Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույց

Սեպտեմբեր 05,2001 00:00

«ԵՐԿՐԻՆ ՊԵՏՔ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» Հարցազրույց Ստեփան Դեմիրճյանի հետ – Պրն Դեմիրճյան, Ձեր տնօրինած գործարանի մասնավորեցման գործընթացին մասնակցելու համար հայտերը ներկայացնելու ժամկետը լրացավ օրերս։ Պարզվեց, որ միայն մեկ հայտ կա՝ «Մարսի» կոլեկտիվի ներկայացրած հայտը։ Արդյո՞ք իշխանությունները ինչ-որ դերակատարություն ունեցել են, որ որեւէ այլ ինքնակոչ «ընկերություն» մասնավորեցման հայտ չներկայացնի։ Փաստորեն, տրամադրվածություն է զգացվում գործարանի մասնավորեցումը հօգուտ Ձեզ կատարել։ – Հունիսի 1-ին լրացավ հայտերը ներկայացնելու ժամկետը։ Դեռ այն ժամանակ, եթե հիշում եք, կոլեկտիվը ներկայացրել էր առաջարկություն։ Հետաձգվեց մինչեւ սեպտեմբերի 3-ը, այժմ պարզվեց, որ հայտեր չկան եւ միայն մեր առաջարկությունն է ներկայացված։ Այսօր որեւէ ուրիշ գործնական առաջարկություն չկա՝ բացի կոլեկտիվի առաջարկությունից, որը, պետք է ասեմ՝ շատ իրատեսական է. նախատեսվում են լուրջ ներդրումներ, ծավալները կտրուկ աճելու են, ընդ որում, իրականում ավելի մեծ ծավալների կհասնեն, քան նշված է ծրագրում։ Եվ, կարող եմ ասել, որ մի քանի տարվա ընթացքում ծավալները կհասնեն մոտ 50-60 մլն դոլարի։ Արտադրանքի 90%-ը կարտահանվի։ Կա իրատեսական ծրագիր, եւ մենք պատրաստ ենք այդ ծրագիրն իրականացնել։ Կոլեկտիվն է ստեղծել գործարանը եւ արժանի է, որպեսզի ձեռք բերի այն։ Կա նաեւ ռուսական տարբերակը, կտեսնենք, թե ինչ կլինի։ Ինչ վերաբերում է, թե իշխանությունները հատուկ այնպես են արել, որ այլ հայտեր չներկայացվեն… Հակառակը, անընդհատ ձգձգելը, մինչ այդ էլ երեք տարի դրված էր տենդերի, ցույց է տալիս միանգամայն հակառակ պատկերը՝ իշխանություններն անընդհատ ձգձգում են, եւ պարզ է, որ գործարանն ուզում են օգտագործել որպես քաղաքական խաղաքարտ։ – Այսօր ՀԺԿ-ն համարվում է կոշտ ընդդիմություն։ – ՀԺԿ-ն եղել եւ մնում է սկզբունքային դիրքորոշումներ ունեցող կուսակցություն։ Հիմա մեզ ի՞նչ մեղադրանքներ են ներկայացնում. ա) մենք ապակայունացնող տարր ենք։ Մենք ապակայունացնող ուժ ենք, որովհետեւ մենք փորձում ենք կասկածի տակ դնել, որ այդ մարդասպանները չե՞ն ուղղորդվել, միայնա՞կ են գործել, բ) մենք պետականամետ չենք։ Մենք պետականամետ չենք, որովհետեւ գտնում ենք, որ չէր կարելի կիրառել համաներումը «Հոկտեմբերի 27»-ի գործով անցնող ամբաստանյալների նկատմա՞մբ, որովհետեւ դեմ ենք ահաբեկիչներին հովանավորելո՞ւն։ Պետականամետ չենք, որովհետեւ դեմ ենք ԱԺ-ն խամաճիկ դարձնելո՞ւն, կառուցողական չենք, որովհետեւ ունենք մեր դիրքորոշումը, որը չի՞ համընկնում Ռ. Քոչարյանի դիրքորոշման հետ, կամ դեմ ենք, որ ԱԺ-ում կեղծիքներով եւ ճնշումներով հակաժողովրդական օրենքնե՞ր անցկացվեն։ – Բայց այս բոլորը Դուք գիտեիք նաեւ մեկ կամ երկու տարի առաջ։ Ինչո՞ւ հանկարծ հիմա որոշեցիք ակտիվանալ։ Կարծես թե այն ժամանակ մի քիչ ավելի հարմարվող էիք։ – Մենք հարմարվող երբեւիցե չենք եղել եւ, եթե հարմարվող լինեինք, ավելի շատ նախարարներ կունենայինք եւ այլն։ Դրա մասին ավելորդ է խոսել։ Հոկտեմբերի 27-ից հետո մենք ամեն ինչ արել ենք իսկապես, որպեսզի երկրում պահպանվի կայունություն։ Այո՛, մենք ամեն ինչ արել ենք՝ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար, բայց հիմա տեսնում եք, թե ինչ է կատարվում։ Բնականաբար, մեր վերաբերմունքը համապատասխանաբար պետք է արտահայտենք։ – Այսօրվա (երեկվա) ՀԺԿ հայտարարությամբ Դուք, կարծես, վերջակետ դրեցիք «Միասնություն» դաշինքի լինելիությանը վերաբերող հարցերին։ – «Միասնություն» դաշինքն, ըստ էության, գոյություն չունի։ Իհարկե, ճիշտը քաղաքակիրթ ձեւով լուծարելն է, սակայն մեր արդեն նախկին դաշնակից ՀՀԿ-ն այդ բանը չի անում, ընդհակառակը՝ շրջանառության մեջ է դրել ինչ-որ անհեթեթ թեզ, թե «Միասնություն» խմբակցություն կարող է գոյություն ունենալ առանց «Միասնություն» դաշինքի։ Սա ուղղակի անլուրջ, անտրամաբանական խոսակցություն է։ Մենք միշտ էլ հայտարարել ենք, որ «Միասնության» ծրագրերից երբեւիցե չենք շեղվել։ ՀՀԿ-ն դարձել է Ռ. Քոչարյանի հենարանը, իսկ դա «Միասնության» առաքելությունը չէր։ Ինչ է, մենք մեզ դուրս ենք դրել այսօրվա «Միասնությունից», որովհետեւ չե՞նք դարձել Ռ. Քոչարյանի կամակատարը, ինչպես անում են ոմանք։ – ՀԺԿ-ն այսօր բանակցություններ է վարում այլ քաղաքական ուժերի հետ, նույնիսկ ասվում է, թե նոր դաշինքն արդեն ձեւավորված է, մնում է հայտարարություն անել։ – Բազմիցս մենք այդ կապակցությամբ արտահայտվել ենք, խոսք չի գնում որեւէ նոր դաշինքի մասին, իսկ համագործակցություն, իհարկե, կա։ Համագործակցում ենք «Հանրապետության», «Ազգային միաբանության», Կոմկուսի եւ մի շարք այլ ուժերի հետ եւ շատ հարցերում ունենք միանման դիրքորոշում։ – Ձեզ հետ համագործակցող կուսակցությունների ղեկավարները չեն թաքցնում, որ իրենց նպատակն իշխանափոխությունն է։ Ինչպե՞ս եք հասնելու դրան։ – Հասկանալի է, որ ինչ էլ անենք, կանենք Սահմանադրության շրջանակներում։ Ռ. Քոչարյանը շատ է խախտել Սահմանադրությունը, բայց մենք կառաջնորդվենք Սահմանադրության շրջանակներում։ Ակնհայտ է, որ երկրին պետք են փոփոխություններ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել