Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուզաննա Համբարձումյանը պնդում է, որ իր որդուն Ստեփան Զորյանի անվան թիվ 56 միջն. դպրոցի տնօրեն Մարիա

Սեպտեմբեր 05,2001 00:00

Ներքին կանոնադրություն Ռուզաննա Համբարձումյանը պնդում է, որ իր որդուն Ստեփան Զորյանի անվան թիվ 56 միջն. դպրոցի տնօրեն Մարիամ Հովհաննիսյանը հեռացրել է դպրոցից ոչ թե վատ սովորելու, այլ անձնական խնդիրներ ունենալու պատճառով։ Տիկին Ռուզաննայի տղան մինչեւ 8-րդ դասարան սովորել է թիվ 83 միջնակարգ դպրոցում, բայց քանի որ 9-10-րդ դասարաններում վարժարանային ուսուցում է եղել, նա տղային տեղափոխել է թիվ 56 դպրոց։ «Նախ, վարժարանում ուսումը շատ ավելի դժվար էր եւ հետո այնտեղ վճարովի էր, իսկ ես ի վիճակի չեմ վարձավճարը մուծել»,- բացատրեց տիկին Ռուզաննան։ Այժմ տիկին Ռուզաննան նաեւ թիվ 56 դպրոցից է վերցրել որդու գործերը, քանի որ, ըստ նրա, որդու դեմ դպրոցում հալածանքներ են սկսվել։ Նրա որդուն չեն թույլատրել մասնակցել ավարտական քննություններին եւ ասել են, որ պետք է մեկ տարի էլ մնա 9-րդ դասարանում, քանի որ 200 ժամ բացակայություն է ունեցել եւ 4 վերաքննություն։ Իսկ ծնողի պնդմամբ, երեխան միայն 140 ժամ բացակայություն է ունեցել եւ 3 վերաքննություն։ Թիվ 56 դպրոցում նրա որդուն անմիջապես տեղավորել էին բնագիտական թեքումով դասարան, քանի որ այնտեղ երեխաները քիչ են եղել։ Որոշ ժամանակ անց դասարանի դասղեկը զանգահարում է տիկին Ռուզաննային, որն, ի դեպ, նաեւ դասարանի ծնողկոմիտեի նախագահն է, եւ վիրավորված հայտնում. «Ես չեմ կարողանում դասարանի ֆոնդի համար աշակերտներից 100-ական դրամ հավաքել, իսկ աշխարհագրության ուսուցչուհին իրեն իրավունք է վերապահել աշակերտներից գումար հավաքել, եւ դուք դա թույլ եք տվել»։ Տարակուսած տիկին Ռուզաննան շտապում է դպրոց եւ տեղում պարզում, որ աշխարհագրության ուսուցչուհի Հասմիկ Գրիգորյանը ինչ-որ ներքին կարգ է սահմանել, ըստ որի՝ դասից ուշանալու համար աշակերտները պետք է վճարեն 100 դրամ, իսկ դասին անպատրաստ լինելու համար՝ 200 դրամ, որպեսզի անբավարար չստանան։ Այդպես պատմել են աշակերտները։ Դեպքից երկու օր անց դասարանի յոթ աշակերտի ծնողի, այդ թվում նաեւ տիկին Ռուզաննայի, տնօրենը ծնողական ժողովի է հրավիրում։ Ժողովին նա ծնողներին բացատրում է, որ իրենց երեխաները աշխարհագրության սենյակում 6 հատ գլոբուս են կոտրել, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 90 հազար դրամ եւ պարտադրում, որպեսզի ծնողները հնարավորինս շտապ հավաքեն գումարը եւ ներկայացնեն իրեն։ Եվ քանի որ տիկին Ռուզաննայի տղան հանդգնում է տնօրենին հիշեցնել, որ իրենց դասարանը մի քանի ամիս առաջ մեկ գլոբուս է միայն կոտրել, որը եւ վերանորոգվել է, տնօրենն ամբողջ դասարանին դուրս է հրավիրում։ Տիկին Ռուզաննայի մասնակցությամբ ամեն ինչ պարզվում է, սակայն «նրանց մերկացնելու փոխարեն, սկսվեցին տղայիս դեմ հալածանքները»։ Թիվ 83 դպրոցի տնօրեն Սամվել Պապոյանից տեղեկացանք, սակայն, որ Ռուզաննա Համբարձումյանի տղան, չնայած «գիտելիքներով թույլ երեխա է, բայց խուլիգանական արարքներ երբեք թույլ չի տվել»։ Ստեփան Զորյանի թիվ 56 դպրոցի տնօրեն Մարիամ Հովհաննիսյանը նշեց միայն, որ իր մեղավորությունն այն է, որ միջակ սովորող երեխա է ընդունել. «Ես նրան դպրոցից չեմ հանել, թող գա սովորի, բայց պետք է մնա 9-րդ դասարանում եւ ոչ թե փոխադրվի 10-րդ»։ Ինչ վերաբերում է աշխարհագրության ուսուցչուհուն, տիկին Հովհաննիսյանը ճշտեց, որ նա իր աշակերտների հետ ներքին կանոնադրություն է մշակել, բայց տնօրենն այդ մասին իմանալուց հետո կանխել եւ խիստ նկատողություն է տվել նրան։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել