«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ՄԻՖԵՐԸ Պետական հեղաշրջման փորձի օրը տեղի ունեցած այս երկու սպանությունների շուրջ, որոնք բոլորի աչքի առջեւ չէին կատարվել՝ հյուսվել են, այսպես ասած, առասպելներ։ Ռուբեն Միրոյան Առիթ ունեցել ենք նշելու, թե տարածված լուրերի համաձայն, ԱԺ այս փոխնախագահին ահաբեկչի տեղ դնելով թյուրիմացաբար սպանել էր Վազգեն Սարգսյանի թիկնապահը։ Ասում են, թե ԱԺ շենքի 3-րդ հարկում նկարահանված տեսաժապավենում անգամ պատկերված է, թե ինչպես է այդ թիկնապահը. «Մեկին խփեցի» գոռալով վազում։ Ինչ ցանկանան կվերագրեն, քանզի այդ տեսաժապավենը քչերն են տեսել։ Սակայն կան ցուցմունքները նրանց, ովքեր այդ վերջին պահին Ռուբեն Միրոյանի կողքին են եղել։ Եվ այսպես, ռադիոյով լսելով հայհոյանքներ եւ կրակոցներ, Ռուբեն Միրոյանը դուրս էր եկել իր առանձնասենյակից եւ ուղղվել դեպի նախագահական մուտք՝ ԱԺ դահլիճ իջնելու համար։ Այդ պահին նրան տեսել էր Կարեն Դեմիրճյանի վարորդը՝ Միշա Ասատրյանը։ «Ես հարցրել եմ, թե ուր է նա գնում, ասացի, որ դահլիճում կրակում են,- իր ցուցմունքում նշել է պրն Ասատրյանը։- Նա էլ ասաց, որ գնում է դահլիճ, որ տեսնի՝ ինչ է կատարվում։ Ես ուզեցի իրեն ուղեկցեմ, բայց Ռ. Միրոյանը թույլ չտվեց, ու ես մնացել եմ միջանցքում։ Նա մտավ այն դռնով, որտեղից սկսվում են դահլիճի կողմ տանող աստիճանները։ Մինչեւ նրա այնտեղ մտնելը հնչում էին կրակահերթեր, իսկ երբ նա մտավ վերը նշված դռնով, մի քանի վայրկյան անց այդ կողմից հնչեցին նոր կրակահերթեր, որոնց ձայնն ավելի ուժեղ էր»։ Տարակույս չկա, որ կրակել էին ներքեւից։ Այդ է ապացուցում նաեւ փոստի եւ հեռահաղորդկցության նախկին նախարար Ռոբերտ Տոնոյանի 2000 թ. նոյեմբերի 22-ի ցուցմունքը. «Երբ արդեն սպանել էին Վ. Սարգսյանին, Կ. Դեմիրճյանին եւ մյուսներին, հանցագործներից մեկը, որի հագին կար սպիտակ շալվար, նախագահության մոտ գտնվող դռնից, որ տանում է երրորդ հարկ, դահլիճում կանգնած տեղից իր ձեռքի ավտոմատից կրակ բացեց դեպի այդ դուռը, որը բաց էր։ Եվ ես ձայն լսեցի, որ մեկն ընկավ։ Որոշ ժամանակ անց ես իմացա, հետո նաեւ տեսա այդ դռնից դուրս, միջանցքում, երրորդ հարկ տանող աստիճանների մոտ ընկած էր Ռ. Միրոյանի դիակը եւ հասկացա, որ Ռ. Միրոյանի վրա էր կրակում սպիտակ շալվարով հանցագործը»։ Արմենակ Արմենակյան Նախկին ազատամարտիկը, ըստ 1999 թ. հոկտեմբերի 27-ից հետո տարածված լուրերի, միակն էր, որ փորձ էր արել դիմադրել, չէր ենթարկվել ահաբեկչի պահանջին եւ դրա դիմաց հատուցել էր կյանքով։ Սակայն այդ պահին Արմենակ Արմենակյանի կողքին գտնված անձնավորության հարցաքննություններն ապացույց են, որ այդ լուրերն իրականության հետ շատ քիչ աղերսներ ունեն։ Ավելին, ԱԺ վարչական շենքի պարետի տեղակալ Խաչատուր Հովհաննիսյանն իր մի քանի հարցաքննությունների ընթացքում պնդել է այն, ինչին ոչ մի կերպ չեն կարողանում հավատալ Արմենակյանի մահը հետաքննող լրագրող գործընկերներս՝ թե կրակոցները լսելուց հետո նա կարող էր հանգիստ նստած մնալ ԱԺ ֆոյեում։ (Ի դեպ, գործի նյութերում բազմաթիվ են դահլիճից դուրս գտնվող անձանց վկայությունները, թե լսելով կրակահերթերը՝ նրանք մտածել էին, որ պատգամավորներն են իրար հետ հաշիվ մաքրում եւ առանձնապես չէին անհանգստացել)։ Խաչատուր Հովհաննիսյանը 1999 թ. նոյեմբերի 23-ի հարցաքննության ընթացքում պատմել է, որ երբ կրակահերթերը դադարել են, ինքը դուրս է եկել «Կայունության» սենյակից եւ տեսել փախչող պատգամավորներին։ Բարձրացել է ԱԺ դահլիճին հարակից նախասրահ. «Այնտեղ ոչ ոք չկար, բացի պատգամավոր Արմենակ Արմենակյանից, որը մենակ նստած էր կարմիր ֆոյեի առաջին դռան դիմաց տեղադրված ամսագրային սեղանի կողքին։ Նկատեցի, որ դահլիճի բոլոր դռները ծածկված էին։ Ես զարմացած Արմենի հանգիստ վիճակից՝ մոտեցա նրան։ Նա թիկնած էր բազկաթոռի մեջ, եւ նրա պահվածքը որեւէ հուզմունք կամ այլ զգացմունք չէր արտահայտում։ Միջանցքում ուրիշ ոչ ոք չկար, բացի ինձանից ու Արմենից։ Ես մոտեցա նրան եւ հարցրի. «Արմե՛ն, ի՞նչ է պատահել»։ Նա չհասցրեց պատասխանել եւ նույն պահին ամբիոնի կողմի դուռը բացվեց ու միջանցք դուրս եկավ նիստերի դահլիճից մի տղամարդ (այսպիսով, կարծես, հերքվում է եւս մի առասպել, թե Արմենակյանին սպանել էր ինչ-որ 6-րդ ահաբեկիչ.- Ա. Ի.), մոտ 40 տարեկան, բաց գույնի երկար անձրեւանոցով, շեկավուն դեմքով, խառնված մազերով, ձեռքին ավտոմատ, եւ մոտենալով մեզ՝ ավտոմատն ուղղեց իմ կրծքին եւ հայհոյելով կարգադրեց նստել։ Ես ձեռքերս վերեւ բարձրացրի եւ պպզեցի գետնին։ Այդ պահին այդ մարդը մոտ 2,5 մետր տարածությունից ավտոմատի փողն ուղղեց Արմենի վրա եւ նրան հայհոյելով կարգադրեց պառկել։ Արմենը փորձեց վեր կենալ նստած տեղից եւ նույն պահին այդ մարդը կրակահերթ արձակեց Արմենի վրա…»։ Ըստ Խաչատուր Հովհաննիսյանի, Արմենակյանն այդ ժամանակ դեռ վիրավոր էր եւ նրա տնքոցը լսելով, սպիտակ անձրեւանոցով ահաբեկիչը եւս մի կրակահերթ էր արձակել։ Այս վկայության համաձայն՝ «Արմենակ Արմենակյանն իմ մոտենալուց հետո եւ մինչեւ իր մահանալը որեւէ բան չի արտասանել»։ Մինչդեռ, ըստ տարածված լուրերի, նա հասցրել էր ասել, թե «Ես անգամ թուրքի առջեւ չեմ պառկել՝ դու ո՞վ ես, որ…»։ … Ակամա «Եռանկյունի» ֆիլմը հիշեցի. ստորացուցիչ գաղթի պատկերներից ազատվելու համար Գասպարի լողի առասպելն էր հյուսվել։ Կռիվ ու մահ տեսած տղամարդիկ 1999-ի հոկտեմբերի 27-ին իրենց կրած ստորացումը՝ հատակին պառկելը, նվաստանալը եւ այլն, ենթագիտակցորեն մեղմացնելու համար էին թերեւս հյուսել հերոսական առասպել մեկի մասին, որը փորձել էր գոնե փոքր-ինչ ընդդիմանալ։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ