Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 05,2001 00:00

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, որպես դրա տրամաբանական շարունակություն եւ հետեւանք, սկսվեցին եւ լայն ծավալ ստացան հարձակումներն այդ ոճրագործության զոհեր ՀԺԿ առաջնորդ Կարեն Դեմիրճյանի եւ ՀՀԿ ղեկավար Վազգեն Սարգսյանի ստեղծած, ժողովրդի վստահության քվեն ստացած ու ՀՀ Ազգային ժողովում իր իսկ անունով պատգամավորական խմբակցություն կազմավորած «Միասնություն» դաշինքի դեմ։ ՀՀԿ-ն, հռչակելով իրեն որպես Ռ. Քոչարյանի քաղաքական հենարան, ըստ էության, իրեն դուրս է դրել «Միասնություն» դաշինքից եւ, ստանձնելով նրա կամակատարի դերը, ամեն տեսակի ճնշումներով, կեղծիքներով ԱԺ-ում անց է կացնում հակաժողովրդական օրենքներ, վերածելով ԱԺ-ն գործադիր իշխանության կցորդի։ «Միասնություն» խմբակցությունն արդյունք է երկու կուսակցությունների՝ ՀԺԿ-ի եւ ՀՀԿ-ի, դաշինքի, եւ առանց դաշինքի անհեթեթ է նույնանուն խմբակցության գոյությունը։ Բոլոր արհեստական փորձերը՝ որպես «Միասնություն» ներկայացնել ՀՀԿ-ն ու ՀԺԿ-ից դուրս եկած պատգամավորներին, անտրամաբանական եւ անօրինական են։ Ի պատասխան այդ հակասահմանադրական դրսեւորումների եւ, հավատարիմ մնալով «Միասնություն» դաշինքի ժողովրդի քվեն ստացած ծրագրին, ՀԺԿ-ն հայտարարում է, որ այդ դաշինքի փլուզման ջատագովներն ազատ են դուրս գալու «Միասնություն» դաշինքից եւ այդ դաշինքի անունը կրող պատգամավորական խմբակցությունից։ Եթե նրանք ցանկանում են հավատարիմ մնալ ՀՀ Սահմանադրությունում ամրագրված ժողովրդի իշխանության սկզբունքներին, ապա նրանց համար միակ ճշմարիտ եւ բարոյական ճանապարհը «Միասնություն» դաշինքի կողմից ստացած իրենց պատգամավորական մանդատներից հրաժարվելն է եւ նոր ընտրությունների գնալը, որն իրավական հիմք կծառայի «Միասնություն» պատգամավորական խմբակցության լուծարման համար։ ՀԺԿ-ն միշտ էլ հավատարիմ է եղել եւ հավատարիմ կմնա «Միասնություն» դաշինքի ծրագրին եւ ժողովրդից ստացած քվեին։ ՀԺԿ-ն հավաստիացնում է իր ընտրողներին եւ ամբողջ ժողովրդին, որ շարունակելու է պայքարել նրանց շահերի համար եւ երկրի ճակատագրով իրապես մտահոգ ուժերի հետ կձեռնարկի բոլոր քայլերը՝ երկիրը բարոյահոգեբանական եւ սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամից դուրս բերելու համար։ ՀԺԿ քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել