Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրեմն հասարակությունն իր դժգոհությունը պետք է ուղղի այդ գործարքի ջատագովին

Սեպտեմբեր 05,2001 00:00

«ԱրմենՏելի» գործարքի կնքահայրը նախագահ Քոչարյանն է Ուրեմն հասարակությունն իր դժգոհությունը պետք է ուղղի այդ գործարքի ջատագովին «Այն, ինչ կատարվում է «ԱրմենՏելի» շուրջ՝ թատրոն է հիշեցնում»,-անդրադառնալով սեպտեմբերի 1-ից րոպեավճարի կիրառման դեմ ՀՀ իշխանությունների կազմակերպած դեմարշին, ասաց «21-րդ դար» կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանը: Վերջինս կարծիք հայտնեց, թե այսօր կառավարությունը հերոսի կեցվածք ընդունած, իբր, պաշտպանում է հասարակության եւ ժողովրդի շահերը: «Իրականում լուրջ կասկածներ կան, որ «ԱրմենՏելի» եւ իշխանությունների միջեւ որոշակի պայմանավորվածություն կա. վերջիններս խաղալու են, իբր, ժողովրդի շահերի պաշտպանի դերը, իսկ «ԱրմենՏելն» անելու է իր գործը: Բայց հստակ է, որ «ԱրմենՏելի» գործարքի համար ողջ պատասխանատվությունը կրում են հենց ներկայիս իշխանությունները, թեեւ այսօր նրանք փորձում են ժողովրդի դժգոհությունն ուղղել հատկապես «ԱրմենՏելի» դեմ»,- նկատեց պարոն Շահնազարյանը եւ հիմնախնդիրն ընդհանրացնելով՝ կարծիք հայտնեց, որ քանի դեռ կան ներկայիս իշխանությունները, անիմաստ է խոսել հասարակության սոցիալական որեւէ խնդրի լուծման մասին: «1998-ի իշխանափոխությունից տառացիորեն օրեր անց, երբ Ռ.Քոչարյանը դեռեւս համատեղում էր ՀՀ վարչապետի եւ նախագահի պաշտոնակատարի պաշտոնները, նրա կառավարությունը խորհրդարանին ներկայացրեց «Հեռահաղորդակցության մասին» օրինագիծը, որը շատ արագ ու կեղծիքներով քվեարկվեց եւ ընդունվեց»,- վերհիշեց ԱԺ նախկին պատգամավոր Դ.Շահնազարյանը՝ ավելացնելով, որ թեեւ ինքն անձամբ այդ քվեարկության ժամանակ Հայաստանում չի եղել, բայց իր փոխարեն օրինագծին ինչ-որ մեկը «կողմ» էր քվեարկել: Կուսակցության նախագահը հարկ համարեց ավելորդ անգամ հիշեցնել դյուրահավատ հասարակությանը, որ «ԱրմենՏելի» գործարքի կնքման հիմք է դարձել հենց այդ օրինագիծը, որի ջատագովն ու կնքահայրն էր Ռ.Քոչարյանը: «Ընդ որում ներկայիս նախագահն այդ գործարքով հպարտանում էր եւ համարում, որ այն ամենամեծն ու ամենահաջողն է, նաեւ՝ տնտեսական գործարքի անզուգական օրինակ: Այսօր մենք ականատես ենք այդ գործարքի արդյունքներին»,- ասաց Դ.Շահնազարյանն ու հայտարարեց, թե «ԱրմենՏելի» գործունեության ողջ պատասխանատվությունը կրում են ներկայիս իշխանությունները՝ ի դեմս Ռ.Քոչարյանի: Նա նաեւ նկատեց, որ այսօր «ԱրմենՏելին» ուղղված հասարակության պահանջներն իրականում պետք է ուղղված լինեն ոչ թե այդ ընկերությանը, այլ՝ Ռ.Քոչարյանին»: Հարց է ծագում՝ եթե իշխանություններն, իրոք, մտադիր են պայքարել «ԱրմենՏելի» դեմ, ապա ինչու նրանք կյանքի չեն կոչում 99-ի փետրվարին ՀՀ Սահմանադրական դատարանի եզրակացությունը, ըստ որի, «ԱրմենՏելի» 15 տարվա մենաշնորհը ՍԴ-ն համարել էր հակասահմանադրական, ընդ որում, մի քանի կետերով: ՍԴ-ն միաժամանակ դիմել էր ՀՀ կառավարությանն ու Ազգային ժողովին՝ կնքված գործարքը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար: Առայժմ այդ ուղղությամբ իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկել: Վերջին այդպիսի փորձ 99-ի մարտ-ապրիլին ձեռնարկել էր այն ժամանակ ԱԺ պատգամավոր Էդիկ Եգորյանը, որի օրենսդրական նախաձեռնությանը օժանդակել էր նաեւ «Հանրապետություն» խմբակցությունը: Վերջիններս պահանջում էին օգտվել ՍԴ-ի եզրակացության ընձեռած հնարավորությունից եւ խորհրդարանում վերանայել «ԱրմենՏելի» հետ կնքված գործարքը: Բայց այն ժամանակ ԱԺ խոսնակ Խոսրով Հարությունյանի ջանքերի շնորհիվ հարցն այդպես էլ օրակարգ չէր մտել: Հիմա հերթը ԱԺ-ում եւ կառավարությունում այդ գործարքի դեմ բարձրաձայնող գործիչներինն է: Սակայն, ինչպես տեսնում ենք, նրանք նախընտրում են «ԱրմենՏելի» դեմ «պայքարել» ոչ թե կոնկրետ գործով, այլ՝ խոսքերով: Նրանք, թերեւս, հրահանգ ունեն. ընդամենը բաց թողնել հասարակության ներսում իշխանություններից ահագնացող դժգոհության գոլորշին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել