ՊԵՏՔ Է ԸՆԴՀԱՆՐԱՆԱԼ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԿՈՆԿՐԵՏԱՆԱԼ «Եվրասիա» հիմնադրամի շրջանակներում երեկ շարունակվեց դեռեւս 2000թ. դեկտեմբերից սկսված «Ֆեմիդա» հասարակական կազմակերպության նախաձեռնած մամուլի համար կազմակերպված հերթական մոնիտորինգը։ Այս անգամ «Ֆեմիդայի» հյուրերն էին արդարադատության խորհրդի անդամ Ռոբերտ Ավագյանը եւ ԳԱԱ-ի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի հայցող, ինչպես նաեւ՝ քրեական եւ զինվորական գործերի վերաքննիչ դատարանի նախագահի օգնական Ռաֆիկ Մելքոնյանը։ Ծավալված քննարկման ժամանակ Ռաֆիկ Մելքոնյանը, մեծապես կարեւորելով լրատվամիջոցների դերն ու նշանակությունը, ինչպես նաեւ՝ օբյեկտիվ մոտեցումները, շեշտեց, որ դատական մամուլի դիտարկման արդյունքում, ըստ հրապարակումներում արծարծված իրավական հարցերի, դրանք մասնավորապես վերաբերում են «Հոկտեմբերի 27»-ի գործով համաներման մասին որոշումը կիրառելուն, ինչպես նաեւ նոր՝ դեռեւս նախագծային, քրեական օրենսգրքում մահապատիժը նախատեսելուն եւ մահապատիժը վերացնելուն։ «Համաներման ակտի կիրառմանը լրատվամիջոցները հատկապես ուշադրություն են դարձնում այն հարցին, թե ինչքանով է արդարացի ՀՀ քրօրենսգրքի 84 հոդվածով մեղադրվող ամբաստանյալի նկատմամբ համաներում կիրառելը»,- ասաց պրն Մելքոնյանը։ Որպես օրինակ նա ներկայացրեց «Առավոտի» 22.06.2001թ. հրապարակումը, որտեղ «միանշանակ կասկածի տակ է առնվում 84 հոդվածով ամբաստանյալի նկատմամբ համաներում կիրառելը եւ այն մասին, որ զենքը պահված է եղել եւ փոխանցվել հանցագործությունը կատարողներին», որը, ըստ նրա, խոսում է ոչ թե առնչականության, այլ հանցակցության մասին։ Ա. Դ.