ԹիշխԼ ըյԽԸ իԸ ՀԿթԸ? Օգոստոսի 21-ից սեպտեմբերի 1-ը ՀՀ էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը գտնվում էր Մոսկվայում՝ ԱԷԿ-ի վերաբեռնավորման համար անհրաժեշտ միջուկային վառելիքի՝ 13.78 մլն դոլար արժողությամբ նոր խմբաքանակի ձեռքբերման ու արդեն ստացվածի դիմաց Հայաստանի կուտակած 16.95 մլն դոլար պետական պարտքի հետ առնչվող խնդիրները կարգավորելու համար: ՀՀ էներգետիկայի նախարարությունից ստացված պաշտոնական տեղեկությունների համաձայն, նախարար Գալուստյանի եւ ՌԴ ատոմային էներգետիկայի նախարարության ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների արդյունքում, հստակեցվել են միջուկային վառելիքի դիմաց վճարման մեխանիզմներն ու առաքման պայմանները: Հայտնի է, որ ռուսական կողմը դեռ ամիսներ առաջ պահանջել էր ԱԷԿ-ի գործարկման համար արդեն առաքված եւ վերաբեռնավորման համար անհրաժեշտ միջուկային վառելիքի դիմաց 32 մլն դոլարը վճարել՝ սպառնալով, թե հակառակ դեպքում վառելիքի նոր խմբաքանակ չի առաքվի: Ռուսաստանը միաժամանակ պահանջել էր մարել նաեւ գազի առաքման դիմաց գոյացած պարտքը՝ խոստանալով Հայաստանին զրկել նաեւ գազից: Այն ժամանակ Ս.Սարգսյանը խոստացել էր միջոցներ հայթայթել եւ բավարարել ռուսական կողմի առաջադրած պահանջները: Հիշյալ հիմնախնդիրները, մինչեւ նախարար Գալուստյանի Մոսկվա կատարած այցը, ըստ էության, արդեն կարգավորել էին ՀՀ պաշտպանության նախարար եւ անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանն ու ՌԴ փոխվարչապետ Իլյա Կլեբանովը: Հիշեցնենք, որ վերջիններս Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են: Թե ինչպես են նրանք այդ խնդիրը կարգավորել՝ միայն կռահել կարելի է: Առայժմ հայտնի է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի շրջանակներում քննարկման առարկա են դառնալու նաեւ այդ հանձնաժողովի իրավասությունների շրջանակներում գտնվող, այդ թվում՝ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի կուտակած 114 մլն դոլար արտաքին պարտքի կարգավորմանն առնչվող հարցեր: Ըստ այդմ, նախատեսվում է, որ ՀՀ եւ ՌԴ նախագահների միջեւ համաձայնագիր կստորագրվի, որով Հայաստանի կուտակած պարտքի մարման հաշվին հայկական մի շարք ձեռնարկություններ մասամբ կամ ամբողջովին կհանձնվեն Ռուսաստանին: Հիշյալ համաձայնագրի շրջանակներում առայժմ պաշտոնապես խոսք է գնում «Որոտանի» կասկադի, «Մարս» ձեռնարկության, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի վերաբերյալ: Իհարկե, տակավին պարզ չէ՝ հիշյալ ձեռնարկություններն առաջարկվում է մասա՞մբ, թե՞ ամբողջովին տալ ռուսներին: Ըստ հավաստի տեղեկությունների, ներկայացված ձեռնարկությունների ցանկը դեռ ամիսներ առաջ Ս.Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ ներկայացված է եղել ռուսական կողմին եւ մերժվել վերջինիս կողմից: Հաշվի առնելով, որ դրանց փոխարեն ռուսները պնդել են իրենց տարբերակը՝ ստեղծել համատեղ էներգոձեռնարկություն, որտեղ կներառվեն ԱԷԿ-ը, Հրազդանի ՊՇԷԿ-ն ու ԲԷՑ-երը, չպետք է բացառել, որ երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ կարող է քննարկվել ՌԴ հանդեպ ունեցած ՀՀ արտաքին պարտքը մարելու հենց ռուսական կողմի տարբերակը՝ թեկուզ մասամբ իրագործելու խնդիրը: Բանն այն է, որ հավաստի տեղեկությունների համաձայն, Ռուսաստանը պնդելու է, համենայն դեպս, ԱԷԿ-ի 27 տոկոս բաժնեմասը՝ գոյացած պարտքերի մի մասի դիմաց, մնացածը, ըստ ժամանակացույցի, մարելու պայմանով: Սրանից զատ, որեւէ այլ պայմանի քննարկում բացառել չի կարելի, առավել եւս, որ կնքվելիք համաձայնագրում ակնարկվում է այլ ձեռնարկությունների շուրջ համաձայնության գալու հնարավորությունը, թերեւս, իբրեւ պահեստային տարբերակ: Միաժամանակ, երկիմաստ է նաեւ ՀՀ էներգետիկայի նախարարության տրամադրած տեղեկությունը, ըստ որի, միջուկային վառելիքը Հայաստան կներկրվի, երբ ռուսական կողմն ավարտի «ներքին ընթացակարգային ձեւակերպումները»: Իսկ դրանք կտեւեն 12-15 օր: Նկատենք, որ ճիշտ նույն ժամանակահատվածում էլ նախատեսվում է ՌԴ նախագահի այցը Երեւան: Եթե հիշենք նաեւ, որ ՌԴ փոխվարչապետ Ի.Կլեբանովի՝ Երեւան կատարած այցի ժամանակ արած այն հայտարարությունը, թե Ռուսաստանն անպայմանորեն մասնակցելու է Հայաստանի ԲԷՑ-երի մասնավորեցման գործընթացին, ապա կարելի է ենթադրել, որ Քոչարյան-Պուտին բանակցություններից է կախված միջուկային վառելիքի, ինչու չէ, նաեւ զեղչ գներով գազի տրամադրումը Հայաստանին: Ռուսական կողմը Հայաստանին թպրտալու ոչ մի շանս, կարծես, չի թողնում ու թվում է՝ իշխանությունները ՌԴ նախագահի առաջիկա այցի ժամանակ «կապիտուլյացիայի» են ենթարկվելու: Թերեւս, հենց այդպես էլ կլիներ, եթե միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից սպառնալիքը պակաս վտանգավոր լիներ Հայաստանի համար: Հայտնի է, որ վերջիններս կտրականապես դեմ են՝ տուրք տալ ռուսական կողմի պահանջներին: Ավելին, նրանք իրենց հերթին սպառնում են Հայաստանին զրկել իրենց ֆինանսական աջակցությունից: Դժվար է միանշանակ կանխատեսել, թե Հայաստանի իշխանություններն ինչպես կլուծեն այդ դիլեման, ուստի պետք է համբերատար սպասել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ