Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի

Սեպտեմբեր 05,2001 00:00

ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԻ ԾԱՐԱՎ Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Կայֆաջյանը վերջերս հաղթահարեց 7027 մետր բարձրության Գոլդեն Պիկը, ուր բարձրացրեց Ուկրաինայի եւ Հայաստանի պետական դրոշները։ Նա օրերս «Առավոտում» էր։ – Հայտնի է, որ դուք միջազգային ալպինիստական խմբի հետ բարձրացել եք Արարատ լեռան գագաթը։ Ինչպիսի՞ զգացումներ ունեցաք, ինչպիսի՞ դժվարություններ։ – Տեղեկացնեմ, որ խմբի 100 անդամներից 80-ը բարձրացան Արարատ։ Միակ հայն եմ եղել խմբում։ Արարատի վրա ուժեղ քամի էր։ 30-40 րոպե մնացի այնտեղ։ Տեսանելի էր միայն Արագածը։ Անցնող ճանապարհը գեղեցիկ չէր, գեղեցիկ էր գագաթը։ Երբ վերադարձա եւ թերթում հրապարակեցի «Ո՞ւմ է պատկանում Արարատը» հոդվածը, Ուկրաինայում շատերը չգիտեին, որ Արարատը Հայաստանում չի գտնվում։ Եղան մարդիկ, որ գրազ էին գալիս նույնիսկ հետս։ Արարատի վրա նույնպես պարզել եմ Ուկրաինայի եւ Հայաստանի դրոշները։ Թուրքերը բողոքի ակցիա արեցին, ինձ կանչեցին դեսպանատուն։ Ես բացատրագիր եմ գրել, թե ինչու եմ բարձրացրել դրոշը։ Գրել էի, որ՝ որպես Ուկրաինայի քաղաքացի, տարել եմ Ուկրաինայի դրոշը, որպես հայ՝ Եռագույնը։ Եթե նրանք կհասկանան՝ պարտավոր են ներողություն խնդրելու… – Ալպինիզմով հրապուրվելը ինչո՞վ կբացատրեք, մանավանդ հայտնի է, որ եղել եք նախկինում ֆուտբոլային մարզիչ։ – Աշխատել եմ մարզիչ։ Հպարտանում եմ, որ իմ սաներն են եղել Ռոման Բերեզովսկին եւ Համլետ Մխիթարյանը։ Ուկրաինա տեղափոխվելուց հետո սկսեցի զբաղվել ալպինիզմով։ Հավանաբար, սարերի պակասն էր պատճառը։ – Սերգեյ, Պակիստանում ձեր գտնվելը ո՞վ հովանավորեց եւ, առհասարակ, ալպինիստներին ի՞նչն է խանգարում կամ օգնում։ – Տեղեկացնեմ, որ 50 օր գտնվել եմ Պակիստանում։ Դա իմ առաջին 7000-անոց սարն է։ Ծրագիրս մեկն է. Հայաստանի, Ուկրաինայի, Դոնբասի դրոշները բարձրացնել բոլոր մայրցամաքներում։ Ուզում եմ նշել, որ ինձ հովանավորել է մեր հայրենակիցը՝ Դոնբասի արդյունաբերական միության գլխավոր տնօրեն Օլեգ Արտաշի Մկրտչյանը։ Նա իմ ծրագիրը սրտամոտ համարեց իրեն եւ կյանքի կոչեց։ Հայաստանում ալպինիզմը մահանում է, որովհետեւ ոչ ոք չի օգնում բարձունք նվաճողներին։ Ցանկանում եմ, որ Օլեգի մասին իմանան Հայաստանում, որպես մի մարդու, որը գտնում է, որ ոչ միայն դրոշի պարզելն է կարեւոր, այլ աշխարհում Հայաստանի՝ որպես պետության իմիջի բարձրացումը։ Չեմ կարող չհիշատակել Դոնեցկի մեր կոնսուլին՝ Սուրեն Ասատրյանին, որը կառուցել է հայկական եկեղեցի ի՛ր միջոցներով։ Դոնեցկի հայությունը նախաձեռնում է շատուշատ ուշագրավ միջոցառումներ, որոնք հայտնի են ոչ միայն նրա սահմաններում, այլեւ դրանից դուրս։ Պակիստանի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի ու շնորհիվ նրա, որ Ուկրաինայի քաղաքացի եմ, ոչինչ չի խոչընդոտել ինձ։ – Վերադարձից հետո ինչպե՞ս եք վերականգնվում եւ չե՞ք կարոտում բարձունքները։ – Օրգանիզմը բարձրությունը հիշում է մեկ տարի։ Կարոտ չեմ զգում, նոր եմ վերադարձել։ Պարզապես հետաքրքիր է ճշտել, թե արտակարգ իրավիճակներում ինչի է ընդունակ օրգանիզմդ, ի՞նչ թաքնված հնարավորություններ դեռ կան։ – Հաջորդ բարձունքը ո՞րն է լինելու եւ ի՞նչ մտադրություններ ունեք։ – Չգիտեմ, թե ո՞ր լեռան պակասը կզգամ, բայց հաջորդ անգամ կազմակերպելու եմ ֆոտո-ցուցահանդես, հենց գագաթի վրա։ – Ո՞վ է քեզ սպասում տանը։ – Մայրս եւ 3 շուն։ Սպասում եմ, թե Աստված ե՞րբ կտա ինձ հայ կին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել