Տգիտության վնասները Երբ լսում ես պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների բանավեճերն ու դատողությունները հաշվիչ դրամարկղերի եւ րոպեավճարի ներդրման վերաբերյալ, սկսում ես գիտակցել, որ այդ մարդիկ ապրում են մի յուրահատուկ աշխարհում, որտեղ տիրում է ինֆորմացիոն վակուումը, որտեղ չեն կարդում արտասահմանյան մամուլ, ծանոթ չեն Ինտերնետին: Հակառակ դեպքում չես կարող բացատրել, թե ինչու են կրքեր բորբոքվել այն խնդիրների շուրջ, որոնց լուծման հարուստ փորձ կա: Դիմենք Ռուսաստանի օրինակին, որտեղ շուկայական հարաբերությունների զարգացման աստիճանը համեմատելի է մեր պայմանների հետ: 2000 թվականի դեկտեմբերի 5-ին վարչապետ Կասյանովի որոշմամբ, թույլատրվել է առանց հսկիչ դրամարկղերի առեւտուրը տոնավաճառներում, շուկաներում եւ ցուցահանդեսային համալիրներում: Բացի այդ, թույլատրվել է «կտրոններ չխփել» ոչ ալկոհոլային խմիչքներ եւ պաղպաղակ վաճառող կրպակներում: Իսկ մեր իշխանավորները որոշել են «դրամարկղել» ամեն ինչ առանց խտրականության` հաշվի չառնելով Հայաստանի մակարդակին գտնվող երկրների փորձը: Հիմա չարաբաստիկ րոպեավճարի մասին: Այստեղ, կարծում եմ, բանավեճը պետք է ընթանա ոչ թե այդ համակարգի վերացման, այլ ներդրման պարամետրերի եւ պայմանների մասին: Սակայն առայսօր պարզ չէ, թե որ հաշվարկների հիման վրա է ԱրմենՏելը որոշում ընդունել սահմանել ամիսը հենց 120 րոպե /օրը 4 րոպե/ անվճար խոսակցություն եւ հենց 4 դրամ վարձավճար մեկ րոպեի համար: Ռուսաստանում նույնպես րոպեավճար է ներմուծված, բայց իրական հաշվարկների եւ 100 բնակավայրերում այդ համակարգի աշխատանքի փորձի հիման վրա: Այդ հաշվարկներից ելնելով, Ռուսաստանում սահմանված է ամիսը 613 րոպե /օրական ավելի քան 20 րոպե/ անվճար խոսակցություն` չափաբաժին, որի մեջ տեղավորվում է բնակչության մեծ մասը: Հասկանալի չէ, թե ինչու այդ չափաբաժինը Հայաստանում պետք է 5,1 անգամ ավելի քիչ լինի, քան Ռուսաստանում: Այնուհետեւ` Ռուսաստանում ամեն մի հավելյալ րոպեի համար վճարվում է 11 կոպեկ /0,36 ցենտ/, մինչդեռ Հայաստանում գործում է 4 դրամ /0,72 ցենտ/, իսկ հետագայում նախատեսվում է 8 դրամ /1,45 ցենտ/ րոպեավճարը: Այլ կերպ ասած, Հայաստանի բնակչության վրա մեկ րոպեն կնստի երկու, իսկ այնուհետեւ՝ չորս անգամ շատ, քան ռուսաստանցիների վրա: Այնինչ Ռուսաստանում կյանքի մակարդակը երեք անգամ բարձր է, քան Հայաստանում` այնտեղ մեկ շնչին ՀՆԱ-ն տարեկան հասնում է 2000 դոլարի, իսկ մեզ մոտ՝ 600-700 դոլարի: Բացի այդ, րոպեավճարը ներմուծելուց հետո Ռուսաստանում աբոնենտային վարձը իջել է 15 ռուբլով /3Օ տոկոսով/, իսկ մեզ մոտ այդ վարձը մնացել է նույնը: Այս տարրական տվյալները մեր նախարարներն ու պատգամավորները կարող են ստանալ բաց եւ մատչելի աղբյուրներից, եւ այդ դեպքում նրանց ելույթները կլինեն գուցե պակաս կրքոտ եւ միտինգային, բայց առավել փաստարկված: ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՈՎ