ՏԱՐԱՐԱՑԻՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ Տարարացիներն ապրում են Տարարա լեռան շուրջն՝ արդեն երկար դարեր: Դա նրանց իրավունք է տալիս մտածելու, թե լեռն իրենց է պատկանում: Տարարան ամենուր է՝ նրանց դրոշին, նամականիշերին, դրամին եւ ազգային օրհներգում: Իմիջիայլոց, նրանց երեխաները ծնվում են հետույքի վրա կապտավուն հետքով, որ շրջված V-ի տեսք ունի: Դա նրա նշա՛նն է: Երբ տարարացին գլուխը բարձրացնում է՝ աչքերն անպայման դեմ են առնում Տարարային. նա ապրում է այդ վեհ բնապատկերի մոլուցքով: Եվ հույների նման, որ իրենց տները շրջում են ծովի կողմը, տարարացիներն ապրում են իրենց հողին, բայց՝ աչքները դեպի Տարարան: Տարարան տարել է նրանց խելքը, լեռը նրանց Մեքքան է, Տիրոջ Գերեզմանը, Արտասուքի պատն ու վերին Երուսաղեմը: (Եթե տարարացիներին հանդիմանեն, թե կռապաշտ են, կառարկեն, թե լուսինը պատկերված է շատ ժողովուրդների դրոշների վրա, չնայած նրանց չի պատկանում: Ինչո՞ւ, ուրեմն, իրենք պիտի բացառիկ իրավունք չունենային այս լեռան նկատմամբ): Բայց՝ ահավասիկ: Տարարացիներն այսօր դժբախտ են. նրանց զրկել են իրենց սիրելի սարից: Դա տարարացիների պատմության ակնառու ողբերգությունն է: Նրանց կոտորել են, զրկել սեփական հողից, իսկ Տարարա լեռն էլ (անշնորհակալ մեկը) մնացել է դահիճների մոտ: Եվ երբ վերապրածներին երեւում է Տարարան, որ սահմանի մյուս կողմն է, նրանք լեռը կարմիր են տեսնում: Գիշերներն անցկացնում են մղձավանջի մեջ, ցերեկները՝ քաղաքական քննարկումներում: Եվ սերունդներ են հանգչում՝ հաջորդներին թողնելով իրենց ցավը հավերժացնելու հոգսը կամ էլ լուծում գտնելու պարտականությունը: Տարարացի երեխան հորից Վրեժ անունն է ստանում: Մի ամբողջ ծրագիր: Տարարացիները մյուս տարարացիներին սիրում են չափավոր, քանի դեռ մյուսի մեջ տեսնում են իրենց կրկնակին, իրենց նմանատիպը: Երկու տարարացի իրար հետ խոսելիս գործածում են մի ծածկագիր, որը հիմնված է Տարարայի հավերժ եւ անվիճելի պաշտամունքի վրա: Յուրաքանչյուրը չափում է մյուսի տարարայություն արտադրելու եւ վերարտադրելու կարողությունը: Տարարացիներն իրենց միտքն արբեցնում են տարարայական հիշողությամբ: Միմետիզմի եւ կրկնության մեջ ապրող ժողովուրդ են: Ես նման եմ, ուրեմն ես գոյություն ունեմ: Մշակութային պանուրգիզմ: Մինչդեռ տարարացիներին գերագույն հաճույք է պատճառում մեծ խմբերով հավաքվել փողոցներում կամ հանրային հրապարակներում եւ Տարարայի պաշտպանության կամ փառաբանման համար ցույցեր կազմակերպել: Այդժամ նրանք գոյություն ունեն: Տարարան ընդունման կամ բացառման չափանիշ է: Եվ դա այն աստիճանի, որ անհնար է պատկերացնել: Մեկը մյուսին նրանք չափում են ճշմարիտ տարարիզմի չափանիշներով: Մնացած ամեն ինչը մտքի անընդունելի շեղում է: Բայց հակառակը եւս հավասարապես ճիշտ է: Հոգու խորքում տարարացիներն ատում են տարարացիներին: Խանդում են իրար, փախչում իրարից, սպանում: Բոլոր տարարացիները չէ , որ ապրում են Տարարիայում: Ոմանք լքել են անիծյալ հողերը Մեծ աղետից հետո (ինչը կրկնակի ուրախացնում է նրանց դահիճներին): Այսօր տարարացիները բույն են դրել աշխարհի բոլոր երկրներում: Երբեմն զարմանում ես՝ նրանց հանդիպելով այնտեղ, որտեղ երբեւէ չէիր սպասի տեսնել: Համոզվելու համար մի օր Գոբի անապատում մի քար բարձրացրի եւ քիթ քթի առա մի տարարացու հետ, որն այդտեղ պատսպարվել էր շոգից: (Իր անցքի խորքում կուչ եկած՝ նա նման էր տրորված ու գրեթե չորացած թրիքի: Սկզբում ինձ թվաց, թե սաղմի դիրք ընդունած յոգ է: Իրականում նրա եռագույն (կապույտ, կարմիր, նարնջագույն, ինչպես որ մի դրոշի վրա է) հյուսկեն բերետի տակ ճանաչեցի Ֆիդա Պերանին (տարարա-տխեղծ, այսինքն՝ տարարայական, տխ – տխուր եւ եղծ – բազմաստեղծ նկարչին): Այնպես որ, երբ որեւէ տարարացի մեկնում է արտասահման, կարող է վստահ լինել, որ իրեն մի քիչ կզգա ինչպես հարազատ տանը՝ այնտեղ գտնելով իր եղբայրներին: Դրանք պատից այն կողմ ապրող տարարացիներն են, ում սովորաբար կոչում են Տարասփյուռ կամ սփյուռքի տարարացիներ, որոնք աշնանը մի անգամ թափվելով սարից, ծածկել են աշխարհի գետինը: Բայց Տարարիայում դեռ աշունը շարունակվում է, շատերն են մեկնում՝ քամուց քշվելով, որ գիշերները մահու չափ հաչեն՝ Տարարիայից հեռու: Ներկա պահին էլ տարարացիները վերջնականապես լքում են Տարարիան: Այդպիսիների թիվն ամսեամիս աճում է: Շատերը տարիներ առաջ իրենց հյուրընկալած երկիրը լքել էին, որ ապրեն Տարարիայում տարարացիների հետ: Բայց բնիկ տարարացիներն անընդհատ ստորացրին նրանց, այս «եղբայրներին»: Եթե գոհ չես, վերադարձիր այնտեղ, որտեղից եկել ես: Այնպես որ, այսօր, երբ բաժակն արդեն լիքն է, «եղբայրները» բաժանվում են այն տարարացիներից, որ հիմար բաղձանքն ունեն միայն իրար մեջ ապրելու ու իրար սիրելու: Բայց բոլոր տարարացիները քեն են քշում այս դասալիքների դեմ: Առաջինը դրանից բողոքում են նրանք, ովքեր արդեն լքել են նավը կամ նրանք, որ երբեւէ չեն էլ փորձել թիավարել, քանի որ միշտ ապրել են Տարարիայից դուրս: Այն պահին, երբ «փրկվեք, ով կարող է»-ն է մոլեգնում Տարարիայում, որտեղից ամեն ամիս երկու հազար մարդ է տարագրվում, երբ դրսի ոչ մի տարարացի չի պատրաստվում հաստատվել երկրում, որոշ մարդիկ հողեր են պահանջում, որքան հնարավոր է ավելի բարձր գոռալով. «յան, յան, յան»: Յուրաքանչյուր իրեն հարգող տարարացու կյանքի իմաստը կորուսյալ հողերը պահանջելն է: Սա միակ հավատո հանգամանքն է, կարիճը, որն իր պոչն է խածում: Մնում է միայն իմանալ, թե արդյո՞ք այս հողերը վերագրավվելուց հետո կարող են նորից կորսվել: Այդ դեպքում նորից պետք կլինի վերսկսել պայքարը: Եվ այսպես՝ մինչեւ աշխարհի վերջը8230 Ի դեպ՝ Տարարիայի պատմությունը, եթե նրան նայես որոշ բարձրությունից, ցույց է տալիս, որ նրա սահմանները սարսափելի շարժուն էին դարձել: Որոշ դարերի ընթացքում նույնիսկ լրիվ անհետացել են: Ի՞նչ է առաջարկում տարարացի փիլիսոփան տարարացուն: Լինել եւ մնալ տարարացի: Ի՞նչ է առաջարկում տարարացի բանաստեղծը տարարացուն: Լինել եւ մնալ տարարացի: Ի՞նչ է առաջարկում տարարացի կրոնավորը տարարացուն: Լինել եւ մնալ տարարացի: Գուցե Թորոսը սա՞ էր ուզում հասկացնել, երբ ասում էր. Մեր փիլիսոփաները փիլիսոփայությամբ են զբաղված, բայց փիլիսոփաներ չեն: Մեր պոետները պոեզիայով են զբաղված, բայց պոետներ չեն: Մեր կրոնավորները զբաղված են իրենց կրոնով, բայց զուրկ են միստիցիզմի զգացումից: Տարարացի գրողները դիմում են տարարացիներին, որպեսզի զարգացնեն նրանց տարարայնությունը: Նրանք հազվադեպ են շեղվում այս ծրագրից: Տարարայական ամեն ձայն մի վարիացիա է Տարարիայի թեմայով: Տարարացիները քիչ ունեն սկանդալային գրողներ: Նրանց գրողներն իրենք վախենում են սկանդալից: Մեկը մյուսին լռելյայն համոզում իրար նման հաչել: Այս պայմաններում գրողը դառնում է վախկոտ, անտարբեր կամ դեմագոգ: Իսկ ժողովուրդը տեղից չի շարժվում: Տարարացիներին հասկանալու համար պետք է ծանոթ լինել երկու թվին: Աշխարհի ոչ մի ուրիշ ժողովուրդ այդքան չի կիրառում բաժանումը, այսինքն՝ երկու ոչ դիալեկտիկական եզրերի հակադրումը: Պետք է ենթադրել, որ սա է նրա գոյության եւ միասնականության միակ եղանակը: (Արդեն ասել եմ, որ տարարացին դիմացինի մեջ փնտրում է իր կրկնօրինակին, որպես տարարայականության նմուշ: Հենց հանուն կրքոտ տարարայնության է, որ տարարացին կմերժի մի ուրիշ տարարացու, որն իրենից տարբեր տեսակետներ կունենա): Ինչպես արդեն պարզ դարձավ՝ աշխարհում երկու վայր կա, որտեղ տարարացիներ են ապրում. Տարարիան եւ մնացած աշխարհը: Երկու հայրենիք ունեն վերջին հաշվով: Այս իրավիճակն իր համապատասխան հետեւանքներն է թողել. տարարացիները երկու լեզվով են խոսում, երկու առաջնորդ՝ մի եկեղեցուն, երկու քաղաքական կուսակցություն (կողմերն ու դեմերը), ախ քաշելու երկու եղանակ, անդրավարտիքի երկու գրպան, երկու ականջ (մեկը լսելու, մյուսը՝ խուլ ձեւանալու համար), ֆուտբոլի երկու թիմ (չնայած այս մի բանից գուցե երեքն ունեն), երկու գետ (որոնք Տարարիայում երբեք չեն միախառնվում իրար), հակադիր երկու ճանապարհ նույն ավտոմայրուղիներում, երկու ձեռք (մեկը բարեւելու, մյուսը…), ավտոբուսի երկու մուտք, որ նաեւ ելքեր են եւ այլն…8230Հա, քիչ էր մնում մոռանայի՝ նրանք ուղեղի երկու կիսագունդ ունեն (որով ամեն ինչ բացատրվում է): Տարարա լեռը երկու գագաթ ունեցող լեռ է. արժե՞ր այս երկգլխանիության մեջ տեսնել այն նմուշը, որին հարմարվում է յուրաքանչյուր տարարացի: Բայց ես դրան չեմ գնա: Երբ տարարացին մկրտում է երեխային, նրան Աստծո զավակ չի դարձնում, այլ ՝ տարարացի: Տարարացիներն անցյալի այնպիսի պաշտամունք ունեն, որ ի վերջո անընդհատ վերարտադրում են այն: Նրանք գիր ունեն, բայց միտքն են կորցրել: Միակ տարարացիները, ովքեր Տարարիան պաշտպանում են, նրանք են, որ վրան են հարձակվում: (Բայց նրանք շատ արագ չեզոքացվում են. հալածվելով, կլլվելով կամ էլ պարզապես կղկղակոծվելով): Տարարան աշխարհի ծայրն է: Գագաթ… Անսահմանության ցուցիչ, ճիշտ է, բայց անսահմանության համեմատ շատ փոքր: Տարարան լեռ չէ: Այն ջրապտույտ է, ծուղակ, շնորհի եւ ճակատագրականության իդեալ: Տարարացիները նմանակում են, նմանեցնում իրենք իրենց, ինքնակրկնօրինակում, վերարտադրում նույնը… Իսկ հորինել գիտե՞ն: Խոսում են ցեղասպանությունից: Ոչ թե մահվանից: «Նեկրո-մշակութային պաթոսի չեմպիոններ» են (Ժ.Բ.): Իրականում մահը նրանց չի հետաքրքրում: Միայն այսկողմնայինը գոյություն ունի: Պատմությունը: Ո՞վ է ավելի առաջ եւ ով՝ հետո: Նրանց կյանքը՝ պատմության մեջ, պատմության դագաղի: Նրանց կյանքն իրենց սահմանների պատմությունն է: Այդ սահմանների դագաղի մեջ: Տարարացիները զգում են, մինչդեռ կարծում են, թե մտածում են: Սա է նրանց ինտելեկտուալների դրաման, այն մարդկանց, ովքեր իսկապես մտածում են: Արդյո՞ք իրենց անգիտության զոհերն են: Բանտված սեփական ինքնապատկերման շրջանակում, տարարացիներն իրենց համարում են անուղղելի նահատակներ: Տարարացիները երկու172երեք օրը մեկ են սափրվում: Մորուք պահելը սգի նշան է, բայց՝ նաեւ իրար ճանաչելու: Դրան գումարվում են նաեւ սեւ հագուստները, երբ որեւէ առիթ չկա: Լալկաններ: Կարծես թե նրանք են, որ կան աշխարհի միամիտը: Համոզվելու համար մի օր հագուկապի մասին հարցրի Ջանրու Մհերդադին՝ նկատի ունենալով, որ ինքն այս համազգեստը կրողների նախատիպերից էր, արտաքինն էլ ենթադրել էր տալիս համապատասխան ներքինի առկայությունը եւ՝ այդպես շարունակ: Նա հայտարարեց, որ ինքն ապրում է պերմանենտ սգի վիճակում, ինչպես հեղափոխական իրավիճակն է գաղափարական նույն տեւողությունն ունենում: Ինձ անհանգստություն պատճառեց այն, որ նրա մազախռիվն արագ ճերմակում էր, եւ իրեն մասնակից դարձրի անհանգստությանս: Ամեն ինչ շատ պարզ է, պատասխանեց ինձ նա, երբ մազերս շատ ճերմակեն՝ սեւ զգեստներս սպիտակներով կփոխեմ: Եվ ամեն ինչ իր տեղը կընկնի: Իսկապես, Ասիայի որոշ երկրներում սպիտակը սգի նշան է: Բայց շուտ է կեղտոտվում: Այն ժամանակից ի վեր, երբ Տարարան մարել է իր կրակը, այն ժամանակից ի վեր, երբ սառել է (սպասելով, որ մի օր անակնկալ կհալվի հին երկրի վրա՝ որպես սեփական շքեղության ինքնասպան պատկերամարտիկ), տարարացիները, որպես իրենց լեռան արժանի զավակներ, սնվում են հրդեհային ճաշացանկով՝ սնուցելու համար իրենց պաշտամունքը, կծու համեմված մսեր, կրակի ջուր, որ խմում են մեծ բաժակներով, որպես իրենց մշակութային ջուրը՝ դեմքը ծամածռելով նախ գործադրված ջանքից, հետո՝ թեթեւացած, քացախի մեջ թաթախված ամեն տիպի բանջարեղեն՝ եւ8230 էլ չասեմ՝ ինչեր: Տարարացիները մսակերներ են, այլ կերպ ասած՝ սպանդագործներ: Բացահայտ մորթագործներ են, մսագործներ, որ աշխատում են առանց կեղծավորության, քանի որ չեն թաքցնում հյուրերի աչքից այն կենդանուն, որին մեռցնելու եւ մատուցելու են խնջույքին: Իմիջիայլոց, կենդանին չի մեռնում, սատկում է: Մեռնելը մարդկանց առանձնաշնորհն է: Ահա թե ինչու, տարարացու մտքով չի անցել իր գոյության օրվանից, թե կենդանին կարող է տանջվել: Երբեք տարարացին չի հասնի դրա գիտակցությանը, չի ընկալի ուրիշ կյանքի իմաստը: Տարարիայում ոչխարների ջարդը գագաթնակետին է հասնում լավ եղանակի գալստյան հետ՝ ապրիլին: Եկեղեցիների ու մենաստանների մոտակայքում էլ հատուկ վայրեր կան նախատեսված այս ծեսի համար. քարերը կարմիր են արյունից, իսկ կանաչ ճանճերը երկաթյա ստամոքսներով իրենց գործն են տեսնում աղբանոցներում լեշի մնացորդների վրա: Դուք խոսում եք, բայց իսկական խնջույք է արեւի տակ հատկապես այն բախտավոր օրերին, երբ Տարարան երեւում է ճերմակ ու սուր, ասես ժանիք: Մատաղը տարարայական կրոնի անբաժան մասն է: Տարարացիները՝ այդ աղջամուղջային մթամածները, որ օժտված են աղոտ հիշողությամբ, սիրում են սրբությունը նույնացնել մեծ խժռումի հետ, իսկ Գառան երկրպագությունը՝ ոչխար լափելու: Կենդանուն նախ մասնատում են՝ մարդկային ագահ բերանի չափով, հետո մսակտորը թաթախում կարմիր պղպեղի ու սոխի մեջ եւ այդ ամենը հանձնում կրակին, որ տարարայական խաղողի վազերով սնուցվում է, ինչպես որ հարկն է: Այդժամ, փորը ուռած իրար հաջորդած գարեջրերից, փքված՝ եղբոր կենացի գոլորշիներից ու զավեշտից, ամեն տիպի բառային լավաներ ու մնացուկներ արտաթորող բերանով՝ տարարացին հասնում է իր գազարտադրության նիրվանային: Մեկ էլ կարող է նույնիսկ դոնդողային պարեր պարել կամ թոշնած երգեր երգել կարոտագին բլյուզի հնչյունների տակ, որ կատարվում է բարակաձայն թմբուկով եւ ռնգախոս դուդուկով, որ երկրի տիպական գործիքներից են: Տարարացին այնքան է սովորել ատամները խրել իր մսի մեջ, որ նեղության ժամանակներում նրա հայացքն ուղղվում է դեպի կենդանաբանական այգի, այնպիսի ընչասեր հայացք, որ աչքը դուրս է պրծնում, ու թուքը վազում է: Ինչ-որ մի տարի նույնիսկ տեսել են, թե ինչպես վայրի գազանի տեսքով մարդիկ պտտվում էին վանդակների շուրջը: Ֆրիդա շիմպանզեն եւ Ռուժան սեւ արջը՝ Տարարիայի հատկանշական աքսորյալները, փրկվել են դեռեւս: Բայց կոմունիզմի մայրամուտի եւ անարխիաների արշալույսի հետ նրանք դողում են իրենց ճաղերը դողացնելու աստիճան: Բայց ես նրանց պատկերացնում եմ որպես գեղեցիկ կտորաշար՝ կարմիր պղպեղով համեմված, թարմ սոխով, տեղական համեմունքներով օծված մարմանդ կրակի վրա խանձվելիս, հետո սիրով մանրացվելիս տարարայական ծնոտի կողմից: Իսկապես, ի՜նչ խաղաղեցման կհանգեցներ դա: Եվ ինչպիսի մարսողական կերպափոխությունների ականատեսը կդառնային մեր երկու ցուցադրական նմուշները որեւէ քաղցած մարդ-եղբոր փորում: ԴԵՆԻ ԴՈՆԻԿՅԱՆ Ֆրանսերենից թարգմանեց ՆՈՒՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ