Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԵՐ ԵՂԵ՞Լ ԵՆ

Սեպտեմբեր 05,2001 00:00

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԵՐ ԵՂԵ՞Լ ԵՆ «Հոկտեմբերի 27»-ի գործին է կցված նաեւ մի քաղաքացուհու՝ Վարդիթեր Մադաթյանի նամակը, որը նա 2000 թ. ապրիլի 28-ին ուղղել էր զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին. «Ձեր մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ նշեցիք, թե դատաբժշկական քննությունը հաստատել է «Հոկտեմբերի 27»-ի գործով մեղադրվողների հոգեկան նորմալ վիճակը։ Այդ կապակցությամբ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում հետեւյալին։ Որքան կարողացել եմ կողմնորոշվել հոգեկան խանգարումների վերաբերյալ Վ. Դավթյանի գրքից (Երեւան, 1992 թ.), էական է նաեւ, թե երբ է կատարվում բժշկական քննությունը, քանի որ հոգեկան խանգարման այնպիսի տեսակի դեպքում, ինչպիսին, օրինակ, աֆեկտն է, խանգարումը ժամանակավոր է, ընթացքն ավարտելուց հետո քննությամբ այլեւս կարող է չգրանցվել»։ Այս պարագայում այլեւս անիմաստ են հոգեբանական զանազան փորձաքննությունները, որ կատարվում են ահաբեկիչների նկատմամբ։ Վարդիթեր Մադաթյանը մի հանգամանքի վրա էլ է ուշադրություն հրավիրում. «Կարելի է անհնար չհամարել անձի դիստրեսային տպավորությունների օջախներն արտաքին միջամտությամբ գրգռելով ու գործողությունների հող նախապատրաստելով նրան որոշակի գործողությունների մղելը»։ Քաղաքացուհին զինդատախազին առաջարկում է փորձել պարզել, թե արդյոք մեր հանրապետությունում մարդկանց վրա նման հոգեբանական փորձեր արվե՞լ են, առավել հավանական համարելով, որ այդ պրակտիկան կիրառում են ժամանակակից գաղտնի ծառայությունները։ «Հազիվ թե Ձեր դատաբժշկական ծառայության անդամները տեղյակ չլինեին հոգեբանական այն տարրական տեղեկություններին, որոնց մասին նշեցի վերը, բայց բացառված չէ, որ նրանք շահագրգռված չլինեին ամբողջ ճշմարտությունը ներկայացնելու կա՛մ այն պատճառով, որ իրենք էլ մասնակից են նշածս փորձերի իրականացմանը, կա՛մ այն պատճառով, որ չեն ցանկանա կամ կվախենան դավաճանել իրենց բավական վտանգավոր կոլեգաներին»,- գրում է Վարդիթեր Մադաթյանը։ Մեզ առայժմ հայտնի չէ՝ արդյոք քննությամբ պատասխան ստացե՞լ են այս նամակում մատնանշված հարցադրումները։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել