Լրահոս
Օրվա լրահոսը

Թենիսի ԱՄՆ բաց առաջնության մեկնարկային փուլում համընդհանուր ճանաչում ունեցող «աստղերը» հարկադրված են

Սեպտեմբեր 01,2001 00:00

«US Open»-ում հաղթանակները հեշտ չեն տրվում Թենիսի ԱՄՆ բաց առաջնության մեկնարկային փուլում համընդհանուր ճանաչում ունեցող «աստղերը» հարկադրված են բարդ խնդիրներ լուծել։ Թվում էր, թե համեմատաբար թույլ մրցակիցներն ի վիճակի չեն լինի արժանի դիմադրություն ցույց տալ նրանց։ Սակայն առաջին իսկ հանդիպումներն ապացուցեցին հակառակը։ Վերջիները թեեւ գերազանցապես տանուլ տվեցին, սակայն նրանց մղած անզիջում պայքարը պարզապես հիացրեց բոլորին։ Այսպես, «US Open»-ի ներկայիս գործող չեմպիոն Մարատ Սաֆինը (Ռուսաստան) երկրորդ շրջանում հարկադրված էր շատ ջանքեր գործադրել Խորվաթիայի ներկայացուցիչ Իվան Լյուբիչիչի դիմադրությունը կոտրելու համար։ Սաֆինը, որ այստեղ իր վարկանիշով երրորդն է, հաղթեց 7։6 (7։5), 6։7 (2։7), 7։6 (7։5), 7։6 (7։5) հաշվով։ Եվ դրա համար նրանից պահանջվեց 3 ժամ 27 րոպե։ Ընդ որում, հանդիպման ելքը վճռեց ռուսաստանցու վերջին «էյս» արժողությամբ սկզբնահարվածը, երբ գնդակը սլացավ ժամում 218,9 կմ արագությամբ։ Անդրե Աղասին՝ մրցաշարի «երկրորդ ռակետը», համաշխարհային դասակարգման վարկանիշային աղյուսակում 86-րդ հորիզոնականը զբաղեցնող չիլիացի Նիկոլաս Մասուին ծնկի բերելու համար չարչարվեց 3 ժամ 20 րոպե։ Գրանցված հաշիվը՝ 6։7 (4։7), 6։4, 6։2, 7։6 (7։1), պարզ պատկերացում է տալիս, թե որքան դժվար է ձեռք բերվել հաղթանակը։ Երրորդ շրջանում Սաֆինն ուժերը չափելու է մարոկկացի Հիշամ Արազիի հետ, իսկ Աղասիի մրցակիցը լինելու է Ռամոն Դալգադոն (Պարագվայ)։ Սաֆինից եւ Աղասիից հետո հաջորդ փուլ անցավ նաեւ «US Open»-ի քառակի չեմպիոն ամերիկացի Փիթ Սամփրասը, որին նույնպես հաղթանակը հեշտ չտրվեց։ Սամփրասը 7։6 (7։4), 6։4, 6։3 հաշվով հանդիպումը շահեց Բրազիլիայի ներկայացուցիչ Անդրե Սաից եւ հաջորդ անգամ կորտում հանդիպելու է ռուսաստանցի Միխայիլ Յուժնիի հետ։ Երեկ տղամարդկանց մենախաղերում շարունակվում էին երկրորդ շրջանի խաղերը։ Դժվարին խնդիր ուներ լուծելու արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը, որը պետք է փորձեր հաջող քննություն բռնել փորձառու ֆրանսիացի Նիկոլյա Էսկյուդեի հետ պայքարում։ Ք. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել