Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իր նկատմամբ հարուցված քրեական գործը եւ նախաքննությամբ չբացակայելու մասին ստորագրությունը որպես խափան

Սեպտեմբեր 05,2001 00:00

ՄԵԿԸ ԳՐՈՒՄ ԵՆՔ, ԵՐԿՈՒՍԸ՝ ՊԱՀՈՒՄ Իր նկատմամբ հարուցված քրեական գործը եւ նախաքննությամբ չբացակայելու մասին ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելը, «Շողակն» գործարանի տնօրեն Սերգեյ Գասպարյանի հավաստմամբ, կարող են խոչընդոտել 6 մլն դոլարի ներդրման հնարավորությանը։ Բանն այն է, որ գործարքների կատարման ժամանակ գործարանի կողմից փաստաթղթեր ստորագրելու իրավունք ունի միայն նա։ Սակայն հանրապետությունից չբացակայելու նրա պարտավորվածությունը կարող է խանգարել տեր կանգնելու իրենց գործարանին հասանելիք մշակման ենթակա 34 հազար կարատ ալմաստին։ Սերգեյ Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է գործարանի նախկին աշխատակից Կարինե Հովհաննիսյանի գործի առնչությամբ։ Վերջինս դեռեւս մասնավորեցումից առաջ աշխատել է գործարանի մեխանիկական արտադրամասում, որպես տեխնիկական հսկիչ։ Այս հաստիքը, ինչպես բացատրեցին գործարանում, ենթադրում է «նշված տեղամասում արտադրվող ձեռքի եւ սեղանի սրճաղացների աշխատանքի պիտանելիության ստուգում եւ ոչ մի առնչություն չունի ադամանդի արտադրության հետ»։ Մասնավորեցումից հետո սրճաղացների արտադրությունը դադարեցվել է։ Կրճատվել է Կ. Հովհաննիսյանի հաստիքը, եւ վերջինս ազատվել է աշխատանքից։ Նրա հայցով, Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը կայացրել է վճիռ, որով պարտավորեցրել է «Շողակնի» տնօրինությանը Կ. Հովհաննիսյանին վերականգնել իր աշխատանքում կամ նրան ընդունել համարժեք այլ աշխատանքի եւ վճարել հարկադիր պարապուրդի դիմաց։ Պրն Գասպարյանն ու իր իրավաբանը հավաստիացնում են, որ Կ. Հովհաննիսյանին վճարել են 71 հազար 40 դրամ՝ հարկադիր պարապուրդի դիմաց։ Իսկ հավաքարարի եւ տեխնիկական հսկիչի աշխատանքները նույն՝ բանվորի կատեգորիան ունեն։ Այս ամենը դիտվել է իբրեւ դատարանի վճիռը դիտավորությամբ չկատարել, ինչի հիման վրա էլ ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Ա. Բադալյանը քրգործ է հարուցել Ս. Գասպարյանի դեմ։ ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության Ակնագործության եւ ոսկերչության վարչության պետ Գագիկ Մկրտչյանն իր խիստ անհանգստությունը հայտնեց «Շողակնի» զարգացման պայմաններում նման իրավիճակում հայտնվելը, ինչը բազմաթիվ բանակցությունների արդյունքում ձեռք բերված քվոտաներին «տՐՏՉՈս» է սպառնում։ Նույնիսկ եթե գործադիր տնօրենն անարդարացի է այս հարցում, պրն Մկրտչյանը գտնում է, որ «աշխատանքի չընդունելու համար չբացակայելու մասին ստորագրություն վերցնելը խիստ միջոց է»։ «Շինծուություն եմ տեսնում այս ամենի մեջ»,- գնահատեց նա։ Գործարանի սեփականատեր «L.L.D. DIAMONDS Ltd» ընկերությունում այս ամենին դեռեւս տեղյակ չեն, թեեւ արդեն վաղը՝ սեպտեմբերի 6-ին, գործադիր տնօրենը պետք է լիներ Ռուսաստանում։ Ս. Գասպարյանի հավաստմամբ, նախկին տնօրենի օրոք գործարանում առաջացած կրիզիսի արդյունքում վերջինս հեռացվել է աշխատանքից, եւ դրանից հետո իրենց հաջողվել է վերստին շահել սեփականատիրոջ վստահությունը։ Նոր Հաճընի քաղաքապետ Արմեն Քեշիշյանը գտնում է, որ մեկ հոգու համար չարժե վտանգել ամբողջ կոլեկտիվին. «Լեւ Լիվաեւը էնքա՜ն գործարաններ ունի, որ եթե մի բան լսի, սա հանգիստ կփակի-կգնա։ Բա մնացած 500 գործազուրկնե՞րը։ Ո՞վ պիտի պատասխան տա»։ ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գեւորգ Դանիելյանն ասաց, որ եղած խափանման միջոցների մեջ ստորագրությունն ամենամեղմն է եւ այն «ուղղակի անհրաժեշտ միջոց է քրեական գործը արագ ավարտելու համար»։ Նա այս գործին շատ լավ ծանոթ է եւ ասաց, որ խափանման այդ միջոցն ընտրված է շատ կարճ ժամանակով եւ դրանով բնավ միտում չի եղել խոչընդոտելու պրն Գասպարյանի գործունեությանը։ Պրն Դանիելյանը տեղեկացրեց, որ պրն Գասպարյանը կարող էր միջնորդություն ներկայացնել իր՝ հանրապետությունից անհրաժեշտաբար բացակայելու թույլտվության խնդրանքով։ «Չեմ կարծում, թե չի բավարարվի. գործի տվյալներն այնպիսին են, որ թույլ կտան միջնորդությունը բավարարել»,- ասաց Գեւորգ Դանիելյանը։ Ասենք, որ քրգործ հարուցելու դեմ պրն Գասպարյանն իր բողոքը ՀՀ գլխավոր դատախազին գրել է ս/թ հուլիսի 21-ին, որի պատասխանով, ըստ նրա, «գանգատը թողնվել է առանց բավարարման»։ Պրն Դանիելյանն իր հերթին հավաստիացնում է, որ նախաքննական մարմինը կարող է (համապատասխան միջնորդության դեպքում) իր աշխատանքն այնպես կազմակերպել, որ չխանգարի պրն Գասպարյանին. շուտ կկազմակերպի հարցաքննությունը, առերեսումը եւ այլն։ Իր ասուլիսում Սերգեյ Գասպարյանը կասկածներ հայտնեց (ասաց, որ փաստեր դեռեւս չունի), որ այս ամենը հենց իր դեմ է արվում։ Ինքը նոր աշխատաոճ է բերել գործարան, որը չեն ընդունում։ Համառորեն չասաց, թե ով։ Իրենց մոտ այլեւս թանկարժեք քարերը չեն գողանում կամ չեն փոխում, ինչն առաջներում լինում էր։ Թե ինչ չեն ասում երկու կողմերն էլ, գաղտնիք է։ Բայց՝ առայժմ։ Մոտ ապագայում հաստատ կերեւա՝ ով ինչ է թաքցնում։ Կամ լինենք այնքան միամիտ, որ հավատանք, թե իրավաբանական կոնսուլտացիայի պակասի պատճառով է պրն Գասպարյանը զրկվում նախաքննության մարմինների հետ արդյունավետ համագործակցելու իրեն ընձեռված բացառիկ հնարավորությունից։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել