Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի

Սեպտեմբեր 04,2001 00:00

Պատմավեպ «Առավոտի» էջերում Սեպտեմբերի 8-ից սկսած, «Առավոտն» իր շաբաթօրյա համարներում (10-11 էջեր) տպագրելու է Վահրամ Մարտիրոսյանի «Խաչի համար ծպտվածները» պատմավեպը։ Ինչո՞ւ «Առավոտում»։ Այս հարցին «Առավոտի» գլխավոր խմբագիրն ուներ՝ իր, իսկ գրքի հեղինակը՝ իր պատասխանները։ Ըստ Արամ Աբրահամյանի, որը, բանից պարզվում է, ձանձրացել է քաղաքական գործիչների հետ շփումներից, քանի որ արդեն կանխազգում է նրանցից յուրաքանչյուրի ասելիքը, «Առավոտը» գնել է Վահրամի գրքի տպագրության իրավունքը, որովհետեւ ա) հասարակական պահանջմունքը կամաց-կամաց շեղվում է զուտ քաղաքական թեմաներից (ի ուրախություն մշակութային թեմաներով գրող լրագրողիս- Մ. Բ.) եւ մշակութային անանց արժեքներին կրկին հակվելու միտումներ է ցույց տալիս, բ) երբ կգա ժամանակը եւ կտպագրվի Վ. Մարտիրոսյանի երկերի ժողովածուն, գրքի վերջում՝ ծանոթագրությունների բաժնում, կգրվի, որ «Խաչի համար ծպտվածներն» առաջին անգամ տպագրվել է «Առավոտում» եւ ամենակարեւորը՝ գ) Ա. Աբրահամյանը հավանել է վեպը։ Մեր գլխավոր խմբագրի գրական ճաշակի վերաբերյալ որեւէ կասկած չունենք, Վ. Մարտիրոսյանի տաղանդի վերաբերյալ՝ նույնպես։ Այնպես որ, ակնկալում ենք, որ «Առավոտի» ընթերցողն անհամբեր կսպասի մեր շաբաթօրյա համարներին՝ 12-րդ դարի Կիլիկյան Հայաստանի անցքերը նկարագրող պատմավեպն ընթերցելու հնարավորությունը ստանալու համար։ Վ. Մարտիրոսյանն էլ սեփական պատճառաբանությունն ուներ՝ «Առավոտում» վեպը տպագրելու. «Իմ «Սողանք» վեպը վաճառվեց մեր իրականության համեմատ աննախադեպ քանակով, բայց «Առավոտի» լսարանն ավելի մեծ է»։ Ըստ հեղինակի, շատ կարեւոր է մեր պատմությանը մի նոր հայացք նետելը. «Մենք՝ որպես փոքր ժողովուրդ, ունեցել ենք սքանչելի պատմություն, դրսեւորել ենք աներեւակայելի քաջություն, ճկունություն, առաքինություն, բայց որպես մեծ, աշխարհակալ ազգ, ինչպիսին հաճախ հավակնում ենք բնութագրվել, հասել ենք շատ փոքր հաջողությունների»։ Պրն Մարտիրոսյանը համարում էր, որ «Խաչի համար ծպտվածները» գիրք է հայրենիքը չլքողների, այս երկրում մնացողների համար։ Այն պատմում է «ծանր հոգեվիճակի» մեջ գտնվող ազգի (Կիլիկիա, 12-րդ դար, Խաչակրաց արշավանքների սկիզբը) մասին, որը, ի տարբերություն այսօրվա Հայաստանի ծանր վիճակից փախչողների, իր հայրենիքում ապրելու եւ պայքարելու «հավես» ու ցանկություն ուներ… «Մի քիչ գիտնական» Վ. Մարտիրոսյանը պատմավեպը գրելիս օգտվել է բազմաթիվ աղբյուրներից՝ հայ եւ այլազգի պատմիչների աշխատություններից, եւ փորձել դրանց միջից քաղել ճշմարիտ ու արժանահավատ իրականությունը։ Ինչն այնքա՜ն դժվար է գտնել պատմության էջերում։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ Հ. Գ. Թեեւ Ա. Աբրահամյանը հայտարարեց, թե շաբաթօրյա պատմավեպային թեքումով «Առավոտները» կարժենան 150 դրամ (դրանով իսկ, ընթերցող լայն զանգվածները մասնակից կլինեն մշակույթի հովանավորչության սուրբ գործին), բայց, ինչպես պարզվեց ավելի ուշ, զուտ տեխնիկական պատճառներով, «Առավոտի» ընթերցողը կզրկվի Վ. Մարտիրոսյանի գիրքը հովանավորելու պատվից։ «Առավոտի» շաբաթօրյա համարները նույնպես կվաճառվեն միեւնույն՝ 100 դրամ գնով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել