Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ

Սեպտեմբեր 05,2001 00:00

Mini ցույց Մինչեւ սեպտեմբերի 7-ին սպասվելիք հանրահավաքը, հանրապետության քաղաքական ուժերը երեկ որոշել էին անցկացնել mini ցույց՝ ԳԱԱ-ի կլոր սեղանի շուրջ։ Արշակ Սադոյանի ներկայացմամբ, հանրահավաքի օրակարգում կլինի երեք հարց. 1) «ԱրմենՏելն» ու րոպեավճարը, 2) «ԱրմենՏելի» մենաշնորհն ու դրա չարաղետ հետեւանքները, 3) «ԱրմենՏելի» մենաշնորհի վերացում։ Կլոր սեղանի շուրջ բացակա «ուժ» չկար՝ «Հանրապետություն», «Օրինաց երկիր», ՀԺԿ, ՀԴԿ եւ մնացյալը, գումարած՝ նաեւ անհատ գործիչներ։ Խումբը գլխավորող Արշակ Սադոյանը ձայն հատկացրեց բոլորին էլ ու, եթե ընդհանրացնենք պատասխանները, մեր քաղաքական դեմքերը պահանջում են զրկել «ԱրմենՏելին» մենաշնորհային իրավունքից, բացառել րոպեավճարի ներմուծումը մինչեւ համապատասխան պայմանների ստեղծումը եւ, ամենագլխավորը՝ պահանջել Ռոբերտ Քոչարյանի՝ որպես իրավիճակի գլխավոր մեղավորի հրաժարականը։ Վերջին պահանջի հիմնավորումն առանձին դեմքերի շուրթերով հնչեց գրեթե նույնանման։ Խորեն Թռչունիչն, օրինակ, մի համեմատություն արեց. «Մարդու տղան ման եկող է (գուցե աղջի՞կը- Ռ. Ա.), եւ ծնողը ծեծում է նրան, ում հետ նա ման է գալիս, որովհետեւ իր տղայի վրա չի կարողանում։ Հիմա մերն ու մեր նախագահինն է»։ «Ազգային միաբանությունը» գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանը մասնավորեցման գործընթացում ընդգծված թուլություն է դրսեւորել՝ չմերժելով ոչ մի օտարերկրացու։ Ուստի անհապաղ պետք է նախագահ փոխել, որպեսզի խուսափենք հետագա փորձանքներից. չէ՞ որ, դեռ բաշխիչ ցանցերի եւ այլ խնդիրներ կան լուծելու։ Մի ՀԺԿ-ականի կարծիքով, Քոչարյանն ու իր կառավարությունն այժմ միայն ձեւեր են թափում, կապված հակաարմենտելային մեղմ ընդվզումների հետ, որպեսզի ժամանակն աշխատի հօգուտ իրենց եւ հարցը սառեցվի։ Ի լրումն այս ամենի, Աղասի Արշակյանն էլ հայտնեց, որ վերջին մեկ տարում իր առողջության հաշվին մի կերպ դիմացել է ու չի քննադատել Ռոբերտ Քոչարյանին, բայց այժմ որոշել է խախտել «զինադադարը»։ Մի խոսքով, կլոր սեղանի շուրջ համոզված էին, որ եթե քաղաքական ուժերը ձեռք ձեռքի տված (իսկ դա հազվադեպ է լինում) շարունակեն պայքարը, ուրեմն մեր կյանքում հաստատ շրջադարձ կլինի, եւ որ «ԱրմենՏելն» ու րոպեավճարն ընդամենը սկիզբն են սկզբոց։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել