Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՔՎՈՒՄ ԼՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ

Սեպտեմբեր 05,2001 00:00

ԲԱՔՎՈՒՄ ԼՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ Երեկ Բաքու էր ժամանելու Լեռնային Ղարաբաղի Հելսինկյան քաղաքացիական վեհաժողովի պատվիրակությունը՝ վերջինիս նախագահ Կարեն Օհանջանյանի գլխավորությամբ: Նախորդ օրը սակայն Ղարաբաղի ազատագրության ադրբեջանական կոմիտեն հայտարարություն է տարածել, որով բողոք է հայտնել հայերի Ադրբեջան կատարելիք հերթական այցի առնչությամբ: Ադրբեջանական «Զերկալո» թերթը տեղեկացնում է, թե սույն հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ այդ պատվիրակության այցը Բաքու հակասում է Ադրբեջանի շահերին, քանի որ արդեն մի քանի անգամ Բաքու այցելած Կ.Օհանջանյանը բազմիցս հայտարարել է, որ ԼՂ-ն իբրեւ Ադրբեջանի բաղկացուցիչ մաս չի ճանաչում: Ղարաբաղի ազատագրության կոմիտեն նաեւ դատապարտել է Ադրբեջանի հասարակական եւ քաղաքական կազմակերպություններին, որոնք անտարբերության են մատնում «հայերի հետ բարեկամության» փորձերը: Սույն կոմիտեն նաեւ դիմել է Ադրբեջանի իրավապահներին՝ համապատասխան քայլեր ձեռնարկել եւ հայտարարել, թե ինքն ամեն կերպ խոչընդոտելու է հայկական պատվիրակության մասնակցությանը որեւէ միջոցառման: Անդրադառնալով այդ այցի հետ կապված դժգոհության փաստին, Հելսինկյան քաղաքացիական վեհաժողովի ադրբեջանական ազգային կոմիտեի նախագահ Արզու Աբդուլաեւան «Զերկալոյին» տված հարցազրույցում ասել է, թե իրենք էլ են ձգտում ԼՂ-ն ազատագրել հայ անջատողականներից, բայց Բաքու այցելող հայկական պատվիրակության կազմում են լինելու նաեւ ԼՂ-ում գործող «ֆաշիստական ռեժիմի» քննադատության համար ձերբակալված լրագրողներ, ովքեր նաեւ Ադրբեջանի հետ խաղաղության կողմնակիցներ են: «Եթե ղարաբաղցիների գոնե մի մասը համաձայնի երկու ժողովուրդների միջեւ կամուրջներ ստեղծելու գաղափարին եւ միաժամանակ ճանաչի Ադրբեջանի օրենքները, ապա այդ աշխատանքը հարկ կլինի շարունակել»,- ասել է նա: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել