Բաժանման բարեկիրթ ձեւ դեռ չկա «Միասնություն» խմբակցության աշնանային առաջին նիստին մասնակցում էին միայն ՀՀԿ անդամները եւ անկուսակցականները։ ՀԺԿ անդամ պատգամավորները նիստի մասին տեղեկացված չեն եղել։ Խմբակցության նախկին քարտուղար, ՀԺԿ անդամ Վարդան Մկրտչյանը, նաեւ Գրիգոր Հարությունյանը եւ Ստեփան Զաքարյանը հայտնեցին, որ նիստի մասին իրենց տեղյակ չեն պահել։ Վարդան Մկրտչյանն ասաց, որ, իհարկե, միտում կա եւ այն սկսվեց դեռեւս այն ժամանակ, երբ իրեն հեռացրին քարտուղարի պաշտոնից։ Իսկ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ հակառակ կարծիքին է եւ որեւէ միտում չի տեսնում։ Նա հայտնեց, որ ամեն երկուշաբթի խմբակցության հերթական նիստի օրն է, եւ խմբակցության անդամները գիտեն այդ մասին։ Իսկ տեղի ունեցածն ընդամենը խորհրդակցություն է եղել, քանի որ մոտ 25 անդամ է ներկա գտնվել։ «Առավոտին» տված հարցազրույցում ԱԺ փոխնախագահ, ՀԿԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հայտնեց, որ աշնան սկզբին, հնարավոր է, տեղի ունենան որոշ իրադարձություններ, մասնավորապես նկատի ունենալով, որ ՀԺԿ անդամ պատգամավորները, ի վերջո, կողմնորոշվելու խնդիր ունեն, եւ ճիշտ կլինի, եթե նրանք դուրս գան կուսակցությունից։ Թերեւս սա նման է քաղաքական վերադասավորումների առաջարկի։ Սակայն ՀՀԿ խորհրդի մեկ այլ անդամ՝ Գալուստ Սահակյանը, բազմաթիվ լրատվամիջոցներին տված հարցազրույցներում կարծիք է հայտնում, թե նման խնդիր չկա։ Ի՞նչ հակասություն է Հանրապետական կուսակցությունում։ Գալուստ Սահակյանը մեզ հայտնեց, որ շարունակում է այդ կարծիքին մնալ. «ԱԺ-ի կանոնակարգը ձեւի իմաստով պայմաններ չի ստեղծում վերադասավորումների համար։ Ինչ վերաբերում է խմբակցության մեջ գտնվող ՀԺԿ անդամներին, դա իրենց խնդիրն է եւ իրենք պիտի որոշեն։ Բայց, անբնականություն կա, որի լուծումը կտան իրենք»։ «Առավոտը» հետաքրքրվեց՝ Գալուստ Սահակյանը հնարավոր համարո՞ւմ է, որ աշնանային նստաշրջանում խորհրդարանում ձեւավորվի նոր քաղաքական մեծամասնություն, թեպետ «կանոնակարգը ձեւի իմաստով պայմաններ չի ստեղծում»։ Պրն Սահակյանը չժխտեց նոր մեծամասնության ստեղծման հնարավորությունը, ասելով, որ, այնուամենայնիվ, իրավական տեսակետից նման մեծամասնությունը ԱԺ կանոնակարգը թույլ չի տալիս. «Եվ բնական էլ չի լինի, որ խորհրդարանում էապես դասական տեսքով նոր մեծամասնություն առաջանա»։ Այդ դեպքում այս պահին ինչպիսի մեծամասնություն է «Միասնություն» խմբակցությունն այս տեսքով, եւ արդյո՞ք կանոնակարգը նման հնարավորություն տալիս է։ Հարցը մնաց օդի մեջ։ Բայց Գալուստ Սահակյանին խնդրեցինք, այնուամենայնիվ, ասել՝ ՀՀԿ խորհրդում քննարկվե՞լ է «Միասնության» հարցը, եթե այո՝ ի՞նչ տեսանկյունից։ Արդյո՞ք հարկ չկա դաշինքի լինել-չլինելու մասին հայտարարություն անել. «Անհրաժեշտություն կա այդ հայտարարությունն անելու, բայց նաեւ կա խնդիր, որ կողմերը պիտի կարողանան ընդլայնել այն բարեկիրթ ձեւը, որն ընդունեցին դաշինքի ստեղծման համար, նույն բարեկիրթ ձեւը պետք է ընտրեն բաժանման համար։ Որն այս պրոցեսում բավական դժվար է իրագործել։ Խորհրդում, իրոք, քննարկել ենք եւ այդ պահանջը տեսնում ենք։ Բարդ է այդ տեսակետից իրավիճակը։ Թվում է, թե պարզ է, կարելի է հավաքվել եւ որեւէ հայտարարություն տալ, բայց մեծ խնդիր կա, որպեսզի դա հիմնավորվի»։ Ի վերջո, այս պահին, կա՞, թե՞ չկա ընտրությունների արդյունքում ժողովրդի քվեն ստացած «Միասնություն» դաշինքը։ Հասկանալի է, որ քաղաքական վայրիվերումներին քիչ թե շատ ծանոթ մեկն անմիջապես կշտապի ասել, որ դաշինքն իրականում այլեւս գոյություն չունի։ Դաշինքի արդյունքում ձեւավորված խորհրդարանական մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանը եւս կարծում է, որ «փաստացի «Միասնություն» դաշինքը չկա»։ Այդ դեպքում, ինչի՞ արդյունք է այսօրվա տեսքով «Միասնություն» խմբակցությունը։ Ըստ պրն Սահակյանի, այն այսօր խորհրդարանական մեծամասնություն է, դաշինքի հետեւանք է, «որը, կարծում եմ, իր մեջ ուժ կգտնի ավելի համախումբ դիրքորոշումներով կայացնելու «Միասնություն» դաշինքի դիրքորոշումները»։ Այսինքն՝ մի բանի, որն այսօր չկա՞։ Պրն Սահակյանը շարունակեց պնդել, թե գաղափարախոսությունն ու սկզբունքները կան. «Այսօր ի զորու է խմբակցությունը շարունակել իր աշխատանքը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ