Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց

Սեպտեմբեր 06,2001 00:00

Փաստաբանը «թանկ» հաճույք է Հայոց բանակում իրենց որդիներին կորցրած ծնողների «Զինվոր եւ իրավունք» հասարակական կազմակերպության անդամների դժգոհությունը «հեռուստաշոուներ» կազմակերպող ՀՀ նախագահին կից Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանից էր եւ նույն հանձնաժողովի անդամ, փաստաբան Ռուբեն Ռշտունուց։ Երեկ ծնողները եկել էին «Առավոտի» խմբագրություն։ Բանն այն է, որ պրն Ռշտունին փաստաբանն է Տիգրան Ստեփանյանի, որը մեղադրվում է Իշխան Գալստյանի սպանության մեջ։ Ըստ «Զինվոր եւ իրավունք» կազմակերպության անդամ Արա Հարությունյանի՝ իրենք՝ որդեկորույս ծնողները, ի վիճակի չեն վարձել Ռուբեն Ռշտունու նման «թանկարժեք» փաստաբանների, իսկ վերջինս էլ, փոխարենը տուժածների շահերը պաշտպանի, խոշոր հոնորարով պաշտպանում է մարդասպանին. «Ռշտունին դիտավորյալ սաբոտաժի է ենթարկում դատաքննությունը, ասում է, թե իր աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ չեն ապահովվում»։ Կազմակերպության հիմնադիր Մարգարիտա Խաչատրյանը պատմում է. «Ես այցելել եմ պրն Ռշտունուն, ես չունեի 3000 դոլար, որ վճարեի», հետեւաբար փաստաբանը չի ստանձնել տուժողի շահերի պաշտպանությունը։ «Առավոտը» դիմեց փաստաբան Ռուբեն Ռշտունուն՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու է սաբոտաժի ենթարկում վերոնշյալ դատաքննությունն ու ճշտել (թեեւ նա իրավունք ուներ չպատասխանելու)՝ արդյո՞ք նա 3 հազար դոլար հոնորար է պահանջել եւ այդ գումարը չստանալով՝ հրաժարվել պաշտպանել զոհվածի իրավահաջորդի շահերը։ «Էդ էն մարդիկ են, որոնք զբաղվածություն չունենալով՝ ընկած են դատարանները եւ խանգարում են դատական նիստերին։ Նրանք երկու անգամ հարձակվել են ինձ վրա, անիծել են («բալեքիդ թաղեմ» բովանդակությամբ- խմբ.), միլիցիայի միջոցով եմ ազատվել»։ Ըստ պրն Ռշտունու՝ որդեկորույս ծնողները խաղալիք են զինդատախազության ձեռքին։ Այն, որ ինքը բարձր հոնորարներ է պահանջել, պրն Ռշտունին չհերքեց եւ չհաստատեց՝ նշելով, որ ոչ մի փաստաբան անվճար չի աշխատում, թեեւ ինքը միամտություն է ունեցել մի քանի անվճար գործեր ստանձնել։ Ինչ վերաբերում է Տիգրան Ստեփանյանի գործով դատական նիստի շարունակությանը, ապա պրն Ռշտունին սպառնաց, որ մինչեւ նիստը դռնփակ չլինի, ինքը դատարանում չի երեւա (թեեւ Շենգավիթի առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին հղած իր դիմումում խնդրել է թույլ չտալ, որ որդեկորույս ծնողները մոտենան անգամ դատարանի շենքին)։ Իրավապաշտպան Պարույր Հայրիկյանի դեմ բողոքելու առիթը նրա՝ աշխատելու իմիտացիա ստեղծելն է։ Ըստ «Զինվոր եւ իրավունք» կազմակերպության նախագահ Էմմա Հունանյանի՝ Հայրիկյանն իրենց որդիներին սպանողների հանդեպ ավելի ջերմ ու կարեկից վերաբերմունք ունի, քան իրենց։ «Ի՞նչ արեց Հայրիկյանը։ Նա վերցրեց մեր բողոքը, ուղարկեց Ջհանգիրյանին, նրա պատասխանն էլ ուղարկեց մեզ։ Հայրիկյանը ոնց որ մեր թշնամին լինի։ Նա պաշտպանում է այն մարդկանց շահերը, ումից ակնկալիքներ ունի։ Ուրիշ ոչ մի բան»։ Հարցրինք՝ ունե՞ք կոնկրետ փաստեր, զրույցին միջամտեց Մարգարիտա Խաչատրյանը. «Փաստեր չունենք, բայց համոզված ենք»։ Արա Հարությունյանն էլ ավելացրեց, թե այն օրը, երբ նախագահի նստավայրի մատույցներում իրենց ծեծեցին, Հայրիկյանը մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված սեմինարին հայտնել է, թե «Նրանք ա՛յն ծնողները չեն, որոնց կարելի է պաշտպանել»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել