Լրահոս
Օրվա լրահոսը

Խավարասերների եւ անկուրծք կանանց միջեւ

Սեպտեմբեր 05,2001 00:00

Խավարասերների եւ անկուրծք կանանց միջեւ Երիտասարդ նկարիչ Գոռ Մկրտչյանի ստեղծագործությունների 3-րդ անհատական ցուցահանդեսը բացվեց երեկ Կամերային թատրոնի «Երկաթ» («Fe») ցուցասրահում։ Աշխատանքները բավական ինքնատիպ էին ու մտածելու տեղիք տվող։ Դրա հետ մեկտեղ չէին խեղդում ծանրությամբ եւ ինչքան հնարավոր է անհասկանալի թվալու ցանկությամբ։ Դեռ ավելին, գույների հրաշալի զգացողության եւ վերարտադրության շնորհիվ կլանում էին նայողներին։ Եվ ինչպես կարճ, բայց հստակ ձեւակերպեց ցուցահանդեսի բացմանը ներկա բազմաթիվ կանանցից մեկը. «Եթե ես ուզում եմ, որ այս նկարը լինի իմ հյուրասենյակի պատից կախված, ուրեմն՝ լավ գործ է»։ Գոռը, թեեւ մասնագիտական կրթություն չի ստացել (մասնագիտությամբ դեղագետ է), ու դրանով իսկ՝ չի կաղապարվել դասական «շկոլաների» ազդեցությամբ, բայց ներկայացրել էր աշխատանքներ, որոնցից պրոֆեսիոնալիզմի եւ հասունության հոտ էր փչում։ Նկարչի բուն մասնագիտությունն, այնուամենայնիվ, իր կնիքը թողել էր նրա հետաքրքրությունների շրջանակի վրա։ Նկարներից մի քանիսի անվանումները դրա վառ ապացույցն են՝ «Լեյկեմիա», «Կնոջ լուսնային ցիկլը», «Խավարասեր» եւ այլն։ Խավարասերին (նույն ինքը՝ ՑՈՐՈՍՈվ), Գոռը պատկերել էր այնպիսին, որ դրա նկատմամբ անթաքույց սիրով էիր լցվում։ Ցուցադրված գործերում մեծ տեղ էր գրավում նաեւ Կնոջ թեման։ Ինչպես ցուցահանդեսի բացման ժամանակ նշեց Ազգային պատկերասրահի ավագ գիտաշխատող Հասմիկ Մինասյանը. «Գոռի մեծությունը նրանում է նաեւ, որ համարձակություն է ունեցել անդրադառնալու ամենաբարդ թեմային՝ կնոջ ներաշխարհին։ Փորձել է ճանաչել եւ թափանցել այդ խորհրդավոր աշխարհը»։ Այս դեպքում էլ երիտասարդ նկարիչը մնացել է ինքնատիպ։ Նրա նկարած բոլոր կանանց աչքերի եւ կրծքերի փոխարեն սեւ խոռոչներ էին։ Ինքը՝ նկարիչը, չցանկացավ մեկնաբանել այդ մոտեցումը՝ «թող յուրաքանչյուրն ընկալի այնպես, ինչպես հասու է իրեն»։ Ասել է թե՝ մեզ տրված է ընտրության իրավունք։ Կարող ենք մտածել, թե առանց ամենականացի այդ մարմնամասերի էլ կինը գրավիչ է ու դյութիչ։ Եվ հակառակը՝ կնոջ աչքերն ու կուրծքը սեւ խոռոչներ են, որ կլանում եւ ոչնչացնում են այն ամենն, ինչին հանդիպում են… ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել