ՆԵՐԿԱ ՌԵԺԻՄԻ ԱՌԱՋԻՆ «ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ» «Եթե չլինեն OTE-ն, եւ նրանց նման օտարերկրյա գնորդները, մենք աղետի գոտին չենք վերականգնի, երեխաներին նպաստ չենք տա, դպրոց ու բնակարաններ չենք կառուցի»,- համոզում էր վարչապետ Ռ.Քոչարյանի տնտեսական գծով գլխավոր խորհրդական Վահրամ Ավանեսյանը: 1998-ի փետրվարի 3-ին, երբ խորհրդարանում քննարկվել եւ առաջին ընթերցմամբ ընդունվել էր «Հեռահաղորդակցության մասին» օրինագիծը, անդրադառնալով դեռ այն ժամանակ առկա մտավախությանը, թե կապի ոլորտն իբրեւ սեփականություն «Արմեն Տելին» հանձնելուց հետո երաշխիք չկա, թե հեռախոսային ծառայության գները չեն աճի, նույն պարոն Ավանեսյանը վստահեցրել էր. «Հեռախոսն այն ծառայությունը չէ, որի գները կարողանան աճել անընդհատ: Որովհետեւ հեռախոսից, ի վերջո, կարող են հրաժարվել, եթե այն շատ թանկ լինի: Հացից, ջրից չեն կարող հրաժարվել, հեռախոսից կհրաժարվեն: Իսկ պետությունը սեփականաշնորհելով «ԱրմենՏելը» եւ կարգավորելով մենաշնորհային դիրք ունեցող ձեռնարկություններին՝ պետք է այնպես անի, որ ձեռնտու լինի հեռախոս դնելը, եւ մարդ փող ունենա այդ հեռախոսի համար»: Ի դեմս Ռ.Քոչարյանի կառավարության, բարձրաստիճան սույն պաշտոնյայի «միամիտ» հայտարարություններն այսօր, իհարկե, միայն ծիծաղ ու, միաժամանակ, վրդովմունք են առաջացնում: «ԱրմենՏելի» շուրջ ծավալված պատմության զավեշտը կայանում է նրանում, որ ՀՀ կառավարությունն ու օրենսդիրները այդ ընկերության սահմանած րոպեավճարների դեմ պայքարելու որեւէ այլ ձեւ, քան դրանք չվճարելու՝ հասարակությանն ուղղված կոչն է, ըստ էության, չեն տեսնում: Իսկ գուցե, չեն ուզում տեսնել, քանի որ ժամանակին քաջատեղյակ են եղել ոչ միայն կապի ոլորտում ԿՁժ-ին մենաշնորհով օժտելու, այլեւ րոպեավճարների կիրառման մասին եւ ոչինչ չեն ձեռնարկել: Ավելի ճիշտ, արել են այն, ինչ իրենցից պահանջել է Քոչարյանի վարչախումբը:Ավելի ուշ, համաձայն 2000թ. օգոստոսի 2-ին (առանձին պաշտոնյաների համար շեշտենք, որ այդ ժամանակ նախագահը ոչ թե Լ.Տեր-Պետրոսյանն էր, այլ՝ Ռ.Քոչարյանը) ՀՀ կառավարության եւ Հելլենիք Թելեքոմմյունիքեշընս Օրգընիզեյշընի («ԿՁժ») միջեւ ստորագրված «Փոխըմբռնման հուշագրի» 6-րդ կետի, թիվ 60 Լիզենցիայի շուրջ բանակցությունները, ի թիվս այլ հարցերի, պետք է լուծեն նաեւ առեւտրային հարցեր: Դրանցում ներառված են «միջազգային սակագները, դրանց կիրարկումը, ժամանակային հարցերը, ամսեկան գանձումները եւ հաշվեգրման գործընթաց տեղական զանգերի րոպեավճարների համար»: Ավելին, հիշյալ Լիցենզիայով, որն, ի դեպ, հայկական կողմից ստորագրել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ կառավարությունը, ըստ էության, հաստատել է «ԱրմենՏելի» ծրագիրը՝ 99-ի հունվարի 1-ից տեղական զանգերի համար րոպեավճարի կիրառման մասին: Ընդ որում, նույն Լիցենզիայով նախատեսվում է, որ տեղական զանգերի րոպեավճարը հասնելու է մինչեւ 8 դրամի: Հիմա, մեղմ ասած, անհասկանալի է, թե այդ ամենին քաջատեղյակ մեր գործիչները չքմեղանալով ինչ են պահանջում «ԱրմենՏելից» եւ ինչ են փորձում համոզել հասարակությանը: Թվում է, օրենսդիրներն ու կառավարության հարգարժան ներկայացուցիչները, «ԱրմենՏելի» դեմ պետք է պայքարեն ոչ թե այդ ընկերությանը բոյկոտելու կոչերով, այլ՝ նախեւառաջ կենսագործեն 99-ի հունվարի 27-ի ՀՀ Սահմանադրական դատարանի՝ «ԱրմենՏելի» գործարքը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու վերաբերյալ որոշումը: Բայց, չգիտես ինչու, այն այսօր կատարյալ մոռացության է տրվել: Իսկ, գուցե, իրո՞ք, դա չէ իշխանությունների նպատակը: Շատերը կարծում են, որ «ԱրմենՏելի» դեմ ծավալվող արշավը քողարկված խութեր ունի: Նրանք լրջորեն կասկածում են, թե այդ ընկերության դեմ իշխանությունների սկսած քարոզարշավը հասարակության աչքին միայն թոզ փչելու նպատակ ունի. չէ՞ որ առաջիկայում ընտրություններ են սպասվում: Դա, թերեւս, անհիմն չէ, եթե հաշվի առնենք, որ իշխանությունները ժամանակին հնարավորություն են ունեցել մասամբ մեղմել րոպեավճարների կիրառման վտանգը: Բանն այն է, որ, ըստ մեր աղբյուրների, կապի նախկին նախարար Է.Մադաթյանը մեկնել էր Աթենք՝ ԿՁժ-ի հետ որոշակի հարցերի շուրջ բանակցություններ վարելու նպատակով: Կառավարության մոտ կանգնած աղբյուրների տեղեկությունների համաձայն, նա հասել էր այն բանին, որ ԿՁժ-ն համաձայնել էր րոպեավճարի կիրառման սկզբնական փուլում րոպեավճարի սակագինը սահմանել 1,4 դրամ: Սակայն իշխանությունները համարել էին, որ պարոն Մադաթյանը գերազանցել է իրեն վերապահված լիազորությունները կամ, գուցեեւ, մտել ուրիշի «բոստանը»: Այդ տեղեկություններն այսօր հիմք են տալիս կասկածելու, թե հեռախոսակապի րոպեավճարի դիմաց սահմանված 4 դրամից 2,6 դրամը կարող է մտնել շատ կոնկրետ իշխանավորների գրպանները: Բայց այդ դեպքում «բռնված չէ՝ գող չէ» սկզբունքով դժվար է հստակ եզրակացություններ եւ պնդումներ անել: Դա, թերեւս, ապագան ցույց կտա, եթե, իհարկե, այդ ապագայում իշխանության գա ներկայիս ռեժիմի դեմ պայքարող ընդդիմությունը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ