Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմենակ

Սեպտեմբեր 04,2001 00:00

ՄԻՐՈՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՍԿԱԾԵՑ ԱՆԳԱՄ ԵՂԲՈՐԸ Արմենակ Արմենակյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Եղիշե Անդրիյանը երեկ ավարտեց իր հարցերն ուղղել «Հոկտեմբերի 27» քրգործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանին։ Միրոյանի շահերի ներկայացուցչի, փաստաբան Արամ Կարախանյանի հարցաքննությունը, փաստորեն, չավարտվեց եւ այն կշարունակվի սեպտեմբերի 5-ին նշանակված դատական նիստի ժամանակ։ Ա. Կարախանյանը հետաքրքրվեց, թե արդյոք ամբաստանյալը հոկտեմբերի 27-ին օգտագործե՞լ է «որեւէ գրգռիչ», ինչին ամբաստանյալ Ն. Հունանյանը պատասխանեց. «Ինչ-որ հատուկ բաներ չենք օգտագործել։ 1-2 բաժակ օղի ենք խմել»։ Պարզվեց նաեւ, որ օղի օգտագործել են Հունանյանները՝ իրենց տանը, երբ հատկապես քեռի Վռամն է այցելել իրենց։ Մինչեւ հոկտեմբերի 27-ը Ն. Հունանյանն անձնապես ծանոթ չի եղել ԱԺ հանգուցյալ փոխնախագահ Ռուբեն Միրոյանին։ Ինչ վերաբերում էր նրա քաղաքական հայացքներին, ամբաստանյալը հայտնեց. «Նրա կողմից այդ ժամանակ որեւէ ելույթի չեմ հանդիպել, որ իմանամ, ի՞նչ քաղաքական հայացքների անձ է»։ Ամբաստանյալը տեղյակ էր, որ Ռ. Միրոյանը «Միասնություն» դաշինքի ներկայացուցիչ է եղել։ Հետաքրքիր կարող է լինել հոկտեմբերի 27-ի սպանությանն առնչվող փաստաբան Արամ Կարախանյանի եւ ամբաստանյալ Նաիրի Հունանյանի միջեւ տեղի ունեցած հարցուպատասխանը. Ա. Կ.- Ձեր ծրագրի մեջ եղե՞լ է Ռուբեն Միրոյանի սպանությունը։ Ն. Հ.- Ո՛չ։ Ա. Կ.- Ի՞նչ հանգամանքներում է սպանվել Ռ. Միրոյանը։ Ն. Հ.- Տպավորությունս այնքան աղոտ է, որ ինձ կարծես պատմած լինեն։ Ինձ այնպես է թվում, որ լրագրողներին դահլիճից դուրս հանելուց հետո նախագահության ետեւի միջանցք չեմ գնացել, որովհետեւ Դերենիկ Բեջանովն այնտեղ է եղել։ Երբ մտա միջանցք, չէր երեւում շարժվողն ով է։ Նույնիսկ չեմ հիշում, քանի անգամ եմ կրակել։ Չեմ վերահսկել կրակոցը։ Այդպիսի զգացողություն չի մնացել։ Ա. Կ.- Միջանցքի դուռը փա՞կ էր։ Ն. Հ.- Իմ մոտ չկա հիշողություն, որ ես դուռ բացած լինեմ։ Տեսաժապավենը նորից նայելով՝ կասկած է առաջանում, որ նշածս ժամանակ մտած լինեմ։ Ա. Կ.- Այն պահին, երբ ներս եք մտել միջանցք, դիմացի դուռը բա՞ց էր։ Ն. Հ.- Երբ Բեջանովն այնտեղ էր՝ փակ էր։ Ամբաստանյալը հայտնեց, որ ակնարկած դուռը բաց է տեսել հունիսին եւ հոկտեմբերին, եւ միջանցքն էլ լուսավորվում էր դահլիճի լույսով՝ «գրեթե կիսամութ էր»։ Նա «լարեց» իր հիշողությունը եւ ասաց. «Իմ տպավորությամբ իջնելու շարժում է մնացել։ Ձեռքի ու մարմնի ինչ-որ շարժում։ Մտել-կրակել ու դուրս եմ եկել»։ «Ի՞նչ դիրքով էր կանգնած Ռ. Միրոյանը, ձեր ինքնաձիգի փողի ուղղությա՞մբ» փաստաբան Ա. Կարախանյանի հարցին պատասխանեց, թե «Լիարժեք դիրք չեմ հիշում։ Նա դեմքով էր»։ Ամբաստանյալն ինչպես երեկ հայտնեց, չէր հասցրել զգալ, թե Ռ. Միրոյանը տեսե՞լ է իրեն, որեւէ խոսք ասե՞լ է։ «Իմ մտնելն ու կրակելն արագ է եղել»,- շարունակում էր նա եւ ինքնակրկնվում նաեւ, թե «բնազդաբար է կրակել»։ Ամբաստանյալը թեեւ ասաց, որ ինքնաձիգը կրակահերթի վրա դրված չի եղել, այլ «մեկական», սակայն հայտնեց, որ 2-3-5 հատ «առանց հաշվարկ անելու» կրակել է։ Փաստաբան Ա. Կարախանյանի մի հարցը, թե հնարավո՞ր է այլ մարդ կրակած լինի Ռ. Միրոյանի վրա, որպես լրացուցիչ ինքնապաշտպանական հնարավորություն իր վրա վերցրեց ամբաստանյալը, ասելով. «Ես երկար չեմ մնացել այնտեղ։ Միշտ դահլիճում եմ եղել, միշտ աչքի առաջ։ Ինքս էլ կասկածներ ունեմ եղբորս հետ կապված»։ Իսկ երբ փորձվեց ճշտել, թե կասկածը կապվա՞ծ է Ռ. Միրոյանին Կարենի կողմից սպանելու հետ, ամբաստանյալ Ն. Հունանյանը պատասխանեց այսպես. «Դա էլ է հավանական, երբ ինքնաձիգի խափանման հետ փոխեց զենքը»։ Ամբաստանյալը ոչ մի հոդվածով իրեն մեղավոր չճանաչեց, բայց պատասխանատվությունը վերցրեց իր վրա։ Նա հայտնեց, որ Ռ. Միրոյանին սպանելու ցանկություն ինքը չի ունեցել, բնականաբար, ցավում է կատարվածի համար։ Նա նաեւ հայտնեց, որ խմբի անդամներն իրենց տրամադրության տակ ունեցել են չորս ինքնաձիգ, ատրճանակ եւ ամեն ինքնաձիգ երեք պարունակով լիցքավորված է եղել։ Եղել է երկու նռնակ, որը բաժանելու տրամաբանությունը հետեւյալն էր. մեկը վերցրել են «մեկնողները», մյուսը՝ «մնացողները»։ Թեեւ հայտնի է, որ «մնացողներ», ըստ էության, չեն եղել։ Տեղեկացանք նաեւ, որ զենքերը կապվել են մուգ կանաչ, սկաուտական բանակումից տանը ետ գցած թելերով։ Դերենիկ Բեջանովի ինքնաձիգի խզակոթը կտրված չի եղել, եւ զենքն էլ ձեռք է բերվել հոկտեմբերի 25-ին։ «Երբ պարզ դարձավ, որ 3 հոգի ենք ԱԺ մտնելու, իմաստ չկար 4-րդի խզակոթը կտրելու»։ Ամբաստանյալը դարձյալ պնդեց իր ցուցմունքները, այն է՝ զենքի «լուրջ փորձարկում» չի եղել եւ որ ծալովի զենքի առաջին փորձարկումը եղել է իրենց տանը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել