Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԱՏ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ՈՒՆԵՆՔ»

Սեպտեմբեր 01,2001 00:00

«ՇԱՏ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ՈՒՆԵՆՔ» Որպես կանոն, մայրաքաղաքի ամեն մի շուկա գործում է ըստ կանոնակարգի, այսինքն՝ տվյալ տոնավաճառի կամ շուկայի համար ընտրվում է համապատասխան վայր, գանձվում են սահմանված վճարներ։ Սակայն «Առավոտի» ուսումնասիրություններից պարզ դարձավ, որ շաբաթ-կիրակի օրերին վերնիսաժի հարեւանությամբ գտնվող շների շուկան հարմար չէ ոչ միայն սանիտարահիգիենիկ տեսանկյունից, այլեւ գործում է անօրինականորեն։ Այդ առիթով պարզաբանումների համար դիմեցինք քաղաքապետարանի առեւտրի վարչության պետի տեղակալ Սամվել Եգանյանին։ Չնայած պարոն Եգանյանը նույնպես գտնում էր, որ այդ տեղն իսկապես այնքան էլ հարմար չէ կենդանիների վաճառքի համար, սակայն այս հարցին սպառիչ պատասխան ստանալու համար խորհուրդ տվեց դիմել Երեւանի Կենտրոն թաղապետարան, ասաց, որ դա նրանց տարածքն է եւ նրանք են պարտավոր այդ հարցը կանոնակարգել։ Պարոն Եգանյանը բացի իր տված խորհրդից, վերջում նաեւ ավելացրեց, որ դա ընդամենը հարցերից մեկն է, այդպիսի հարցեր հազար հատ կան Կենտրոն թաղապետարանի առջեւ դրված, մենք չմտածենք, որ սա հենց ամենակարեւոր հարցն է, եւ թաղապետարանը առավոտից իրիկուն չգիտի ինչ անի, ոնց անի, որ այդ շների հարցը լուծի։ «Ամեն ինչ շներով չի սկսվում եւ շներով չի վերջանում, մենք ուրիշ շատ գլխացավանքներ ունենք»,- ասաց նա։ Իսկ Կենտրոն թաղապետարանի առեւտրի բաժնի պետ Հակոբ Գրիգորյանը նախապես տեղյակ լինելով բարձրացվող հարցին, մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց, որ առաջիկա շաբաթ, կիրակի օրերը շուկան էլ չի լինի։ Նրա խոսքերով, այն կտեղափոխվի Զեյթուն թաղամասում գործող կենդանիների շուկա։ «Առավոտն» այսօր կհետեւի, թե արդյոք խոստումը կատարվե՞ց։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել