ՄԻ՞ԹԵ ԱՌԻԹԸ ՁԵՌՔԻՑ ԲԱՑ ԹՈՂՆՎԵՑ «Երկրորդ համահայկական խաղերի» մասին, հավանաբար, դեռ էլի կխոսվի, տարբեր տեսանկյուններից կարվեն նոր վերլուծություններ, կտրվեն նոր գնահատականներ։ Ակնկալվում է, որ կազմկոմիտեն կհրավիրի ամփոփիչ մամուլի ասուլիս։ Իսկ մինչ այդ ցանկանում ենք խոսել մի խնդրի շուրջ, որը, մեր համոզմամբ, չափազանց կարեւոր դեր կարող է խաղալ հանրապետությունում ֆիզկուլտուրայի եւ սպորտի հետագա զարգացման, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի հեղինակությունը բարձրացնելու գործում։ Թեեւ «Խաղերի» կանոնադրությունը պահանջում է միայն սիրողական մակարդակի մարզիկների մասնակցություն, սակայն որոշ ձեւերում մարզիկ-մարզուհիների վարպետությունը բավականին բարձր էր ու ինչ-որ տեղ հիշեցնում էր միջազգային չափանիշները։ Օրինակ բերենք բասկետբոլը, հատկապես տղամարդկանց մրցաշարին մասնակցած Վալլեյի, Սոչիի, Գլենդելի, Լոս Անջելեսի, Երեւանի թիմերը։ Հավանաբար, նույն բանը (իհարկե՝ վերապահումներով) կարելի է ասել բասկետբոլիստուհիների մասին։ Հետաքրքիր է, այս եւ մյուս մարզաձեւերի ֆեդերացիաները, ակումբային, առավել եւս, հավաքական թիմերի մեր մարզիչները մասնագետի աչքով հետեւո՞ւմ էին աչքի ընկնող, մյուսներից առանձնացող մասնակիցներին, նոթատետրերում գրառումներ անո՞ւմ էին։ Տեսնես նրանց հետ բանակցելու փորձ արվե՞ց, որեւէ մեկի մտքով անցա՞վ գեթ մեկ մարզիկի հրավիրել Հայաստանի հավաքական։ Գիտենք, դա հեշտ չէ։ Դժվարին, տեւական նախապատրաստական ու կազմակերպչական աշխատանքներ են անհրաժեշտ, պետք է լուծել բազմաթիվ խնդիրներ։ Բայց երբեւէ առաջին գործնական քայլը պե՞տք է արվի։ Տրանսֆերային համակարգը վաղուց է գործում։ Հիշենք «Հատիսը», որի կազմի գրեթե կեսը Ռուսաստանից էր հրավիրված։ Եվ դա գրեթե երկու տասնամյակ առաջ էր։ Այսօր նույն համակարգն է գործում ֆուտբոլում։ Այդ ուղիով են սկսել շարժվել, ասենք, գեղասահքում, թիավարությունում… Ինչո՞ւ նույնը չանել բասկետբոլում, որ լավ ավանդույթներ է ունեցել մեզանում, մինիֆուտբոլում… Մանավանդ որ, մարզիկներն իրենց ոտքով են եկել քեզ մոտ ու ցուցադրում են իրենց բոլոր արժանիքները։ Ժամանակի ոգին ըմբռնած, մարզաձեւին, իր գործին նվիրված մարզիչը եզակի առիթը ձեռքից բաց չէր թողնի եւ գործի կանցներ։ Գրեթե համոզված եմ, որ եթե «Խաղերի» ընթացքում մարզիկների սելեկցիա (ընտրություն) կատարվեր, առաջարկվեր համալրել այս կամ այն տարիքային խմբի Հայաստանի հավաքականի կազմը, անպայման դրական պատասխան տվողներ կլինեին։ Ավելին, բացառված չէր լինի, որ տեղերում էլ կգտնվեին բարեգործներ, ովքեր ֆինանսական հարցերը ամբողջովին կամ մասամբ հոգալու պատրաստակամություն կհայտնեին։ Հիմնական ասելիքը կառուցեցինք բասկետբոլի վրա, որովհետեւ այս մարզաձեւում, իրոք, կային անհատականություններ ու պայքարն էլ դիտարժան էր ու անհաշտ։ Սակայն նույնը վերաբերում է նաեւ «Խաղերի» ծրագրում ընդգրկված մյուս մարզաձեւերին։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ