Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ

Սեպտեմբեր 05,2001 00:00

ԱԳՌԱՎԻ ՃՈՒՏԸ ՄՈՐ ՀԱՄԱՐ Ըստ երեւույթին, բոլոր ծնողներն էլ իրենց երեխաներին «վունդերկինդի»՝ հրաշամանուկի տեղ են դնում։ Այս եզրահանգմանը կարելի էր գալ՝ տեսնելով այն անվերջանալի հերթերը, որ կուտակվում էին Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունում՝ օգոստոսի 20-ից 31-ը։ Այդտեղ 10 օր շարունակ գործում էր բժշկամանկավարժական ժամանակավոր հանձնաժողովը, որի տված դրական եզրակացության եւ երաշխիքների հիման վրա միայն դպրոցների տնօրենները կարող էին դպրոց ընդունել 1995թ. ծնված, բայց 6,5 տարին չլրացած երեխաներին։ Հոգեբաններից, վաստակաշատ դասվարներից, մանկաբույժից եւ կրթության վարչության աշխատակիցներից կազմված 8 հոգիանոց հանձնաժողովը, դիմումների մեծ հոսքի պատճառով, գործում էր օրվա ընթացքում 10-12 ժամ։ Արդյունքում, «քննված» ավելի քան 600 երեխաների գերակշռող մասն այս տարի դարձավ առաջին դասարանցի՝ ընկերանալով 7 տարեկաններին։ Մինչ այժմ էլ շարունակվում է դիմումների հոսքը։ Ծնողների մի մասը նոր է որոշել, որ կարելի է մի տարի չսպասել ու հիմա երեխային դպրոց տանել։ Սակայն, ըստ հանձնաժողովի նախագահ Աննա Ստեփանյանի, իրենց աշխատանքներն արդեն ավարտված են եւ այլեւս իրավունք չունեն նոր եզրակացություններ տալու։ Հանձնաժողովը աշխատում էր գերլարված աշխատանքային ռիթմով, ամեն օր լսելով 60-70 երեխայի։ Ընդ որում, անդամներից յուրաքանչյուրն իր հերթին, իր իրավասությունների շրջանակներում զրուցում էր երեխայի հետ, փորձում որոշել՝ կարո՞ղ է երեխան հարմարվել դպրոցական ռեժիմին, պատրա՞ստ է դրան, թե՝ դեռ ոչ։ Ամենավերջում հանձնաժողովը տալիս էր իր եզրակացությունը։ Ըստ տիկին Ստեփանյանի. «Օրվա ընթացքում 60-70 երեխայից մերժում էինք ընդամենը 7-8 հոգու։ Սակայն նրանց ծնողների պնդմամբ, կրկնակի լսումներից հետո, նրանցից 2-3-ին դրական եզրակացություն էինք տալիս։ Մի խոսքով, օրվա մեջ ընդամենը 4-5 հոգի էին մերժվում»։ Հիմնականում մերժվում էին ֆիզիկապես թույլ, վտիտ, վատառողջ երեխաները, կամ նրանք, ում ընդհանուր զարգացածությունը, մտավոր ներուժը չէր բավարարում դպրոց ընդունվելու համար։ Եղել են դեպքեր, երբ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, բայց հոգեբանը կամ բժիշկը ունեցել են առանձին կարծիք, զրուցել են ծնողի հետ, առաջարկներ ու խորհուրդներ տվել, թե հատկապես ինչին ուշադրություն դարձնեն, որ երեխան դպրոցում պրոբլեմներ չունենա։ Երբ տիկին Ստեփանյանից հետաքրքրվեցինք՝ որպես կրթության համակարգի վաստակաշատ աշխատակից, ի՞նչ կարծիք ունի, ճի՞շտ է 6-6,5 տարեկանից երեխային դպրոց տանելը, նա ասաց, որ իրենք գործադիր համակարգի աշխատողներ են եւ կատարում են օրենսդրի որոշումը, բայց. «Ես՝ որպես մայր, իմ երեխաներին այդքան վաղ չէի տանի դպրոց, չէի խլի նրանց մանկության թեկուզ մեկ տարին»։ Ինչպես եւ կարծում էինք, դիմողների գերակշիռ մասը՝ մոտ 70-80%-ը, տղա երեխայի ծնողներ են։ Հեռատե՜ս մարդիկ։ Մ. ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել