TIR ԳՐՔՈՒՅԿԸ՝ ԵՐԱՇԽԱՎՈՐ Օրերս TIR համակարգով իրագործվեց հանրապետությունում առաջին միջազգային բեռնափոխադրումը։ TIR-ով փոխադրման առավելությունն այն է, որ բեռը սահմանված չափով բարձվելուց, ստուգվելուց եւ մաքսային վարչության կողմից կնքվելուց հետո ճանապարհային լրացուցիչ ստուգում չի անցնում։ Այն նաեւ երաշխավորված է անգլիական խոշոր ապահովագրական ընկերությունների կողմից։ Մեր հանրապետությունում TIR փոխադրագրքույկները հատկացնում է «Հայաստանի միջազգային փոխադրումների միություն» կազմակերպությունը։ Միությունը TIR գրքույկի հատկացման ժամանակ փոխադրողին է հրամցնում անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը եւ տալիս անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն։ Առաջին բեռնափոխադրող «Իվեկո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վահան Խուրշուդյանի ներկայացմամբ, փոխադրումներ իրականացնելով 1996 թվականից, տասնյակ անգամ գնացել է Երեւան-Մոսկվա երթուղով, որի ընթացքում վառելիքի եւ ճանապարհային ծախսերին գումարվել է բազմաթիվ «չնախատեսված» ծախսեր, որը յուրաքանչյուր երթին մոտ 4 հազար դոլար է կազմել, մինչդեռ TIR գրքույկով փոխադրման ժամանակ ծախսվել է ընդամենը 1300 դոլար։ Անհատ ձեռներեցի խոսքերով, «հենց տեսնում են TIR գրքույկը, էլ փող չեն ուզում, ասում են՝ գնա»։ Ու քանի որ ճանապարհին անհարկի «զադերժկաներ» չեն լինում, ուստի վարորդը պահպանում է անվտանգության կանոնները, մասնավորապես, բեռը ժամանակին տեղ հասցնելու համար չի բարձրացնում մեքենայի շարժման արագությունը կամ չի վարում այն իր հանգստի հաշվին։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ