Տուժողի առաջին հաղթանակը Արմավիրի N զորամասի հրամանատար Մուրադ Աբրահամյանը, ըստ մեր ունեցած տեղակատվության, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Հավանաբար, այդ իսկ պատճառով, տրամադրություն չունեին պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, մասնավորապես ՊՆ զինվորական հոսպիտալի բուժվարչության պետն ու հոսպիտալի պետը։ Նրանք չժամանեցին Էրեբունի-Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան, ուր նախագահությամբ Ամրահի Պետրոսյանի, լսվեց Արմավիրի N զորամասի սերժանտ Սուրեն Գրիգորյանի ներկայացուցիչների հայցն ընդդեմ ՊՆ վերոնշյալ հոսպիտալի ռազմաբժշկական հանձնաժողովի։ Ս. Գրիգորյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ լրագրողներս դատական նիստին սպասեցինք նշանակված ժամից 1 ժամ ավելի։ Իսկ նրանք, տեղեկացնենք, օգոստոսի 22-ի, 27-ի եւ երեկվա նիստերին ընդհանրապես չներկայացան՝ թեեւ պատշաճ ծանուցվել էին։ Փաստաբան Ս. Սաֆարյանը գտնում էր, որ պատասխանող կողմն ընդհանրապես խուսափում է։ Նա ներկայացրեց 2000 թ. նոյեմբերի 27-28-ը, երբ սպայական կազմի «սիստեմատիկ» ծեծի ենթարկելու պատճառով սերժանտ Սուրեն Գրիգորյանը ստացել է ծանր մարմնական վնասվածք, որի արդյունքում կորցրել է խոսելու ունակությունը եւ նա նոյեմբերի 29-ին տեղափոխվել է պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալ։ Սուրենը հետազոտվել է, անցել մանրակրկիտ քննություն։ Իսկ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովն էլ 30-օրյա բուժում է նշանակել թիվ 2 շտապօգնության հիվանդանոցում, որից հետո Ս. Գրիգորյանը պետք է վերջնական կարգավիճակ ստանար։ «Առավոտի» բազմաթիվ հրապարակումներից տեղյակ եք, որ 7-8 ամիս «ձեռից-ձեռ» անցնելով՝ Ս. Գրիգորյանը կարգավիճակ չստացավ, իսկ հանձնաժողովն էլ կարգավիճակ չտալը կապում էր հիվանդության պատմության բացակայության հետ (ըստ փաստաբանի, «հիվանդության պատմությունն առգրավել է ՀԿԳ քննիչ Ս. Հովհաննիսյանը»)։ Թե ինչո՞ւ էր ձգձգվում Ս. Գրիգորյանին կարգավիճակ տալը, փաստաբանը պատճառաբանեց այսպես. «Մեղադրյալների վիճակը չծանրացնելու համար»։ Փաստաբանը դատարանին ներկայացրեց բազմաթիվ միջնորդություններ, դիմումներ, իրարամերժ պատասխաններ, որոնք անհնար էին դարձրել Սուրենի հոսպիտալում մնալը, կարգավիճակ տալը։ «Սուրենն ունեցել է 3-4 ախտորոշում, որով կարգավիճակ պիտի ստանար»,- ասաց Ս. Սաֆարյանը։ Եվ քանի որ ՊՆ-ն հերթական անգամ չհարգեց դատարանը եւ չասաց իր հակափաստարկները, տեղեկացնենք, որ դատարանը երեկ դիմումատուի պահանջները բավարարեց, ապօրինի ճանաչելով ՀՀ ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովի թիվ 1018 եւ թիվ 746 գրություններով ընդունված որոշումները։ Դատարանը պարտավորեցրեց ՌԲՀ-ին՝ Ս. Գրիգորյանի հիվանդությունների վերաբերյալ մինչեւ 2001 թ. հունիսի 11-ը առկա փաստաթղթերով կայացնել որոշում՝ կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննություն նշանակելու եւ նրա՝ զինվորական ծառայությանը պիտանի լինելու հարցը լուծելու կապակցությամբ։ Ռ. Մ.