Վերջում ՀՅԴ խմբակցության նախագահ Աղվան Վարդանյանը եւ քարտուղար Մարտուն Մաթեւոսյանն ասացին, թե ՀՅԴ-ն հորդորում է կառավարությանն ու «ԱրմենՏելին» հանդես գալ համատեղ հայտարարությամբ եւ վերջ տալ այս անորոշ վիճակին: Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել