Լրահոս
Օրվա լրահոսը

Զանգվածային արտագաղթ. ո՞վ է մեղավոր

Սեպտեմբեր 01,2001 00:00

Զանգվածային արտագաղթ. ո՞վ է մեղավոր Հայաստանի եւ արտագաղթի խնդրի վերաբերյալ Հյու Փոուփի հոդվածը («Վերջապես պետություն դարձած Հայաստանը ժողովրդի պակաս ունի. բնակչության անկումը՝ աշխարհի ամենավատթարներից. «Ես կմեկնեմ ցանկացած տեղ», Wall Street Journal International, հուլիսի 6) ընդգծում է ՀՀ-ի, նրա ժողովրդի ու քաղաքականաստեղծների համար ռազմավարական նշանակության տագնապահարույց մի երեւույթ։ Ակնհայտորեն դիպուկ հրապարակումը, սակայն, չի արտացոլում այն լրագրական համապարփակությունը, որն ակնկալում էինք ճանաչված հեղինակից։ Հայ ազգը՝ դարերի ընթացքում ենթարկվելով նվաճման, ցեղասպանության ու մասնատման, դառն անցյալի ժառանգությունից վերջերս ստացել է ամուր, ժողովրդավարական, ինքնիշխան պետություն դարբնելու եւս մի հնարավորություն։ Զարգացման մի շարք դրական ցուցանիշներով հանդերձ, արտաքին այնպիսի իրողություններ, ինչպիսիք են ռազմական հակամարտությունը, շրջափակումներն ու փակ սահմանները, զուգակցելով ղեկավարության լուրջ թերացումներին, հանգեցրել են հասարակական հավատի ու վստահության ճգնաժամի։ Զանգվածային արտագաղթը խթանող քաղաքական, սոցիալ-տնտեսական ու հոգեբանական ենթապայմանները պատճառ են նաեւ անկախ Հայաստանի առաջին տասնամյակի խառը «հաշվեկշռին»։ Օսմանյան կառավարության երիտթուրք առաջնորդները պատասխանատու էին 1915թ. Հայոց մեծ սեփականազրկման համար, որն ընդգրկում է ցեղասպանության ոճրի բոլոր բաղադրիչները, հայերի պատմական հայրենիքի ավերումը եւ միլիոնավոր մարդկային կյանքերի վերջնական բռնաջնջումը։ Արդի Ադրբեջանը պատասխանատու է Ղարաբաղի հայկական լեռնաշխարհի դեմ նախահարձակ պատերազմ սանձազերծելու եւ ապա պարտություն կրելու համար։ Ոճրագործները դժբախտաբար խուսափում են պատասխանատվություն ստանձնելուց, սակայն թերեւս ի վերջո հասունանան՝ իրենք իրենց եւ իրենց պատմությանը դեմհանդիման գալու համար։ Այնուամենայնիվ, մի հարց դեռեւս առկախ է՝ ո՞վ պետք է պատասխան տա վերջին 10 տարիների ընթացքում ավելի քան մեկ միլիոն քաղաքացիների իրենց իսկ երկրից՝ Հայաստանի Հանրապետությունից հեռանալու համար։ Այս հարցում նրանց շահագրգռությունը մի կողմ՝ ոչ Թուրքիան կամ Ադրբեջանը, ոչ Ռուսաստանը եւ ոչ էլ ԱՄՆ-ը։ Սույն խնդիրն ու նրա լուծումը պետք է փնտրել ներսում։ Այո՛, մեղավորը մենք ենք։ Եվ հակառակ պրն Փոուփի հոդվածի գերիշխող տրամադրությանը՝ Հայաստանն ու նրա ժողովուրդը կարող են եւ կարգի կբերե՛ն իրենց տունը, կհաստատե՛ն օրենքի իշխանություն, կլիազորագրե՛ն հանրության քաղաքացիական մարմինը, կձեւավորեն հաշվետու կառավարություն։ Նրանք քաջություն ու հաստատակամություն կունենան իրերն իրենց անունով կոչելու եւ կշրջեն արտագաղթի հոսանքը։ Սրա համար հայերն ու իրենց երկիրը պետք է կարողանան պաշտպանել սեփական իրավունքները՝ չարակամ հարեւանների եւ նրանց օրինազանցությունների հանդեպ եւ միաժամանակ կատարել քննադատական ներհայեցողություն՝ դիմակայելու, հետո նաեւ դիմադարձելու համար ժամանակակից բազում մրցահրավերները՝ թե արտաքին եւ թե ներքին։ ՐԱՖՖԻ Կ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ արտգործ. նախկին նախարար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել