Լրահոս
Օրվա լրահոսը

1999

Սեպտեմբեր 05,2001 00:00

ՆՐԱՆՔ ՀԱՄԱԽՈՀՆԵՐ ԷԻՆ ՓՆՏՐՈՒՄ 1999 թ. մարտից Նաիրի Հունանյանը եւ այլք փնտրում էին մարդկանց, ովքեր իրենց հետ միասին պիտի հեղաշրջում անեին։ Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում իրենց սեւ գործն անելուց հետո նրանք դարձյալ լծվել էին «որոնողական աշխատանքների»։ Նրանք համախոհներ են փնտրել անգամ առանց առանձնահատուկ լրջության։ Ասենք, Էդիկ Գրիգորյանի հարեւանը՝ Արթուր Բարսեղյանը, 1999-ի նոյեմբերի 3-ի հարցաքննության ընթացքում պատմել է, որ հոկտեմբերի 26-ի երեկոյան, իր ընկերոջ տանը «ընդհանուր խոսակցության ժամանակ, երբ Էդիկը Նաիրիի նման զրույց էր տանում այն մասին, որ հանրապետության ղեկավարներին պետք է փոխել, նա դիմելով ինձ՝ հարցրեց. «Չե՞ս գալիս մեզ հետ մի նախարարի պաշտոն էլ դու ստանաս»։ Լուրջ չընդունելով Էդիկի ասածը, ես կատակով պատասխանեցի, որ նախարար լինել չեմ ուզում, ինձ բավական է մեկ ամսով լինեմ մի կոմիտեի նախագահ, որը զբաղվում է ամերիկյան կազմակերպությունների հետ կապերով։ Էդիկը, շարունակելով արդեն իմ կատակը, ասաց. «Բա նախարար չլինե՞ս, դաչա ունենաս, դաչայում միասին նստենք, նարդի խաղանք»։ Այդ իր խոսքերը լսել են մեր կանայք, եւ ծիծաղելով մեր վրա՝ ասել են, թե նայեք, ուզում են նախարար դառնան, որ դաչայում նարդի խաղան։ Այդ հարցով մենք այլեւս չենք խոսել»։ Բայց խոսել էին բազմիցս՝ ըստ Արթուր Բարսեղյանի ցուցմունքների, Նաիրի Հունանյանը մի քանի անգամ էր զրույցներում առաջ քաշել այն գաղափարը, թե Վազգեն Սարգսյանին ոչնչացնելը միակ ելքն է։ (Ի դեպ ասած, շատ կան այնպիսիք, որոնք այս կամ այն իշխանավորին գյուլլելու անհրաժեշտության մասին անընդհատ խոսում են։ Սրանք նման խոսողներից տարբերվել են նրանով, որ նաեւ խումբ ձեւավորելու եւ գործնական այլ քայլեր են քննարկել)։ Արթուր Բարսեղյանը խոստովանում է, թե մասնակցել է այդ զրույցներին, բայց միշտ վիճել է, հակափաստարկներ բերել։ Թերեւս այդ պատճառով էլ «վճռական օրը» նրա հետ զրույցը չեն լրջացրել։ Մոսկվայի «Մասսիվ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Կամո Բեգլարյանի հետ հոկտեմբերի 26-ի երեկոյան ահաբեկիչները զրուցել էին «սուջուխի համար դոշաբ ճարելու» առանցքային խնդրի շուրջ։ Սակայն, ըստ Բեգլարյանի 1999-ի հոկտեմբերի 31-ի հարցաքննության, այդ ընթացքում Հունանյան եղբայրները նրան երկու անգամ ասել էին, որ հաջորդ օրը տեղի է ունենալու ԱԺ-ի հանդիպումը կառավարության հետ. «Ինձ ասացին. «Մենք վաղը գնալու ենք այնտեղ, դու չե՞ս ուզում գալ»։ Ես ասացի, որ զբաղված եմ, ժամանակ չունեմ, դժվար թե կարողանամ գալ, բայց քաղաքավարությունից ելնելով ավելացրի, որ եթե ժամանակ ունենամ՝ կզանգեմ»։ Կամո Բեգլարյանը պնդել է, թե ԱԺ գնալու նպատակի մասին իրեն ոչինչ չէին ասել եւ ինքը ոչինչ չի իմացել Հունանյանների մտադրության մասին։ Ի դեպ, հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում վիրավորված Հերմինե Նաղդալյանը Կամո Բեգլարյանի հորեղբոր որդու՝ Դավիթ Բեգլարյանի կինն է։ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի հետ Նաիրի Հունանյանն իր «խոհերը» կիսել էր ավելի վաղ՝ 1999-ի մարտին։ Ասել էր. «Միակ ելքը հեղաշրջումն է։ Ասաց նաեւ, որ մինչեւ Վազգենին չվերացնեն՝ երկիրը չի ուղղվի։ Ես էլ ասացի, որ մեջների նորմալ մարդը Վազգենն է, ինչո՞ւ չես առաջարկում Սերժին կամ Քոչարյանին վերացնել։ Նաիրին ավելացրեց, որ նրանց էլ կկախենք, չենք թողնի»։ Այս ամենը պատմելով 1999-ի նոյեմբերի 22-ի իր հարցաքննության ընթացքում, Շանթ Հարությունյանը խոստովանել էր. «Ես նրան չհավատացի, մի տեսակ կասկածամտությամբ էի վերաբերվում նրա ասածներին եւ ինձ թվում էր, որ ինձ ստուգելու համար են նրան ինձ մոտ ուղարկել»։ Կասկածամտությամբ կարելի է վերաբերվել ՀԱԲ-ի նախկին հրամանատար Ռազմիկ Վասիլյանի ցուցմունքներին, որը պնդել է, թե երբ 1999-ի գարնանը Նաիրի Հունանյանը երկու այլ անձանց հետ եկել էր իր տուն, խոսել էին միայն եւ միայն իր առողջական վատ վիճակի եւ իրեն «Արմենիկումով» անվճար բուժելու մասին։ Առիթ ունեցել ենք մեջբերելու ԱԱՆ հատուկ նշանակության գնդի անդամ Ղազար Սարգսյանին, որը ցուցմունք էր տվել, թե Նաիրի Հունանյանն իրեն ասել է, որ «կռվող տղերքից միություն» ստեղծելու համար պիտի հանդիպի նաեւ Ռազմիկ Վասիլյանին։ Վերջինս սակայն 1999-ի նոյեմբերի 13-ին իր ցուցմունքում ասել էր. «Նրանք բուժման պատրվակից բացի ինձ այլ բան չեն ասել», իսկ նոյեմբերի 24-ին էլ պնդել. «Նաիրի Հունանյանն ինձ որեւէ առաջարկություն չի արել… Որեւէ բան իր նպատակների մասին չի ասել, իշխանություններից չի բողոքել, չի դժգոհել»։ Ի դեպ, ԱԺ նիստերի դահլիճից Հունանյանը զանգել էր Վասիլյանին. վերջինիս տնեցիներն ասել էին, թե նա տանը չէ։ Զանգել էր նաեւ Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին՝ Սամվել Բաբայանի հետ կապվելու համար։ Սեֆիլյանն, ի դեպ, փոխանցել էր այդ խնդրանքը, եւ ահա թե ինչ պատասխան էր ստացել. «Սամվել Բաբայանն ասաց. «Էտի գիժ է, գործ չունես, ոչ մի բան էլ պետք չէ նրա հետ կապ պահպանելու» եւ նա չուզեցավ իմանալ, թե ինչ համարներ է տվել Նաիրին»։ Ի դեպ, Ժիրայր Սեֆիլյանի ցուցմունքից դատելով՝ այդ օրը Սամվել Բաբայանը, Արկադի Ղուկասյանը եւ Հայաստանի իշխանությունները խիստ համախմբված են գործել։ Ե՛վ ԼՂՀ պաշտպանության նախարարը, ե՛ւ ԼՂՀ նախագահն իրեն պատվիրել են. «Գնա՛ նախագահ Քոչարյանի մոտ՝ կարող է պետք գաս»։ Եվ վերջապես, Նաիրի Հունանյանը զանգել էր նաեւ Հրանտ Մարգարյանին՝ մեկ պատվիրելով «տղաներին վերցրու, արի», մեկ՝ «Վազգեն Մանուկյանին վերցրու՝ եկեք, տեսնենք ինչ ենք անում», մեկ էլ՝ «արի, միջնորդի»։ Այս մասին շատ է գրվել։ Հավելենք, որ երբ 1999-ի նոյեմբերի 1-ի հարցաքննության ընթացքում քննիչը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ ահաբեկչությունից գրեթե անմիջապես հետո Նաիրի Հունանյանը հենց իրենից է օգնություն խնդրել. «Միգուցե ձեր միջեւ նախօրոք պայմանավորվածությո՞ւն է եղել»։ Հրանտ Մարգարյանը պատասխանել է. «Վերջին գեթ 8 տարվա ընթացքում Նաիրիին չեմ տեսել, իսկ թե ինչու ինքը ինձ զանգեց, դա էլ բախտի հարց է։ Չգիտեմ։ Վերջապես նա պիտի որեւէ մեկին զանգեր, կամ էլ ծրագրված էր ուշադրությունը շեղել դեպի մեզ»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել