Վարձերը չեն վճարում Մինչեւ սեպտեմբերի 15-ը բուհերի վճարովի համակարգ ընդունված ուսանողները պարտավոր են վճարել ուսման վարձը, ավելի ճիշտ՝ վարձի 50%-ը։ Ընդհանուր առմամբ՝ երեկվա դրությամբ վճարովի համակարգ ընդունվածների 10%-ը նույնիսկ դեռ չի վճարել ուսման վարձը։ Իսկ վճարովի համակարգ ընդունված ուսանողը հրամանագրվում է, այսինքն՝ ստանում է ուսանողի կարգավիճակ միայն ուսման վարձը վճարելուց հետո։ Վճարումների մասին մեր հարցին ի պատասխան, գրեթե բոլոր բուհերում էլ դժգոհում էին, որ այս տարի այդ գործընթացը շատ ավելի դանդաղ է ընթանում, քան նախորդ տարիներին։ Որոշ բուհերում էլ հույս ունեին, թե հայկական մտածելակերպին հավատարիմ, սպասում են մինչեւ վերջին օրը, որ նոր վճարեն։ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ֆինանսական հարցերով պրոռեկտոր Լաերտ Հովհաննիսյանից տեղեկացանք, որ բուհի վճարովի համակարգ ընդունված մոտ 900 ուսանողից, երեկվա դրությամբ, միայն 10-15-ն էին վճարել ուսման վարձը։ Պրն Հովհաննիսյանը եւս շեշտեց, որ այս տարի վճարումները շատ վատ են կատարում։ Պրոռեկտորի գնահատմամբ՝ տրված ժամկետը շատ քիչ է ուսման վարձերը վճարելու համար, շատերը չեն հասցնի մինչեւ սեպտեմբերի 15-ը վճարել ուսման վարձի 50%-ը եւ այդ ժամկետը թերեւս դարձյալ երկարաձգվի, ինչպես արվում էր նախորդ տարիներին։ Պրն Հովհաննիսյանը նաեւ նկատեց, որ չհրամանագրված ուսանողները չեն կարողանում օգտվել ուսանողների իրավունքներից, ասենք, օգտվել գրադարանից, իսկ տղաներին կարող են բանակ տանել։ Ընդ որում՝ այլ բուհերի հետ համեմատած ՀՊՃՀ-ում ուսման վարձը համեմատաբար ցածր է՝ 200-250 հազար դրամ։ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում եւս ուսման վարձը ցածր է՝ 180-250 հազար, սակայն այստեղ նույնպես ուսման վարձը շատ քչերն են վճարել։ Բուհի գլխավոր հաշվապահը տեղեկացրեց, որ նախորդ տարի օգոստոսի 25-ից վճարում էին ուսման վարձը, իսկ այս տարի երկու օր առաջ նոր հայտնվել են առաջին վճարողները եւ օրական հազիվ մի 10 ուսանող է վճարում ուսման վարձը։ Այս բուհի վճարովի համակարգ ընդունվածների թիվը մոտ 300 է։ Իսկ Երեւանի պետական համալսարանի վճարովի համակարգ ընդունվել է 2320 ուսանող, սակայն, ինչպես բուհի հաշվապահությունից ճշտեցինք, միայն մի քանի տասնյակն է վճարել ուսման վարձը։ ԵՊՀում ուսման վարձը 150-660 հազար դրամ է։ Բնականաբար, ավելի բարձր է -հեղինակավոր մասնագիտությունների ուսման վարձը՝ իրավագիտության, միջազգային հարաբերությունների, օտար լեզուների։ Ամենաբարձր ուսման վարձը Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում է՝ 700 հազար դրամ։ Եվ նույնիսկ ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանն իր վերջին ասուլիսում նկատեց, որ այս բուհը իր ուսման վարձի չափը վերանայելու կարիք ունի, քանի որ վճարովի համակարգ դիմածներն այնքան քիչ էին, որ բավարար ստացած բոլոր ուսանողներն ընդունվել էին։ Իսկ դա նշանակում է, որ բուհ ընդունվածների որակը առանձնապես բարձր չէ։ Սակայն ուսման վարձի չափը որոշում է բուհը եւ պարտադրել ԿԳՆ-ն չի կարող։ Այստեղ եւս ուսման վարձերի վճարումների տոկոսը բարձր չէ։ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտոր Արշալույս Թարվերդյանի կարծիքով, սովորաբար սեպտեմբերի 1-ից, երբ ուսանողները գալիս են դասի, նոր սկսում են կատարել վճարումները, այնպես որ, վճարումների ցածր տոկոսն այս օրերի համար նորմալ երեւույթ է։ Ռեկտորը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 1-ին ընդունել են առաջին կուրսեցիներին, դեկաններին հանձնարարված է եղել ծանոթացնել նրանց վարձերի վճարման կարգի եւ այլ հարցերի հետ, իսկ վճարումները, պրն Թարվերդյանի կանխատեսմամբ, հիմնականում սեպտեմբերի 10-15-ը կկատարեն։ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի պրոռեկտորի կարծիքով եւս դեռ վաղ է վճարումների դինամիկայի մասին որեւէ տվյալ ասել։ Պրն Արշակյանը տեղեկացրեց, որ դեռ նոր են ուսանողները սկսում վճարել վարձերը։ Այս բուհում ուսման վարձը 350 հազար դրամ է։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ