Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բարոյական» փոխհատուցումը՝ համաներում

Սեպտեմբեր 05,2001 00:00

«Բարոյական» փոխհատուցումը՝ համաներում 1999թ. մայիսի 9-ին, ժամը 22.30-ի սահմաններում ԳԱԶ- 3110 մակնիշի «43 ՍՍ 010» պետհամարանիշի ավտոմեքենայի տակ գցվեց 11-ամյա դպրոցական Թամարա Հարությունյանը։ Քրեական գործ հարուցվեց վարորդի՝ Հայկազ Գեորգիի Դաշյանի նկատմամբ։ Վերջինս նախկինում դատապարտվել էր Կոտայքի շրջանի ժողդատարանի կողմից (08.02. 91թ.) ՀՀ քրօրի 222 հոդվածի 1-ին մասով։ Սակայն նախնական կալանքի տակ գտնվելու ժամանակ «ներման պատճառով» ուղղիչ-աշխատանքային գաղութում պատիժ չէր կրել եւ դատարանի դահլիճից ազատ էր արձակվել՝ «դատաքննությունը մարված»։ 1999թ. մայիսի 9-ին, դեպքի օրը, ինչպես հաստատվեց դատաքննությունների ընթացքում, Հ. Դաշյանը չէր ունեցել տրանսպորտային միջոցի տնօրինության համար սահմանված, հատուկ հաստատված լիազորագիր, գտնվել էր «միջին աստիճանի ալկոհոլային վիճակում» (ըստ ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի)։ Ուշագրավ է, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում այս ամբաստանյալը գտնվել էր «միջին աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում»։ Եթե նկատեցիք, «հարբածություն» բառը հօդս էր ցնդել 2-րդ ատյանի դատարանում։ Այնուհանդերձ, թե առաջին, թե երկրորդ ատյանի դատարաններում հաստատվել էր, որ Հ. Դաշյանը չէր պահպանել նաեւ ՃԵԿ-ի կանոնները, ինչի հետեւանքով երեխայի կյանքն էր ընդհատվել։ Հ. Դաշյանի արարքը քրօրի 173 հոդվածի 2-րդ մասից վերաորակվել էր վերոնշյալ հոդվածի 3-րդ մաս, եւ նա դատապարտվել էր ազատազրկման՝ 4 տարի ժամանակով։ «Առավոտը» մեկ անգամ անդրադարձել է սույն քրեական գործի ընթացքին, արձանագրելով, որ տուժողի հայրը՝ Սուրեն Հարությունյանը, պետության կողմից չի արժանացել իրավական հոգածության, երեխայի կորստի համար թե բարոյական, թե նյութական փոխհատուցում չի ստացել։ «Բարոյական» փոխհատուցման արժանացավ, թերեւս, Հայկազ Դաշյանը, որը ՀՀ ԱԺ 12.06.2001թ. «Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն ազատ արձակվեց։ Պետությունը երկրորդ անգամ քրիստոնեական բարեսրտություն ցուցաբերեց դատապարտյալի նկատմամբ։ Իսկ ավտովթարի հետեւանքով երեխային կորցրած հոր նկատմամբ այս նույն պետությունը ի՞նչ պատասխան ունի տալու. ձեւական թղթե՞րը, թե՞ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները, որոնք «ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները պարտապան Հայկազ Դաշյանի գույքի գտնվելու վայրը հայտնաբերելու եւ Ս. Հարությունյանին պատճառված վնասն ամբողջովին վերականգնելու համար»։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել